Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում հրեական պետությունը շատ կոշտ պատասխան կտա, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իսրայելը լայնածավալ պատերազմ չի ցանկանում: «Մենք հետևում ենք, որ թշնամիները գիտակցեն, որ մեզ վրա ցանկացած հարձակում կարժանանա այնպիսի պատասխանի, որը կստիպի նրանց զղջալ իրենց ագրեսիայի համար»,- ասել է Հանեգբին:               
 

Ամեն փաթիլ մի փաթիլաչափ սպիտակեցնում է տարվա ընթացքում կեղտոտված երկիրը

Ամեն փաթիլ մի փաթիլաչափ սպիտակեցնում է  տարվա ընթացքում կեղտոտված երկիրը
06.02.2024 | 07:38

Ձյունը շատ վերևից է գալիս։ Էդ բարձրության վրա երկինքը մաքուր-մաքուր է, որովհետև ոչ ծանր մտքերը, ոչ ատելությունն էդքան վեր չեն բարձրանում։ Եթե ինքնաթիռ անցնի, օդում կարող է մի քիչ գարշահոտ մտքեր թողնի, բայց դրանք ծանր են, երկար չեն մնում, արագ ներքև են իջնում, ու օդն էլի մաքրվում է։

Ձյունն էդ մաքրությունից է ծնվում։ Շլացուցիչ սպիտակ վեցաթև նախշ է դառնում, որ բյուրեղ դարձած մաքրությունն է, ու դանդաղ իջնում է երկրի վրա։ Ամեն մի փաթիլ իր նախշն ունի, որովհետև մաքրությունը ոչ թե քանակ է, այլ բովանդակություն. ամեն մի առանձին փաթիլ իր գործն ունի անելու, երկրի վրա իր բաժին սևը պիտի սպիտակեցնի։

Փաթիլները երկար պարելով իջնում են ներքև ու նստում մայթերին, փողոցներին, տանիքներին։ Շուրջն ամեն ինչ սպիտակում է՝ անկողնու վրա հենց նոր փռած սավանի նման։ Ամեն փաթիլ մի փաթիլաչափ սպիտակեցնում է տարվա ընթացքում կեղտոտված երկիրը, ու երկիրը մաքրվում է։

Ձյունը ձմեռվա սերուցքն է, որ սպիտակ փրփուրի նման կապում է ձմռան երեսին։

Գիշերը ձյունը մի քիչ լուսին է։ Լուսինն արևի լույսն է արտացոլում, իսկ ձյունը՝ լուսնի լույսը։ Ու եթե գիշերը, ասենք, Մարսից նայես ձյունապատ Երկրին, Երկիրը պայծառ սպիտակ աստղ կթվա։

Հետո գարունը գալիս է, ու մեր մտքերը լրիվ ուրիշ բաներով են տարվում, էլ չենք մտածում ձյան մասին։ Ու ձյունը հալվում է, չգիտես՝ ջերմությունի՞ց, թե՞ մեր անուշադրությունից։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5614

Մեկնաբանություններ