Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ի՞ՆՉ ԵՆ ԿԱՐԾՈՒՄ ՄԵՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ

Ի՞ՆՉ ԵՆ ԿԱՐԾՈՒՄ ՄԵՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ
16.10.2009 | 00:00

Ցյուրիխում արձանագրությունների վավերացումից հետո կողմերը, ինչպես և նախատեսված էր, հանդես չեկան հայտարարություններով։ Բայց արդյոք դրանով թուրքական կողմի ոչ հայանպաստ քաղաքականությունը փոփոխությա՞ն ենթարկվեց։ Այս հարցի շուրջ զրուցեցինք փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ։
-Անկեղծ ասած՝ Ձեր հարցը ճիշտ կլիներ ուղղեիք թուրքական կողմին։ Ես Ցյուրիխում ներկա չեմ եղել և չգիտեմ, թե զարգացումներն ինչպես են ընթացել։
-Գիտեմ, որ Դուք Ցյուրիխում չեք եղել։ Սակայն, որպես երկրի փոխվարչապետ, հետաքրքրում է Ձեր տեսակետը։ Արդյոք հայտարարություններ չհնչեցնելը նպաստո՞ւմ է, որպեսզի Թուրքիան իր այդ մոտեցումը փոխի։
-Ընդհանրապես, իմ սովորության համաձայն, գնահատականներ եմ տալիս իրողություններին՝ կոնկրետ դեպքերին։ Այս պահի դրությամբ ունենք ստորագրված արձանագրություններ։ Դիտարկենք մեր հայկական իրողությունը։ Մինչև վերջնականապես որևէ օրենք ընդունվում է, դրա շուրջ բուռն քննարկումներ են լինում և տարբեր կարծիքներ են հնչում։ Սակայն երբ ընդունվում է, բոլորը պարտավոր են այն կատարել։ Նույնն էլ այստեղ է։ Հիմա ի՞նչ է այդ արձանագրություններին նախորդել... Փաստն այն է, որ արձանագրությունները ստորագրված են։ Այժմ երկու կողմերն էլ պետք է աշխատեն հետագա քայլերն իրականացնելու ուղղությամբ։ Իսկ հետագայի վերաբերյալ ՀՀ նախագահն իր ուղերձում ասաց, որ պետք է պատրաստ լինենք նրան, որ հնարավոր է, դրանք չվավերացվեն։ Եթե այդպիսի բան լինի, ապա Հայաստանն էլ իր քայլերը կձեռնարկի։
-Իսկ եթե խոսենք հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական շահավետությունից, ապա ո՞րն է Ձեր կարծիքը։ Այս օրերին շատ է խոսվում տնտեսական հնարավոր վնասների մասին, ինչը հայ գործարարներին կդնի ծանր կացության մեջ։
-Իհարկե, դժվարություններ կլինեն, սակայն կարևորն այն է, որ մինչև սահմանի բացման խնդրի լուծումը մենք ստեղծենք բարենպաստ պայմաններ մեր գործարարների համար։ Երբ Դուք նշում եք գործարարների դժվարությունների մասին, նկատի ունեք այն, որ մեր գործարարների մոտ ապրանքի իրացման խնդիրնե՞ր կառաջանան։ ՈՒզում եմ ճշտել, արդյոք վա՞տ բան է, եթե թուրքական ապրանքատեսակները ներմուծվեն Հայաստան։ Կարծում եմ` պետք է այդ խնդրին այլ տեսանկյունից մոտենալ։ Մասնավորապես՝ սահմանի բացումով մեր գործարարի համար կարող է սպառման նոր շուկաների հնարավորություն առաջանա՝ 70 մլն շրջանառություն ունեցող շուկայում իր ապրանքն իրացնելու առումով։ Ինչո՞ւ չենք խնդիրը դիտարկում այս տեսանկյունից։ Իհարկե, մենք պետք է ճիշտ գնահատենք մարտահրավերները, ինչով և այժմ զբաղվում ենք։ Պետք է հասկանանք՝ ինչպիսին պետք է լինեն դրանց լուծումները։ Այդ ուսումնասիրություններն իրականացվում են։ Այսինքն՝ հնարավոր ամեն բան պետք է անենք, որպեսզի այս գործընթացից մաքսիմում օգուտ ստանանք։ Հակառակ դեպքում, ինչո՞ւ ենք սկսել այս գործընթացը, եթե պետք է անընդհատ խոսենք հնարավոր խնդիրներից և դրանցից խուսափենք։
Հայ թուրքական սահմանի բացման պատճառով տնտեսական հնարավոր խնդիրները բացառեց նաև տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը, ընդգծելով, որ տնտեսական մրցակցության առումով նույնպես խնդիրներ չի տեսնում։ Մինչ պետական պաշտոնյաները բացառում են տնտեսական հնարավոր բարդությունները, Հայաստանի գործարարները բարձրաձայն ո՛չ լավ են ասում, ո՛չ էլ վատ։ Թե որքանով է անտարբերությունը, կամ էլ, ճիշտ կլինի ասել, սպասողական վիճակը բարենպաստ ազդում գործընթացի վրա, գործարարներն իրենք գիտեն։ Սակայն կա մի պարզ ճշմարտություն՝ «Ամենամեծ մեղքն անտարբերությունն է»։ Ինչևէ, մինչ գործարարները սպասում են, գյուղացին բարձրաձայնում է, որ ինքը լուրջ խնդիրներ է ունենալու այդ գործընթացից հետո. «Մեր հողերը, այն էլ՝ լավագույն տարածքները, թուրքերը կգնեն»։ Արդյոք գյուղնախարարությունը տեղյա՞կ է այս մտահոգություններին։ Այն ճշտելու համար զրուցեցինք գյուղնախարար ԳԵՐԱՍԻՄ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ։
-Փարատում եմ այդ մտահոգությունները։ Ամեն բան իր հունով ընթանում է, բոլոր խնդիրները հստակ քննարկված են, և դրանց ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Այնպես որ, ոչ մի խնդիր չի առաջանա։ Բացում ենք մեր սահմանները, դառնում ենք «ՏՐԱՍԵԿԱ»-ի և միջազգային այլ կազմակերպությունների անդամ երկիր։ Կարծում եմ՝ ոչ մի պրոբլեմ չենք ունենալու։ ՈՒսումնասիրված են գյուղմթերքների թուրքական ու հայկական շուկաները։ Թուրքիայի շուկայում շատ հեշտությամբ և բարձր գներով կարող են սպառվել հայկական որոշ գյուղմթերքներ, նկատվում է կարտոֆիլի պահանջարկ, ինչը մեր գյուղացուն հնարավորություն կտա արտահանելու։
-Այսինքն՝ հնարավոր վտանգները նախապես կանխելու ծրագրեր կա՞ն։
-Վտանգ չենք տեսնում։ Որոշակի ծրագրեր կան, և, ըստ սահմանված կետերի ու ժամանակացույցի, աշխատանքներ են տարվում։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1507

Մեկնաբանություններ