Հիմա խեցու պես փակվել եմ իմ մեջ
ՈՒ արդեն խուլ եմ տնքում իմ ցավից,
Որ չխաթարի հոգուդ անդորրը
Հանկարծ մարմոքուն երգը հառաչիս:
Գիտեմ, հոգնել ես արդեն իմ լացից,
ՈՒզում ես արդեն ուրախ երգ լսել,
Բոլորի նման դու էլ ես ուզում
Քո բաժին կյանքը վայելքով լցնել:
Դու էլ ես ուզում կյանքդ վայելել,
Այսօրդ լցնել հաճույքի դողով,
Իսկ հարցը, թե մեզ վաղն ի՞նչ կբերի, -
Կխեղդես քաղցրիկ օրվա մրուրով:
Հիմա խեցու պես փակվել եմ իմ մեջ
Ու ցավից արդեն լուռ եմ գալարվում,
Իսկ գուցե դու էլ, նա էլ, - ո՞վ գիտի.
Ձեր խեցու մե՞ջ եք լռելյայն ցավում:
Լաուրա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
26.12.2023