Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո հնարավոր զարգացումները մեկնաբանում է «Կովկասի ինստիտուտի» տնօրեն, վերլուծաբան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ։
-Պարոն Իսկանդարյան, ինչպես և սպասվում էր, հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին երկու հայտնի արձանագրությունները։ Նախօրեին՝ Երևան-Մոսկվա-Անկարա հեռուստակամուրջի ժամանակ, նշեցիք, որ սա առաջին դժվար քայլն էր, և հետագայում էլ գործընթացը կարող է ունենալ բարդություններ։ Նկատի ունեիք արձանագրությունների վարվերացո՞ւմը, թե՞ ժամանակացույցով նախատեսված քայլերի իրականացումը։
-Ամենից առաջ նկատի ունենանք, որ այս գործընթացը նոր չէ։ Երկար ժամանակ գաղտնի բանակցություններ են ընթացել, հետո ապրիլի 22-ին ստորագրվեց այն, ինչ կոչվեց ճանապարհային քարտեզ, որն իրականում միայն հայտարարություն էր։ Բուն ճանապարհային քարտեզն ամրագրված է այս արձանագրություններում։ Արձանագրությունները, մինչև վերջնական ստորագրումը, բավականին բուռն քննարկվեցին ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում։
Որպես փաստաթուղթ, որ ստորագրել են երկու երկրների գործադիր իշխանության ներկայացուցիչները, սա, իսկապես, առաջին քայլն է և այդ իմաստով` լուրջ տեղաշարժ։ Այսինքն՝ սկսվել է պայմանավորվածությունների լեգալ իրավաբանական իմպլեմենտացիան։ Սակայն առջևում դեռևս երկու փուլ կա։ Առաջին փուլն արձանագրությունների վավերացումն է Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններում, ու այստեղ ստորջրյա խութեր կարող են ի հայտ գալ։ Թեպետ, միաժամանակ, չի բացառվում, որ ամեն ինչ իրականում բավական հարթ ընթանա, եթե Թուրքիայի վարչապետը համապատասխան ճնշում գործադրի խորհրդարանում։ Դրանից հետո կգա երկրորդ փուլը՝ արձանագրություններում արտահայտված ժամանակացույցի համապատասխան քայլերի իրագործումը։
-Կարծիքներն այս առումով տարբեր են, շատերն են պնդում, թե Թուրքիայի խորհրդարանում լուրջ խոչընդոտներ են առաջանալու՝ վավերացման հետ կապված։ Որքան հասկացա, Դուք այդ կապակցությամբ լավատեսորեն եք տրամադրված։
-Ես թուրքագետ չեմ։ Սակայն Թուրքիայի գծով մասնագետների հետ իմ շփումներից ելնելով, այդ թվում՝ Թուրքիայի ներկայացուցիչների, տպավորությունս այնպիսին է, որ վավերացման հավանականությունը գնահատվում է 50-50։ Այսինքն՝ մի մասը կարծում է, որ խնդիրներ անպայման կառաջանան, և Թուրքիայի խորհրդարանն այդքան հեշտությամբ տեղի չի տա վավերացման առաջարկին։ Մյուսներն էլ համոզված են, որ բարդություններ չեն լինի, եթե Էրդողանը քաղաքական որոշում կայացնի։ Բայց վավերացումն անգամ դեռ չի նշանակում, որ գործընթացն այդուհետ առանց խոչընդոտների է ընթանալու։ Դրանից հետո նախատեսվում է սահմանի բացումը, սակայն տեսականորեն չի բացառվում, որ պրոցեսն արգելակվի։ Բոլոր դեպքերում այն, ինչ տեղի ունեցավ, ինչ-որ բանի վերջը չէ, այլ սկիզբը։
-Իսկ կա՞ն փորձագիտական շրջանակներում այնպիսիք, ովքեր ընդհանրապես բացառում են արձանագրությունների վավերացումը։ Այսինքն՝ դրանց տապալումն արդեն իսկ կանխորոշված է։
-Ես նման տեսակետների ծանոթ չեմ։ Բայց կուզեի, որ մենք հստակ հասկանանք, որ եթե անգամ այդպես լինի, դա էլ բոլորովին չի նշանակում, թե գործընթացն ավարտված է։ Կարելի է վերհիշել, թե քանի անգամ Լիսաբոնյան արձանագրության վավերացումը տապալվել է որոշ եվրոպական խորհրդարաններում։ Այսինքն՝ դա էլ Թուրքիայի համար մի տարբերակ է, որպեսզի կարողանան աշխարհին ասել` տեսեք, մենք ինչքան լավն ենք, աշխատեցինք հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ։ Բայց մեր երկիրը ժողովրդավարական պետություն է, և խորհրդարանը մերժեց այդ նախաձեռնությունը։ Էլ ի՞նչ եք ուզում մեզանից։
-Հենց դա էլ կլինի գործընթացի վերջը։
-Ո՛չ, որովհետև այդ ժամանակ Թուրքիային կբացատրվի, թե ինչ են ուզում իրենցից, և որ անհրաժեշտ է գտնել խորհրդարանի վրա ազդելու ձևեր ու շարունակել գործընթացը։ Քաղաքականության մեջ լինում է այդպես, երբ ասված խոսքը կամ ստորագրված փաստաթուղթն անդառնալիորեն փոխում են իրողությունները։ 1993-ին Օսլոյում սկսվեց պաղեստինա-իսրայելական հաշտեցման գործընթացը։ Դա չհաջողված պրոցեսի օրինակ է, երբ ասվեցին խոսքեր, ստորագրվեցին փաստաթղթեր, սակայն չիրագործվեցին։ Պաղեստինի անկախ պետությունը չստեղծվեց, շատ հարցեր չլուծվեցին, բայց պաղեստինա-իսրայելական հարաբերություններում իրավիճակը, միևնույն է, փոխվեց անվերադարձ։
Նույնը լինելու է հայ-թուրքական հարաբերությունների պարագայում։ Այլևս անհնար է վերադառնալ այն իրավիճակին, որը գոյություն ուներ Հայաստանի և Թուրքիայի նախագահների փոխադարձ այցելություններից առաջ, երբ արտգործնախարարներն էլ ոչինչ չէին ստորագրել։ Փաստաթուղթը չվավերացնելու դեպքում անգամ գործընթացն արդեն այլ է լինելու, և վերադարձ, ասենք, 2 տարի առաջ գոյություն ունեցող իրադրությանը, այլևս անհնարին է։ Որովհետև արդեն եղել է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը, Բաքվում թուրքական դրոշներ են այրվել, ու այդ նստվածքը նույնպես մնալու է որպես պատմական փաստ։ Հոկտեմբերի 20-ին, կարծեմ, նախատեսված է Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստ, որին, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն նաև խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները։ Այդ նիստից հետո, թերևս, պարզ կլինի, թե ինչպիսին են արձանագրությունների վավերացման ժամկետներն ու հնարավորությունները։
-Ադրբեջանը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու իր հնարավորություններն այս առումով սպառե՞լ է։
-Այո՛, Ադրբեջանն իր հնարավորությունները սպառել է։ Ընդ որում, ոչ թե հոկտեմբերի 10-ին, այլ դեռ ապրիլի 22-ին, երբ ճանապարհային քարտեզի անվան տակ ստորագրվեց հայտնի հայտարարությունը։ Թուրքիայում նախօրոք հաշվարկել էին Ադրբեջանի հնարավոր արձագանքը, և եթե դա լուրջ պրոբլեմներ ստեղծեր իրենց համար, ապա այս գործընթացն ընդհանրապես չէր սկսվի։ Կես տարի առաջ արդեն պարզ էր, որ այդպես չէ, ու Ադրբեջանի հավանական կեցվածքը հետագա զարգացումներում Թուրքիայի համար նույնպես պարզ է։ Դրա համար էլ Անկարան բավարարվում է շարունակական հավաստիացումներով, թե Ադրբեջանի շահերի անտեսումով Հայաստանի հետ հարաբերություններ չի հաստատի, բայց Անկարայում էլ, Բաքվում էլ գիտեն, որ դա ընդամենը խոսք է։ Անշուշտ, Անկարայի համար տհաճ է Ադրբեջանի հետ պրոբլեմների առաջացումը, բայց, միաժամանակ, նրանք վստահ են իրենց ուժերին։ Այն ազդեցությունը, որ ուներ Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևը Թուրքիայում, այլևս չկա։ Նա Թուրքիայի կյանքում ներքաղաքական գործոն էր և կարող էր իրեն թույլ տալ թուրք ժողովրդին դիմել՝ անցնելով Թուրքիայի ղեկավարների գլխի վրայից։
-Իլհամ Ալիևը նույնն անել չի՞ կարող։
-Ոչ, նա կարող է էլիտայի մակարդակով լոբբինգ իրականացնել, բայց ներքին գործոն չէ։ Թուրքիան պատրաստ է այն կորուստներին, որ կարող է կրել Ադրբեջանի հետ հարաբերություններում հայ-թուրքական կարգավորման գործընթացի արդյունքում։ Թուրքիայի համար այսօր ավելի կարևոր է ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ հարաբերություններում դիվիդենդներ շահելը, քանի որ երկու ուժային կենտրոններն էլ մասնակցել են հայ-թուրքական կարգավորման գործընթացին։
-Հենց այդ կապակցությամբ էլ, թերևս, կարևոր է ճշտել, թե ով է, այսպես ասած, «խաղը տանում»՝ Վաշինգտո՞նը, թե՞ Բրյուսելը։
-Եվրամիությունն ու ԱՄՆ-ը, ինչպես միշտ, գործում են տարբեր դաշտերում կամ հարթություններում, այդ իսկ պատճառով համեմատություն անցկացնելը դժվար է։ Ամերիկացիների դերակատարությունը շատ ընդգծված է ու ակնհայտ, որովհետև նրանք աշխատում են անվտանգության համակարգերի շրջանակներում՝ ստրատեգիական կամ ռազմաստրատեգիական գործիքներով։ Դա համապատասխան գործունեություն է ՆԱՏՕ-ի շրջանակներում, Թուրքիայի ռազմավարական դերը տարածաշրջանում որոշելու իմաստով, նաև, թերևս, Հյուսիսային Իրանի մասով։ Իսկ այդ ամենը Թուրքիայի համար շատ կարևոր է։
Եվրամիությունը գործընթացում ուղղակի կամ տեսանելի ճնշում չի գործադրում Թուրքիայի վրա։ Նրա դիրքորոշումը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. մենք ձեզ հետ բանակցում ենք, ձեր մուտքը եվրոպական ընտանիք անհնարին չէ, սակայն դուք պետք է ձեզ պահեք այնպես, ինչպես ընդունված է եվրոպական խաղի կանոններով։ Այսինքն՝ Եվրոպան մասնակից չէ Թուրքիայի ձեռքերը ոլորելուն, նրանք ընդամենն ասում են, որ վերջին փակ սահմանը Եվրոպայում, որը հայ-թուրքական սահմանն է, պետք է բացվի։ Որովհետև Թուրքիան ու Հայաստանը եթե աշխարհագրորեն Եվրոպա չեն, ապա քաղաքական առումով են Եվրոպա, որովհետև ԵԱՀԿ-ի ու Եվրոպայի խորհրդի անդամ են։ Թեպետ ամերիկյան ազդեցությունն ավելի ընդգծված է ու ակնհայտ, բայց լայն հեռանկարի առումով դժվար է ասել, թե ապագայում ով ավելի մեծ ազդեցություն կունենա Թուրքիայի վրա։ Հազիվ թե կարելի լինի հիմնավորել, որ Թուրքիան ձգտում է դառնալ ԱՄՆ-ի 51-րդ նահանգը, բայց հաստատ ցանկանում է լինել Եվրամիության 28-րդ կամ 29-րդ երկիրը, եթե Խորվաթիան դառնա 28-րդը, ինչն ավելի հավանական է։
-Այս ամբողջ գործընթացում Ռուսաստանի դերն ինչպիսի՞ն էր։
-Շատ կարևոր։ Ռուսները հասկանալիորեն հանդես չեն գալիս նույն գործառույթներով, ինչ ամերիկացիները, որոնք գործընթացի ուղղակի հովանավորներն են։ Ռուսները պարզապես համաձայն են այդ նախագծին, և դա արդեն շատ կարևոր է։ Որովհետև եթե Ռուսաստանն այս տարածաշրջանում որևէ բանի համաձայն չէ, դրա իրագործումը շատ դժվար է, բանը կարող է հասնել նույնիսկ պատերազմի, ինչպես եղավ 2008-ի օգոստոսին։ Հիմա էլ եթե Ռուսաստանի համաձայնությունը չլիներ, այս գործընթացն ուղղակի չէր զարգանա։
-Բայց ինչո՞ւ են ռուսները հանդես գալիս այդ դիրքորոշմամբ։
-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ստեղծված ներկա իրավիճակը իսկապես բացառիկ է։ Տարածաշրջանի երկրներից, փաստորեն, միայն Ադրբեջանն է դեմ հանդես գալիս։ Մյուս բոլոր շահագրգիռ կողմերը և ուժային կենտրոնները՝ ԱՄՆ-ը, Եվրոպան, Ռուսաստանը, դրական են տրամադրված, իսկ նման բան շատ հազվադեպ է լինում։ Ռուսաստանի դիրքորոշման պատճառները պետք է որոնել ռուս-վրացական հնգօրյա պատերազմի հետևանքներում։
-Հասկանալի է, ռուս-վրացական հարաբերությունները թշնամական են, իսկ Հայաստանում գործող ռուսական բազան սպասարկելու համար Մոսկվային պետք է ռազմական տրանզիտ, ինչը Վրաստանը չի տրամադրելու։ Բայց արդյո՞ք միայն դա բավարար պատճառ է դիրքորոշման այդպիսի փոփոխության։
-Եկեք ընդունենք, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը հայ-ռուսական հարաբերություններում մի գործոն է միայն։ Շատ կարևոր գործոն, բայց կան բազմաթիվ այլ ձևաչափեր այդ հարաբերություններում։ Այսօր ռուսական ընկերությունների ինքնաթիռները Հայաստան են մտնում Թուրքիայի տարածքով, Հայաստան-Ռուսաստան բեռնափոխադրումներն իրականացվում են խիստ սյուրռեալիստական ձևերով՝ ՈՒկրաինա-Վրաստան-Հայաստան, ինչը մի քանի անգամ բարձրացնում է բեռնափոխադրումների արժեքը։ Անցած տարիների ընթացքում մի շարք ռուսական ընկերություններ մտան հայկական շուկա, իսկ ցանկացած բիզնեսի նպատակն օգուտով աշխատելն է։ Դա վերաբերում է և՛ էներգետիկ ձեռնարկություններին, և՛ ռուսական կողմին հավատարմագրման հանձնված հայկական երկաթուղուն։ Այսինքն՝ եթե ներդրումներ են կատարվելու, ու լրացուցիչ հզորություններ են ստեղծվելու, դրանք պետք է ամբողջ ծավալով շահագործվեն։ Այսինքն՝ Ռուսաստանը հայ-թուրքական սահմանի հետ կապված բավականին լայն շահեր ունի։ Դրա վկայությունն էր նաև այն, որ Ցյուրիխի բանակցությունների ժամանակ Մոսկվան ներկայացված էր արտգործնախարարի մակարդակով։
-Ով, ըստ ռուսական մամուլի պնդումների, ակտիվ և նույնիսկ վճռական դեր է խաղացել ստորագրման գործընթացում։
-Ճիշտն ասած, պարտադիր չեմ համարում դեղին մամուլում հրապարակված բամբասանքներին հավատալը։ Ռուսաստանն իսկապես ունի լուրջ դերակատարություն, բայց ոչ այդպիսի անեկդոտային դրսևորումներով։ Պարզապես ռուսաստանյան որոշ պարբերականներ սկսում են այդ ոճով աշխատել, երբ խոսքը վերաբերում է ԱՊՀ տարածքում ընթացող գործընթացներին։
Ռուսաստանն իր լուրջ շահագրգռվածությունը ցույց տվեց թեկուզ Սարգսյան-Մեդվեդև վերջին հանդիպումով։ Ակնհայտորեն խոսքը Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում պահպանելու մասին է, որովհետև հայ-թուրքական սահմանի բացման պարագայում իրողությունները կարող են փոխվել։ Եթե այդ ամենը նախագահների մակարդակում վերածվում է առարկայական քննարկման, ուրեմն դա իրական գործընթաց է։ Հարավային Կովկասի տարածաշրջանն ունի մի դրական առանձնահատկություն։ Նրա աշխարհագրական առանձնահատկություններն այնպիսին են, որ կոմպլեմենտարիզմը քաղաքականության ամենաբնական ձևն է։ Դրա իրագործումը դժվար է, բայց եթե հաջողվում է տարբեր ուժերի շահերի իրական համադրմանը հասնել, ապա գործընթացները զարգանում են կայուն և առանց խոչընդոտների։ Կան տարածաշրջաններ, ուր միանշանակ մեկ պետության ազդեցությունն է որոշիչ, և այդ դեպքերում իրավիճակն այլ է։ Հարավային Կովկասում այդպես չէ, մեկ տարի առաջ Վրաստանն իրեն պահեց այդ տրամաբանությամբ՝ գտնվելով բոլորովին այլ իրավիճակում, երբ անթույլատրելի էր շահագրգիռ կողմերից որևէ մեկի շահերի անտեսումը։ Եվ հասավ այն արդյունքին, ինչն այսօր ամրագրված փաստ է։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ ավարտվելու մեծ հավանականություն ունի, եթե ապահովվի բոլոր հիմնական խաղացողների, ինչպես նաև Իրանի շահերի համադրությունը։
-Ի դեպ, ինչո՞վ է բացատրվում Թեհրանի բացարձակ լռությունը հայ-թուրքական հարաբերությունների այս ողջ գործընթացում։
-Իրանական դիվանագիտությունն է այդպիսին։ Պարսկական պետությունն իր 5000-ամյա ավանդույթներով այլ կերպ է մոտենում խնդիրներին։ Իրանն ակնհայտորեն ուսումնասիրում է իրավիճակը և, թերևս, համարում, որ ժամանակի կտրվածքով իր հեռանկարներն այլ են։ Այդ Հայաստանում կարող են մտածել, որ եթե հիմա գործընթացը տապալվի, դա արդեն վերջն է։ Իրանում, սակայն, լավ են գիտակցում, որ մշտապես փակ սահմաններ չեն լինում։ Միևնույն է, 1, 5 կամ 10 տարի հետո հայ-թուրքական սահմանը պետք է բացվի, դրան պետք է վերաբերվել իբրև անխուսափելիության ու աշխատել օգուտներ քաղել դրանից։ Իրանը փորձելու է հենց դա անել։ Համենայն դեպս, մի ծրագիր արդեն գործարկման փուլում է՝ Մեղրի-Բավրա-Բաթում միջպետական ավտոճանապարհի կառուցումը, որն Իրանը կկապի Սև ծովի հետ։ Մանավանդ որ այդ ավտոմայրուղու հիմնական հատվածներն արդեն իսկ գոյություն ունեն, խոսքը փոքր հատվածների կառուցման մասին է։ Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում դա Իրանի համար նաև ճանապարհ է դեպի թուրքական Տրապիզոն նավահանգիստը։ Հասկանալի է, որ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման մասին ներկա համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում խոսելն իրատեսական չէ, որովհետև 1-1,5 մլրդ դոլարը լուրջ գումար է, իսկ նախագիծն այդքան է գնահատվում։ Բայց իրանցիները դատում են ժամանակի այլ չափանիշներով, որովհետև ճգնաժամը կանցնի, և այդ ծրագրի իրականացումն էլ հնարավոր կդառնա։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ