1
Դռները փակվեցին լուսամուտների ու երազների հետ:
Հեռացան ռազմիկները, դրախտապան մարդիկ:
Սավառնող ոգուց ստվեր չմնաց:-
Աճյունները ցնցված՝ պարզորոշ տեսան՝
հորիզոնն ինչպես լուծեց թափորը ձիգ:-
Գոցվեցին սահմանները, կոպերը երկրի:
Մարեցին կանչերն ու շշուկները վերջին:
Հադեսի դարպասը ճռինչով բացվեց կրնկի վրա:
2
Երկրաթող հոգի: Հոգեզմայլ երկիր:-
Ճգնակյացդ եղա կորած արևիդ տակ:
3
Հրակայուն է անունդ, ասես սկաֆանդր՝
թեժ ու բռնկուն տարածքների համար
և անօդ ու խավար ոլորտների:-
Ծվարել եմ ահա քո կանաչ անվան վանկերի մեջ,-
տաքուկ է, հերմետիկ:
4
Մերձ ու ներբնակ -
անմատչելի սակայն, անհասանելի,
կրակ-պարիսպներով զատված ու փակված,-
քո մարմինը հանեմ ներհակության վիհից,
մերժման գաղութից առևանգեմ քեզ -
իմ մեղայության պղինձ ճոպաններով,
իմ հրեղեն սիրո հմայությամբ:
02.04.2024
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ