Լռությունն իջել՝ նստել մայթերին,
Ջրափոսերում անձրևն է երգում,
Թրջված ու տխուր լռության վրա
Ամպը իր լացն է լու՜ռ նոտագրում:
Վեհերոտ քամին թառել է ծառին`
Անձրևի երգն է ունկնդրում,
Տերևը, որպես թաշկինակ դեղին՝
Քամու աչքերի արցունքն է սրբում:
Տերև է կաթում թաց խաշամին,
Խոնավ խաշամն էլ չի խշխշում,
Ընկնող տերևը խաշամի ունկին
Էլ ոչի՜նչ, ոչի՜նչ չի շշնջում։
Խաշամն անշշունջ հպվել է հողին՝
Ինչ-որ աղոթք է լուռ մրմնջում,
Լուռ գիրկն է առնում նոր տերևներին՝
Անտրտունջ` նորեն հողին փարվում։
Դատարկ պուրակի ամայության մեջ
Աշունը իր նոր հանդերձն է ձևում.
Ոսկին մաշելով դարչնագույնում՝
Իր զառ-զմրուխտն է հուշին խառնում։
Անձրևը լացում է իմ պատուհանին
ՈՒ իմ հոգին է անխոս թացում,
Հոգուս թախիծը՝ անհուն, անքնին
Խոհերիս համար կածան է բացում...
ԼԱՈՒՐԱ Ա.
21.10.2023