«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ադրբեջանցիները հասան Տեղ, Մեզնից տարան հանդ ու գեղ...

Ադրբեջանցիները հասան Տեղ, Մեզնից տարան հանդ ու գեղ...
01.04.2023 | 21:38

Վրդովմունքս չեմ կարող թաքցնել:

Փոխհրաձգություն է սահմանին:
ՈՒնենք մեկ զոհ ու վիրավորներ:
Նման անարխիա, բարձիթողի վիճակ, նման ապիկարություն, անճարություն, ձախողակի ու անողնաշարավորի վարքագիծ, որ դրսևորում են մեր իշխանությունները՝ աֆրիկյան ցեղերի մոտ անգամ չես հանդիպի:
Գզվռտոց, սկանդալներ ու պրովոկացիա՝ ԱԺ-ում, ամենաթողություն՝ սահմաններում:
Ադրբեջանցիները չհանդիպելով որևէ խոչընդոտի, առանց մի կրակոցի եկել մտել են Տեղ գյուղի վարչական տարածք, գլխավոր ճանապարհից ընդամենը 100-ից 300 մետր հեռավորության վրա դիրքավորվել, ինժեներական ու ամրաշինական աշխատանքներ կատարել, դրոշներ են բարձրացրել, իսկ մեր իշխանությունները նրանց այնտեղ անարգել տեղավորվելուց հետո նոր արձանագրում են մեր սուվերեն տարածք ներխուժման փաստը և հորդորում, որ վերջիններս այնտեղից դուրս գան:
Դուք հորդորեցիք, նրանք էլ ականջալուր եղան ու դուրս եկան:
Բա իհա՜րկե:
Պարզվում է՝ ադրբեջանական կողմն առանց վարանելու, նվազագույնը հինգ կետում սահմանից 100-300 մետր, իսկ որոշ տեղեկություններով՝ մոտ 1 կիլոմետր ավելի առաջ է տեղակայվել:
ՈՒ սա այն պայմանավորվածությունների համատեքստում, երբ հստակ կար համաձայնություն, առ այն, որ 2023 թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամրջին, իսկ ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պետք է անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով և միայն ՀՀ տարածքով:
Հիմա ի՞նչ են ասում մերոնք.
ասում են, որ սահմանապահ զորքերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ և որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացրել ինժեներական աշխատանքներ:
Ասում են նաև, որ հիմա հույսները դրել են երկու կողմերի քարտեզագիրների վրա, որոնք պետք է ճշգրտեն աշխատանքները և այն, որ իրավիճակին մոտենում են էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ:
Հիմա ինչպես չասես, որ այդ տրամաբանությամբ շարժվողը չէր թողնի, որ նման իրավիճակ ստեղծվեր, որ հիմա էլ ստիպված չլիներ նման «սրտաճմլիկ» բաներ ասել:
Ադրբեջանը միանշանակ իր զորքն այդ տարածքներից դուրս բերողը չէ:
Նրանք, որտեղ անարգել տեղակայվել են, այնտեղ էլ հիմնավոր հաստատվել են:
Ավելին՝ սողացող պատերազմով առաջանում են:
Հենց այնպես չէ, որ երկու օր առաջ Ալիևը Լաչինի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ ասում էր, որ այն դիրքերն ու բարենպաստ բարձունքները, որոնք զբաղեցրել են, այլևս այնտեղից դուրս չեն գալու և որ ռազմավարական տեսանկյունից նրանք ավելի շահեկան վիճակում են:
Դուրս չեն գալու այնպես, ինչպես առ այսօր հետ չքաշվեցին՝ Ներքին Հանդի, Սև լճի ու Իշխանասարի, Սոթքի ու Ջերմուկի հատվածներից։
Այ այսպիսի հանցավոր անգործության ու ապիկարության, անհետևողականության հետևանքներն են նորանոր տարածքային կորուստների պատճառը:
Գիտենալով թշնամուդ նենգ մտադրությունները՝ ինչպե՞ս կարելի էր ոչինչ չձեռնարկել, նման ռիսկերը չկանխարգելել:
Ինչու՞ Խնձորեսկի զորամասին մինչ ապրիլի մեկն ընկած ժամանակահատվածը չէր տրվել շփման գծում վերահսկողություն իրականացնելու գործառույթ:
Ինչու՞ գեթ մեկ հենակետ առկա չէ այդ հատվածում, որի արդյունքում թշնամին անարգել առաջ է եկել և դիրքավորվել բարենպաստ բարձունքներում, ընդհուպ՝ ճանապարհի հարակից հատվածներում:
Ավելին՝ արդեն իսկ խրամատներ են փորում Տեղ համայնքի այգիներում:
Հասկանու՞մ եք, որ հիմա, ելնելով ստեղծված իրավիճակից, ձեզ պարզապես մնում է տեղակայվել ոչ բարենպաստ դիրքերում, և որ միջդիրքային տարածությունը ձևավորվելու է ՀՀ տարածքի հաշվին, մասնավորապես՝ Արավուս, Տեղ և Կոռնիձոր գյուղերի ցանքատարածությունների, այգիների, արոտավայրերի ու խոտհարքերի հաշվին՝ զրկելով տեղացիներին ապրուստի ու անվտանգ գոյատևելու հնարավորությունից:
Սա էլ հո Լաչինի միջանցքը չէ, որ ռուսական կոնտինգենտին մեղադրեք անգործության կամ թերացման մեջ:
Ո՛չ էլ Արցախի տարածքն է, որ ասեք՝ «մերը չէ»:
Թե՞ սա էլ է Երևանից հեռու ու առհասարակ՝ «այդ սարերը ու՞մ են պետք»...
Ի դեպ, ու՞ր են հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով մշտադիտարկում իրականացնող ԵՄ դիտորդները և ո՞րտեղ էին նրանք, երբ ադրբեջանցիներն առանց դիմադրության հանդիպելու, ձեռքերը թափ տալով՝ եկան ու տեղավորվեցին նոր տարածքներում ու հաստատեցին այսուհետ նոր բնագծեր:
Արդյո՞ք նրանց կողմից կազմվել է օրինախախտումը հավաստող զեկույց և ուղարկվել Բրյուսել:
Բրյուսելը միջամտելու՞ է, որ օտարերկրյա զինված ուժերն անմիջապես դուրս գան ՀՀ սուվերեն տարածքից:
Եվ հետո.
«մենք չենք դուրս գալիս ՀԱՊԿ-ից, ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից» բառախաղերից անդին, ի վերջո հստակեցնելու՞ եք ձեր հարաբերություններն այդ կառույցի հետ:
Կա՛մ դրսևորեք քաղաքական կամք ու ասեք, որ դուրս եք գալիս այդ ռազմաքաղաքական դաշինքից, որովհետև նա իրեն ու ձեր սպասելիքները չի արդարացնում, կա՛մ որ ուղղակի քաղաքական վեկտոր եք փոխում ու այլևս նրանց կարիքը չեք զգում, կա՛մ հստակ պահանջ ներկայացրեք, որ գոնե հիմա կատարեն մեր հանդեպ ունեցած իրենց պարտավորությունները:
Քանի հստակ չեք պարզել ձեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, մի՛ զարմացեք, ո՛չ իրենց վարքագծից, ո՛չ էլ նրանց՝ ձեզ մատուցած նույնպիսի բառախաղերից...
Դրա համար է, որ լսում ենք և՛ իրենց կողմից պատրաստակամությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու մասին հայտարարություններ, և՛ այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝
«Մենք պատրաստ ենք այս աշխատանքին ճիշտ նույն չափով, որքան ինքը՝ Հայաստանը»:
Կամ, որ «Ո՛չ մի ՀԱՊԿ դիտորդ չի լինի, քանի դեռ այնտեղ են ԵՄ դիտորդները»:
Ինչևէ, սրանք հարցեր են, որոնք առ այսօր իրենց լուծումները չեն գտել:
Չեն գտել, որովհետև հարցեր լուծողներ չկան:
Եվ այս ամենը կրկին առիթ է տալու հանդուգն թշնամուն դիմելու նոր սադրանքների, էսկալացիաների, ռազմական գործողությունների և ՀՀ նոր տարածքների օկուպացիայի։
Իսկ մենք չենք կարող չփաստել, որ երկրի անվտանգային համակարգը՝ խարխլված է, պաշտպանողական համակարգը՝ անկենսունակ, դիմադրողականությունը՝ նվազագույն մակարդակում:
Երկրի առջև ծառացած խնդիրների, մարտահրավերներին դիմակայելու տեսլական նույնիսկ չունենք:
Անգամ ազգային ինքնապաշտպանման բնազդն ենք կորցրել:
Անձնական ապահովության ու անվտանգության պրիզմայով ենք նայում այս հարցերին:
Այս ամենն իր դառը հետևանքներով շարունակվելու է դեռ այնքան ժամանակ, մինչև հասարակության գիտակցության մակարդակը չփոխվի, ու հանրային պահանջ չձևավորվի:
Հետևաբար՝ ընդհուպ ազգային անվտանգությանը վերաբերող հարցերը երկրորդական-երրորդական կհամարվեն ժողովրդի կողմից:
Ողբամ քեզ ի՛մ հայ ժողովուրդ, որ ինքդ քեզ այս օրին ես հասցրել:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 5313

Մեկնաբանություններ