Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «Փառատոն» հասկացությունը մի վարկաբեկեք

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «Փառատոն» հասկացությունը մի վարկաբեկեք
26.09.2013 | 17:49

Մի՛ արեք, չի ստացվում, մի՛ արեք, մանավանդ որ Կոմիտասը ձեզ համար վարդապետ է։

Երեկ ստացվեց հերթական գույժը. «Կոմիտաս վարդապետ» փառատոն ենք անում։ Ամեն բան արժեզրկելու ազգային-ազատագրական մոլուցքով հասանք նաև հայոց մեծագույն հանճարին՝ Կոմիտասին:
Ե՞րբ պետք է հոմոսովետիկուսային մեր չինովնիկա-մտավորականության մնացուկները հասկանան, որ Կոմիտասը արժեհամակարգ է, Կոմիտասը համաշխարհային մշակութաբանական երևույթ է, Կոմիտասն այն հանճարն է, որի գոյությունը հայի ինքնության կոդն է, գոյաբանական բանաձևը, իսկ մենք հերթական անգամ, մեզ ի ցույց դնելու մարմաջով, մեր անգործությունը գործի վերածելու համառությամբ ու «շուստրիությամբ», ձեռքներս գցում ենք Կոմիտասին: Շատ էլ որ սեպտեմբերի 26-ը Կոմիտասի ծննդյան օրն է:
Կոմիտասյան փառատոն Հայաստանը շա՜տ վաղուց պիտի ունենար, բայց կոմիտասյան փառատոնը պիտի հզոր համապետական, համահայկական, համաշխարհային տոն լինի՝ պետության հզոր հովանին վրան: Եթե աշխարհի մեծագույն կատարողները չէին գալու Հայաստան ու Կոմիտաս չէին երգելու, եթե ամենամեծ հայ կատարողները չէին մեկտեղվելու Հայաստանում ու Կոմիտաս չէին երգելու, եթե աշխարհի հռչակավոր նվագախմբերը չէին գալու Հայաստան ու Կոմիտաս չէին նվագելու, եթե Կոմիտասն աշխարհով չէր արվելու, եթե Հայաստանը Կոմիտասով չէր շնչելու օրեր ու ամիսներ, եթե Կոմիտասի փառատոնի առաջ պետության ղեկավարներն ու Ամենայն հայոց կաթողիկոսները չէին խոնարհվելու, գերեզմանոց գնալու ու տխրաթախծոտ դեմքով ծաղիկ դնելուց նկարվելու ձեր մղումը փառատոնի մի վերածեք:
«Կոմիտաս վարդապետով» Կոմիտասի էությունը մի խեղաթյուրեք: Վարդապետներն էին, որ նվաստացրին Կոմիտասին, Կոմիտասին հալածեցին, ճզմեցին հոգին, Կոմիտասին մղեցին մի աշխարհ, որ իրենը չէր: Վարդապետներից էր փախչում Կոմիտասը, նրանց կղերական մտքից էր փախչում, նրանց կղերական հայացքից էր փախչում, իսկ դուք «Կոմիտաս վարդապետով» նրան կրկին խցկում եք վարդապետական սքեմում:
Կոմիտասը սև հագած, խելագարված, ծառերից կախված, սև սքեմով ծառերի տակ նստած, գունատ ու մարող հայացքով կղերականը չէ, որ ձեր հիշողություններում դաջվել է ձեր ժամանակվա դասագրքերից: Կոմիտասը կայտառ, զվարթ, հզոր, հումորի ներքին խոր զգացողությամբ, մեծ մտածող ու անանձնական հայ հանճարն է, ու Կոմիտասի հետ ազնիվ է պետք լինել, բացառիկ ազնիվ, մերկության աստիճանի ազնիվ, որը դուք չեք կարող:
«Կոմիտաս մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր: Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր և համեստ՝ ամենուն նկատմամբ: Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը: Բացի իր երաժշտական հանճարեն, քովնտի շնորհքներ ալ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան մը, որ ֆարսի մեջ ալ մեզ հայտնի էր: Վերին աստիճան սրամիտ, կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս… Ճեմարանի ուսուցիչներուն մեջ հայտնի ժողովրդական պարողն էր: Տղամարդկանց խիզախ, խրոխտ շորորեն, ծանր ճոճումներով և մարտական սուրով պարերեն մինչև շինական կանանց պարերը, իրենց ձայնի հարազատ ելևէջներով և մարմնի ու ձեռքերու նուրբ արտահայտություններով առհավետ անմոռանալի կմնան»: Սա Կոմիտասի մասին է: Մեծ հայն է գրել՝ Հրաչյա Աճառյանը, որ Կոմիտասին ընկեր լինելու բախտ է ունեցել:
«Սիրելի Յովհաննէս, Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ինչ է, որ մարդս նորանէն վախենայ, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբէրն իր ճտերով չէր կարող մուտք գործել»: Սա էլ Կոմիտասն է գրել հայոց մյուս հանճարին՝ Թումանյանին:
Գոնե Կոմիտասի գրվածքները կարդացեք, գոնե Կոմիտասի մասին կարդացեք, Կոմիտասի ժամանակակիցներին կարդացեք, Կոմիտասի հետ մտերիմ, Կոմիտասին զգացած, Կոմիտասին հասկացած հայոց մեծերին կարդացեք, գոնե Կոմիտասի ինքնանկարները տնտղեք ու ասեք, որտեղ եք տեսել Կոմիտաս Վարդապետին: Կոմիտասի «Սոնա յար»-ո՞ւմ ե՞ք տեսել, «Ծիրանի ծառ»-ո՞ւմ եք տեսել, «Չինար ես»-ո՞ւմ եք տեսել, «Շողեր ջան»-ո՞ւմ ե՞ք տեսել: Նույնիսկ «Անտունի»-ում չկա, նույնիսկ «Կանչե, կռունկ»-ում չկա, «Գարուն»-ում չկա, որովհետև վարդապետը Կոմիտասի ներսում չկար, որովհետև վարդապետը կոչում չէր աստիճան չէր: Վարդապետը Կոմիտասի պարագայում մտածողություն էր, հայացք էր, իսկ Կոմիտասն էդ մտածողությունում չկար, էդ հայացքը չուներ, իսկ դուք ասում եք՝ «Կոմիտաս վարդապետ»:
Եթե ձեր հեռուստաընկերությունների համար ինչ-որ մի չինացու քթի վիրահատությունն ավելի կարևոր է, քան Կոմիտասի ծննդյան օրը, ու եթե մեր մայրաքաղաք մտնող ճանապարհներին ոչ թե Կոմիտասի պայծառ դեմքն է, այլ Արմենչիկի թմբլիկ ուրվագիծը, «փառատոն» հասկացությունը մի՛ արժեզրկեք, առավել ևս, որ Կոմիտասը ձեզ համար վարդապետ է: Տպագրեք ձեր նկարազարդ գրքերը, շրջեք մի երկու մարզում, ձեր աշխատանքային զեկույցի «պտիչկան» դրեք, բայց «փառատոն» հասկացությունը մի՛ վարկաբեկեք։ Այն էլ՝ Կոմիտասով:

Դիտվել է՝ 3144

Մեկնաբանություններ