Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Արոնյանը` «Մեծ մրցանակի» խաղարկության հաղթող

Արոնյանը` «Մեծ մրցանակի» խաղարկության հաղթող
25.08.2009 | 00:00

ՋԵՐՄՈՒԿԻ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
Ջերմուկում ավարտվեց շախմատի «Մեծ մրցանակի» խաղարկության 5-րդ մրցաշարը, որից հետո վաղօրոք հայտնի դարձավ շարքի հաղթողը: Լևոն Արոնյանը, Բորիս Գելֆանդի հետ բաժանելով երկրորդ տեղը, անկախ վերջին մրցաշարի արդյունքներից, դարձավ անհասանելի իր մրցակիցների համար և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի երկու ուղեգրերից մեկը: Ջերմուկի մրցաշարի հաղթող դարձավ ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, որը միակն էր, ով ամբողջ մրցաշարի ընթացքում չկրեց ոչ մի պարտություն: Թեև հանուն ճշմարտության պետք է ասել, որ նա առնվազն երկու անգամ պարզապես հրաշքով փրկվեց պարտությունից:
11-րդ խաղափուլում միմյանց հետ մրցեցին մեր երկու գրոսմայստերները: Սևերով խաղացող Լևոն Արոնյանը մեծ առավելություն ստացավ Վլադիմիր Հակոբյանի նկատմամբ, սակայն վրիպեց և չկարողացավ իրացնել առավելությունը: Ոչ-ոքի ավարտվեցին նաև Բաքրո-Իվանչուկ, Կարյակին-Ալեքսեև, Գելֆանդ-Կամսկի և Կասիմջանով-Լեկո հանդիպումները: Ինարկիևը սևերով հաղթեց Յակովենկոյին, Էլյանովը սպիտակներով` Չեպարինովին:
Նախավերջին տուրում մեր գրոսմայստերները սևերով խաղաղ դաշն կնքեցին` Արոնյանը` Լեկոյի, Հակոբյանը` Ինարկիևի հետ: Նույնպիսի ավարտ ունեցան նաև Չեպարինով-Կարյակին, Ալեքսեև-Բաքրո և Իվանչուկ-Յակովենկո պարտիաները: Կամսկին հաղթեց Էլյանովին, իսկ Գելֆանդը սևերով` Կասիմջանովին:
Վճռորոշ խաղափուլից առաջ մրցաշարային աղյուսակում երկիշխանություն էր` 7,5-ական միավոր ունեին Լեկոն և Իվանչուկը: Արոնյանն ու երեք շախմատիստ նրանցից հետ էին մնում կես միավորով: Բավականին արագ ոչ-ոքի ավարտվեցին Էլյանով-Կասիմջանով, Կարյակին-Կամսկի, Բաքրո-Չեպարինով և Յակովենկո-Ալեքսեև պարտիաները: Մնացին երեք զույգեր, որոնց հանդիպումներում էլ վճռվեց մրցաշարի մրցանակակիրների հարցը: Առաջինն իր պարտիան հաղթանակով ավարտեց Լևոն Արոնյանը: Նա գեղեցիկ ոճով առավելության հասավ Ինարկիևի նկատմամբ: Մեր հույսը Վլադիմիր Հակոբյանն էր: Եթե նա սպիտակներով կարողանար գոնե ոչ-ոքի ավարտել պարտիան Իվանչուկի հետ, ապա Արոնյանը կբաժաներ առաջին հորիզոնականը: Սակայն Հակոբյանը չդիմացավ ուկրաինացու ճնշմանը և երկարատև պայքարից հետո հանձնվեց: Արդեն պարզ էր, որ հաղթող է դառնալու Վասիլի Իվանչուկը, քանի որ Լեկոյի դիրքը Գելֆանդի հետ պարտիայում գրեթե անհուսալի էր: Իսրայելցի գրոսմայստերը, ի վերջո, հաղթեց Լեկոյին և միավորներով հավասարվեց Արոնյանին: Ի դեպ, Արոնյանն ու Գելֆանդը մրցաշարում տարան ամենաշատ հաղթանակները` 5-ական: Նրանք վաստակեցին 21250-ական եվրո: Իսկ հաղթողին կտրվի 30000 եվրոյի վճարագիր:
Այսպիսով պարզվեց, որ «Մեծ մրցանակի» ընդհանուր հաշվարկում Արոնյանը դարձավ անհասանելի նույնիսկ միավորներով ամենամոտ մրցակցի` Թեյմուր Ռաջաբովի համար: Լևոնն ունի 500 միավոր, իսկ ադրբեջանցին, նույնիսկ եթե դառնա վերջին մրցաշարի միանձնյա հաղթող, առավելագույնը կվաստակի 483 1/3 միավոր: Նշենք, որ հաշվի են առնվելու յուրաքանչյուրի խաղացած չորս մրցաշարերից լավագույն երեքի արդյունքները: Շնորհավորում ենք Լևոնին հերթական մեծ նվաճման առթիվ և մաղթում հաջողություններ արդեն աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում:
Ըստ նախնական հաշվարկների` այս մրցաշարում Լևոն Արոնյանն իր գործակիցն ավելացրել է ավելի քան 5 կետով, և այժմ այն հավասար է 2773-ի, որը երրորդն է աշխարհում: Ցավոք, չափազանց անհաջող էր Վլադիմիր Հակոբյանի ելույթը: Նա միակ մասնակիցն էր, որ չտոնեց ոչ մի հաղթանակ: Հակոբյանը վաստակեց 5250 եվրո:
Ահա մրցաշարային աղյուսակի ամփոփիչ տեսքը.
1. Վ. Իվանչուկ 8,5
2-3. Լ. Արոնյան 8,0
2-3. Բ. Գելֆանդ 8,0
4-6. Ե. Ալեքսեև 7,5
4-6. Ռ. Կասիմջանով 7,5
4-6. Պ. Լեկո 7,5
7. Ս. Կարյակին 7,0
8. Պ. Էլյանով 6,5
9-10. Գ. Կամսկի 6,0
9-10. Է. Բաքրո 6,0
11-12. Դ. Յակովենկո 5,0
11-12. Վ. Հակոբյան 5,0
13. Է. Ինարկիև 4,5
14. Ի. Չեպարինով 4,0
Հաջորդ խոշոր մրցաշարը, որին պետք է մասնակցի Լևոն Արոնյանը, Բիլբաոյի (Իսպանիա) «Մեծ սաղավարտի» եզրափակիչն է (սեպտեմբերի 5-12), որտեղ նրա մրցակիցները կլինեն Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Սերգեյ Կարյակինը (ՈՒկրաինա) և Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա):
Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2903

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ