Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մահ, իսկ հետո՞...

Մահ, իսկ հետո՞...
24.03.2009 | 00:00

ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԸ
(սկիզբը` թիվ 20-ում)
Ըստ մեր ժողովրդի սնոտի և անհիմն հին սովորության, երբեմն ննջեցյալի հետ, նույն շիրմափոսում դնում են նրա հագած հագուստներից կամ զանազան իրերից, ինչն անմտություն է, քանզի մերկ եկել ենք այս աշխարհ, մերկ էլ գնալու ենք, և ավելի լավ է այդ հագուստները բաժանել կարիքավոր աղքատներին ու մերկերին, որոնց օրհնանքն այդքան անհրաժեշտ է ննջեցյալի հոգուն։ Էլ չեմ խոսում սնոտիապաշտական այն արարողություններից, ինչպիսիք են դագաղի կողով դռան շեմին երեք անգամ հարվածելը կամ երեք անգամ շքամուտքի առջև հանգուցյալին պտտեցնելը և այլ անխորհուրդ սովորություններ, որոնք լինելով ժողովրդական՝ ազգային, երբեմն էլ պարզապես ինքնահնար են, ոչ մի կապ չունեն քրիստոնեական ճշմարտության հետ։
ՍՆՈՏԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այդ սովորությունները երբեմն ոչ միայն սնոտի են, այլև դիվական ու վնասակար։ 0րինակ, հայ ազգագրական փաստացի տեղեկություններ կան, թե ինչպես այս դարասկզբին Հայաստանի որոշ գյուղերում եթե մի հանգուցյալ երևում էր մի քանի հիվանդների, ու նրանք մեռնում էին, ապա բարեկամները հանում էին հանգուցյալի դիակը, գյուղի յուրաքանչյուր տնից մի-մի փայտ բերում, դիզում գերեզմանի մոտ և, վառելով այն, դիակը դնում կրակի վրա, մինչև մոխրանա, և մոխիրը թափում էին հետ՝ գերեզման։ Իսկ ի՞նչ ասենք այն սովորությանը, երբ թաղելիս հանգուցյալ երիտասարդների աչքերը չեն փակել, որպեսզի հողի հետ հարաբերվելով` «աչքը կշտանա այս աշխարհից», և մինչ թաղելը դիակի երեսին մաղ են դրել, որ «էս փուչ աշխարհից կշտացած գնա»։ Կամ մեծահասակ ծերունու կրծքում գուլպա գործելու մի շյուղ են ցցել, մեկն էլ դրել դագաղում, ասելով. «Գնա՛, քո աչքը քեզ վրա լինի, մեզ վրա աչք չունենաս»։ Եվ եթե մեկը պանդխտության մեջ է մեռել, օտար հողում, ապա այդպիսիներին իր տունը չեն տարել, այլ դաշտում դնելով, այնտեղ են հավաքվել սգավորները, ու եկեղեցի տանելուց հետո տարել են թաղելու։ Կամ էլ եղել է հետևյալ սովորությունը. նոր մեռածի մայրը շաբաթ օրերը մինչև աստղերի երևալը ջուր չի խմել, որովհետև իբր այդ ժամանակ հոգիներին տանում են ջուր խմեցնելու, և ում մայրը ջուր է խմել, նրան չեն տանում, ասելով. «Քո բաժինը մայրդ խմեց»։ Այդ օրերին մայրը գլուխը չի լվացել, որպեսզի նրա որդիները սապնաջուր չխմեն այնտեղ։
Նաև հարուստ կամ բախտավոր հանգուցյալի գլխի մազից և ձեռքի եղունգից կտրում և պահում են տանը, որ նրա հարստությունը կամ բախտավորությունը տանը մնա, հետը չգնա։
ՈՒ որպեսզի մահամերձ հիվանդը երկար չմնա այդ վիճակում, նրա ոտքերի տակ մեղր են քսում։
Հիվանդներ էլ կան, որոնք կտակում են, որ իրենց դագաղով չթաղեն, վախենալով, որ միգուցե վերջին դատաստանին դագաղը վզից քարշ տալով գնան դատավորի մոտ։ (Իսկ ի՞նչ պիտի անեն մի քանի հազար դոլարանոց կաղնու փայտից շինված երկփեղկանի կափարիչով թաղված ժամանակակից խեղճ հարուստները)։
Նույնը վերաբերում է նաև ժամանակակից սնոտիապաշտներին, ովքեր հարազատի մահանալուց հետո իսկույն սավաններով ծածկում են հայելիներն ու ապակե դռները, որ իբր մահացածի հոգին չտեսնի իր արտացոլումը։ Սա նույնպես մեր տգիտության ոլորտից է, որովհետև մահացածները մեզանից ավելի իմաստուն են դառնում, որովհետև նրանք արդեն գտնվում են հոգևոր ոլորտում, որի մասին մենք ավելի քիչ գիտենք։
Եվ նման շատ ու սնոտի անհիմն ժողովրդական հավատալիքներ, որոնք առաջացել են մերձակա հեթանոս ու ոչ քրիստոնյա ազգերի հետ շփվելիս` հավատարիմ չմնալով մեր լույս քրիստոնեական սուրբ գրային խոսքին։
Իսկ վերջին տարիների սովորություններից է դարձել հանգուցյալի թաղման շքեղությունն ապահովելու համար թանկարժեք ծաղկեպսակներ օգտագործելը, թարմ ծաղիկներ նետել հուղարկավորողների ոտքերի տակ կոխկրտվելու (մինչդեռ գիտենք, որ ծաղիկը հարգանքի և սիրո նշան է), իսկ մոտակա փողոցի մայթերը զարդարում են սև ժապավեններով հյուսված ծաղիկներով կամ էլ ի ցույց բոլորի մեծ ու սև պաստառի վրա գրում ննջեցյալի անունն ու տարիքը։ Այո՛, մենք հաճախ մտածում ենք ինչպես մարդկանց հաճո լինենք, մինչդեռ քիչ ենք ջանում, որպեսզի մեր Աստծո կամքը կատարենք ու հիշենք, որ մեր Տերը նույնիսկ Իր գերեզմանը չուներ և թաղվեց Հովսեփ Արիմաթացու գերեզմանում։
Այդ բոլորը, ըստ իս, ավելորդություններ են, և, մանավանդ, ամենաամոթալի ու տգեղ երևույթներից, երբ մի ժամանակ հուղարկավորության «տեսանելիությունն» ապահովելու համար սգո թափորը փողոցներով անցնելիս մեքենաների շչակներով և ձայնային ազդանշաններով վայրենի աղմուկ էր բարձրացնում, որն ընդամենը մարդկանց աչքին ավելի բարձր երևալու համար է, որ տեսնողները չասեն, թե աննշան մեկին են տանում թաղելու։
Իսկ այն հարյուրավոր ծաղիկների և մեծարժեք պսակների գինը, որ ավելի շատ ցուցամոլության համար է արվում, քան անհրաժեշտության, ինչքա՜ն կթեթևացներ հուղարկավորության մնացած հոգսերը, քան թե շիրմաթմբի վրա կիտելը, հետո էլ վերջում կոթերը ջարդելը, որպեսզի չհավաքեն տանեն վերավաճառելու (ահա թե ուր ենք հասել մեր սնոտի ավելորդապաշտություններով)։
Իսկ առավել գերադասելի չէ՞ր ննջեցյալի հոգու փրկության համար դրանց գումարից բաժին հանվեր աղքատներին ու կարիքավորներին, որ Տիրոջ իշխանավորներն են, քանզի նրանց օրհնանքը մինչև Աստծո մոտ է հասնում։ Այդ թշվառացած արարածները, երբ որևէ մեկից ողորմություն են ստանում, հաճախ են օրհնում ասելով. «Աստված ողորմի անցավորներիդ»։
Իսկ ինչ մնում է հանգուցյալին ուղեկցող սրտաճմլիկ դուդուկների «ռաբիս» երաժշտությանը, որն այսօր փոխարինում է հեթանոսական ժամանակների ողբասացներին, դա նույնպես մեր անհավատ ժամանակների ավելորդ սովորություններից է, որ ամեն բան կեղծ պաթոսով են արել, իսկ ննջեցյալի հոգուն, երբ ամեն բան արդեն եթերային է ու մեղմ, այդ անճաշակ աղմուկն ու անտեղի ողբի ձայները միայն անհանգստություն կարող են պատճառել։
Հանգուցյալների համար սգալու վերաբերյալ Սուրբ Գրքում Սիրաք իմաստունն այս է հորդորում. «Որդյակ, մեռյալի վրա արտասուք թափիր և սկսիր ողբալ՝ իբրև թե նա վնաս է կրել, և ըստ օրենքի պատանի՛ր նրա մարմինը և մի անտեսիր նրա թաղումը։ Դառնորեն լաց եղիր, աղի արցունք թափիր և ըստ նրա արժանիքի մեկ, երկու օր սգա պարսավանքից խուսափելու համար և ապա մխիթարվիր տրտմությունից, քանզի տրտմությունից մահ է լինում, և սրտի տրտմությունը տկարացնում է մարդու ուժը։
Քո սիրտը մի՛ տուր տրտմությանը, վանի՛ր այն, հիշի՛ր քո վախճանը։
Մի՛ մոռացիր, որ վերադարձ չկա, վախճանվածին օգուտ չես բերի և դու ինքդ կչարչարվես։
Մեռելի հանգչելուց հետո հանգիստ թող նրա հիշատակը և մխիթարվի՛ր, որ նա Աստծուն է ավանդել իր հոգին։
Հիշիր դատաստանը, քանզի այդպես է լինելու և քոնը. իմը` երեկ, քոնը՝ այսօր» (Սիրաք, 38, 16-23)։
Որպես մխիթարություն, կարդանք նաև երջանկահիշատակ Շնորհք պատրիարքի թարգմանած «Աստծո կանչը» գրքի սեպտեմբերի 6-ի Հիսուսի տված պատգամը. «Ձեր հանգուցյալները շատ ապահով են Իմ պահպանությանս ներքո։ Անտեսանելի աշխարհի ձեր սիրելիները ապրում են ծառայելու համար և ճշմարտապես ու իրավամբ ծառայում են։ Նրանք ծառայում են Ինձ և նրանց, ում սիրում են։ Անդադար են ծառայում։
Բայց նրանց ծառայությունները, որոնք այնքան շատ են և այնքան բազմազան, դուք չեք կարող տեսնել, ինչպես որ պիտի չկարողանայիք տեսնել Իմ երկրավոր կյանքի ընթացքում, երբ հրեշտակները ծառայում էին Ինձ, անապատի փորձությունիցս հետո։
Որքան հաճախ են մահկանացուները վազում երկրավոր բարեկամների մոտ, որոնք կարող են ծառայել սահմանափակ կերպով, երբ երկնավոր բարեկամները, ազատագրված մարդկային սահմանափակություններից, կարող են նրանց ծառայել շատ ավելի լավ կերպով, կարող են ավելի լավ հասկանալ, կարող են ավելի լավ պաշտպանել, ավելի լավ ծրագրել, և մինչև իսկ ավելի լավ կպաշտպանեն իրենց դատը Իմ առջև։
ՈՒրեմն լավ կանեք` հիշելով Անտեսանելիի մեջ ապրող ձեր բարեկամներին, ընկերակցություն մշակել նրանց հետ։ Որքան շատ ապրեք այս Անտեսանելի Աշխարհի մեջ, այնքան ավելի հեշտ կլինի ձեր այս աշխարհից դուրս գալու ելքը, երբ գա ժամանակը։ Աշխարհի նեղությունները և դժվարություններն ավելի հեշտ ու տանելի կթվան, երբ դուք նայեք ոչ թե տեսանելի բաներին, այլ իրական և Հավիտենականին։
«Եվ ա՛յս է Հավիտենական Կյանքը, որ մենք կարողանանք ճանաչել Քեզ իբրև Միակ ճշմարիտ Աստված, և Հիսուս Քրիստոսը, որ Դու ուղարկեցիր»։
Երբ դուք սովորեք Ինձ ճանաչել, այն ժամանակ այդ անտեսանելի Թագավորությունն ավելի կմոտենա, և Իմ մեջ ու Ինձ ճանաչելով, այդ սիրելիները շատ մոտ և շատ ավելի սիրելի կդառնան»։
(շարունակությունը` հաջորդիվ)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3161

Մեկնաբանություններ