Թուրքին թվում է, թե Արցախն անուղղելի հաշմված արարած է և կարելի է ջարդել նրա մնացած ոսկորները:
Ռուսին թվում է, թե Արցախը որբ ու վտիտ երեխա է և կարելի է «անմեղ» օյիններ խաղալ նրա գլխին՝ մինչեւ կառնի իր պողպատ բռան մեջ:
Եվրո-ամերիկացուն թվում է՝ Արցախը անհույս մուրացկան է և նրան կարելի է սիրաշահել խոսքով ու մանրադրամով:
Հայ իշխանավորին թվում է՝ Արցախը ական է իր ոտքի տակ, նաև՝ անցյալի մնացուկ-կոշտուկ է և հարկ է նրան հատել Հայոց երկրից:
Արցախահային թվում է՝ հայրենի եզերքը դավադրության զոհ է և նրան հետապնդում են անգամ յուրային սինլքորները:
Հայ քաղքենուն թվում է՝ ինքն Արցախի հետ աղերսներ չունի և կարող է շրջվել նրա տառապանքից:
Դիտորդին թվում է՝ Արցախը պաշարված է խոր թշնամանքով և զուրկ է մարտնչելու կորովից ու կամքից:
Աշխարհին թվում է՝ Արցախը սեւ բիծ է իր կնճռոտ դեմքին և այն մաքրելի է Վերազգային օթյակի ացետոնով:
Աստծուն թվում է՝ Արցախը ջերմեռանդ չի պաշտում իրեն և նրա հավատը տարտղնված է ժամանակի նեխող ջրերի մեջ:
Պատկերն այդ հառնում է ինչպես կարմիր տեսիլք՝ արնալիք ջրերի վրա ծավալվող:
Իրականությունը ինքը տեսիլք է՝ մեր կյանքի ներսում չարագուշակ փռված: Ասում եմ կոչյալ կանխասացողի հեռատեսությամբ. մահամիրաժն այդ կչքանա անհետ, երբ Արցախը վերստին մռնչա այն ուժով, որ տրված է իրեն հարատևության ասպազեն որպես: Եվ այդու նրան դարձյալ կպատվեն ամեն թուրք ու ռուս, հայերը բոլոր, եվրո-ամերիկացին, աշխարհն ու Աստված:
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ