Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մոլորված քաղաքականություն

Մոլորված քաղաքականություն
17.09.2024 | 22:32

Քաղաքական անհասկանալի իրավիճակ է ստեղծվել Հայաստանում. խոսքը արտաքին քաղաքականության մասին է:
Արցախի խնդրով մտահոգ մեր ժողովուրդը, որ դատապարտում էր նախորդ երեք նախագահների կրավորական հարմարվողականությունը քաղաքական ոչ հայանպաստ բանաձևերի ընդունման ժամանակ, հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի հետ անվերապահ հույսեր կապեց, որովհետև հեղափոխության կոչը` «Մերժի՛ր Սերժին» էր, այսինքն` մերժում ենք այն բոլորը, ինչը սխալ ու վատ էր արել Սերժը:
Երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձեր չի կատարի, առողջ դատողություն ունեցող մարդիկ այն ժամանկ հասկացան, որ, այո՛, գետն անցնելից ձիերին չեն փոխում… Սակայն աստիճանաբար, օր օրի արտաքին քաղաքականության շեղում և շաղում էր նկատվում․ՀԱՊԿ-ը թեև մնաց իր տեղում, սակայն մենք չմնացինք ՀԱՊԿ-ում մեր տեղում։ Բայց կարծես նաև փորձ արվեց քայլեր անել դեպի եվրաինտեգրումից կտրուկ շրջադարձ արված «համապարփակին» մերձենալու: Եվ այսպես, թվում է` հավասարակշռվում էին ՀՀ արտաքին քաղաքականության նժարները: Սակայն արտաքին քաղաքականությունը չի սահմանափակվում տվյալ երկրի հարևան և դաշնակից պետությունների հետ ունեցած դիվանագիտական, առևտրաարդյունաբերական, գիտական, մշակութային և այլ հարաբերություններով, մանավանդ, եթե երկիրը պատերազմի մեջ է, և տարածքային երկուստեք պահանջներ կան: Ընդհանրապես տարածքային խնդրի լուծման հիմքում, ըստ իս, պիտի գործի պատմական արդարության գաղափարը, չեմ ասում սկզբունքը, քանի որ շատ արդար գաղափարներ վաղուց դուրս են մնացել քաղաքական սկզբունքների բանաձևումից: Սա ընդհանրապես, իսկ մասնավորապես նաև Արցախի և Նախիջևանի տարածքային պատկանելությանն առնչվող քաղաքական սկզբունքների հիմքում մենք պիտի հաստատեինք պատմական և քաղաքական արդարության գաղափարը: Պատմականորեն այս տարածքները անժխտելիորեն հազարամյակներով պատկանել են հայերիս, որտեղ մենք ապրել ենք ու մշակութային արժեքներ ստեղծել: Այդ տարածքները 1921 թվին Թուրքիայի ճնշմամբ (իսկ ես կարծում եմ` նաև Ռուսաստանում ներքին որոշ ուժերի դրդմամբ), ՌՍՖՍՀ բոլշևիկյան կուսակցության Կովկասյան բյուրոն` Ստալինի գլխավորությամբ, Արցախը` Լեռնային և Դաշտային հատվածներով և Նախիջևանը, հանձնել է, ես կասեի` Թուրքիայի հետ կայացրած քաղաքական գործարքով նվիրել է Սովետական Ադրբեջանի հանրապետությանը՝ ի գին սովետականացման:

Ըստ էության` Սովետական Ռուսաստանը իրավասու չէր կամայական որևէ երկրի, տվայլ դեպքում Հայաստանի Արցախ (Դաշտային և Լեռնային) և Նախիջևան հայաստանապատկան տարածքները բռնակցելու մի երրորդ պետության՝ Ադրբեջանին: Նույն կերպ Կարսի մարզն իր հարակից շրջաններով միջազգայնորեն չճանաչված երկու երկրների` Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի միջև կնքված ապօրինի պայմանագրով հանձնվեց Թուրքիային:
Քաղաքական տեղեկանք.

«1991 թ. օգոստոսի 29-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը հռչակեց Ադրբեջանական Հանրապետության` 1918-1920 թթ. անկախության վերականգնման մասին ակտը: Խորհրդարանի այդ նիստին ԼՂԻՄ-ը մասնակցություն չունեցավ: Ադրբեջանը, անկախության իր հռչակագրում Ադրբեջանական ԽՍՀ-ի ստեղծումը համարելով ագրեսիա, անեքսիա և զավթում, անվավեր ճանաչեց նախկին բոլոր որոշումներն ու իրավական ակտերը, հետևաբար ներառյալ՝ Ադրբեջանի իրավական իշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Դա նշանակում էր, որ Բաքուն վերջնականապես կորցրեց ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Նախիջևանի հանդեպ իր բոլոր իրավունքները: Ինչ վերաբերում է 1918-1920 թթ., ապա այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Նախիջևանը Ադրբեջանական Հանրապետության մաս չէին» (Ս.Գ.Վասիլյան,հոդված,Վիքիպեդիա,Минасян А.Карабахский конфликт,ресурсы правового подхода,Е.1998г.ст.4-21.ՈՒլուբաբյան Բ.Արցախի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը,Եր.1994թ.էջ 329):
Հիմա բնական և տրամաբանական հարց է ծագում. եթե այս տարածքները չեն եղել այն հանրապետության տարածքում, որի պաշտոնական իրավահաջորդն է ներկայիս Ադրբեջանի հանրապետությունը, ապա քաղաքական ի՞նչ հավակնություններ ունի այդ պետությունը մեր տարածքների՝ իմա՝ Արցախի և Նախիջևանի հանդեպ, եթե ոչ զավթողական: Այս հարցի շուրջ բազմիցս խոսել են մեր հայտնի քաղաքագետները, իմ հոդվածներում ես նույնպես անդրադարձել եմ դրան: Սակայն 1991թվից, երբ «ձևակերպեցին» հակամարտությունը` «տարածքային վեճ» բնորոշմամբ, ահա այդ ժամանակից այն վերածվեց ռազմական բախումների, ապա քառամյա պատերազի և
25-ամյա` ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակի, երբ զոհվում էին երիտասարդ հայ զինվորները և խաղաղ բնակիչները:

Արցախյան հակամարտության այս շինծու լարվածությունը ձեռնտու էր միայն Ադրբեջանին զենք վաճառող պետություններին: Անգամ Ադրբեջանին մեծ հաշվով այս պատերազմական տևական վիճակը ձեռնտու չէր, որովհետև երկրի ներսում հասունանում էր բնիկ ժողովուրդների դժգովությունը, քանի որ առաջնագծում հիմնականում նրանց զավակներն էին կռվում և զոհվում: Եվ նրանք իրենց համայնքների անունից քանիցս հայտարարել էին, որ ղարաբաղյան պատերազմը հայերի դեմ իրենց պատերազմը չէ:
Հիմա անդրադառնամք Ռուսաստանի՝ Ադրբեջանին հարձակողական և ոչ միայն, զենք վաճառելու խնդրին։ Այդ մասին քանիցս անդրադարձել եմ իմ հոդվածներում։
Որևէ պայմանական երկրի ռազմավարական դաշնակիցը իրավունք չպետք է ունենա զենք վաճառելու իր դաշնակից պետության թշնամի պետությանը, մանավանդ որ նրանք պատերազմի մեջ են: Սակայն եթե այդ խնդրին մոտենանք ոչ թե բարոյական, այլ առավելապես միջազգային իրավունքի տեսակետից, ապա հակամարտության միջնորդ կողմերն իրավունք չունեն զենք վաճառելու կողմերից և ոչ մեկին:

Բայց դա խախտվել է ընդհուպ մինչև 44-օրյա պատերարազմը: Խոսքս Ռուսաստանի` Ադրբեջանին հարձակողական և առհասարակ զենք վաճառելու մասին է: Ժամանակին մեր որոշ նախկին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ և քաղաքագետներ անվճար փաստաբանի պարտականություն էին ստանձնում`արդարացնելով Ռուսաստանին, թե դա «բիզնես է»:
Ո՛չ, դա բիզնես չէր: Եթե Ռուսաստանը Ադրբեջանին վաճառեր ինչ-որ սարքավորումներ, լվացքի փոշի, դեղորայք, ցորեն կամ կարտոֆիլ, դա իսկապես կլիներ բիզնես: Սակայն եթե միջնորդ երկրներից մեկը հակամարտող, իրականում պատերազմող կողմերին զենք է վաճառում, ապա դա բիզնես չէ, այլ պատերազմը մշտապես թեժ պահելու նպատակ, ինչն էլ մոտ 30 տարի հաջողվում է նրանց:
Հիմա դառնանք վերը նշածս «պատմական արդարության գաղափարին», որը, ցավոք, քաղաքական սկզբունք չի դառնում: Արցախը Հայաստանի տարածք է եղել այնքան անհիշելի ժամանակներից, որքան վաղնջական է Մեծ Հայքը, իսկ մոտակա պատմական ժամանակահատվածում` 100 տարի առաջ, այն եղել է 1918-20 թթ. Հայաստանի առաջին հանրապետության անբաժանելի և միջազգայնորեն` Ազգերի լիգայի կողմից ճանաչված տարածք:

Այստեղից հետևություն. պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի տարածքների մի մասի ազատագրվելուց հետո, այն բնականաբար պետք է միանար Հայաստանի այսօրվա հանրապետությանը, մանավանդ որ 1989 թ.դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ և ԼՂԻՄ-ի Գերագույն խորհուրդների երկուստեք միաժամանակյա որոշումներով այն վերամիավորվել է Հայաստանին: Համաձայն Ազգերի Լիգայի կողմից ճանաչված անկախ Հայաստանի դեմոկրատական Հանապետության սահմանների՝ Ադրբեջանն է, որ խորհրդային տարիներին բռնակցված Լեռնային և Դաշտային Արցախը և Նախիջևանը հայահալած քաղաքականությամբ հայաթափեց տասնամյակների ընթացքում` դեռևս պատերազմական ընդհարումներից առաջ:

Հայկական կողմը երբեք միջազգային իրավունքի սեղանին չի դրել և չի դնում այս փաստը և սույն իրավական փաստաթուղթը։ Ինչու՞, չէ՞ որ բավարար հիմքեր կային հակամարտությունը դադարեցնելու հօգուտ Հայաստանի և Արցախի: Սակայն արդարության սկզբունքը քաղաքականության և պատերազմների տրամաբանության մեջ տեղ չունի: Եթե արդարության սկզբունքը քաղաքականության մեջ տեղ չունի, այդ դեպքում մեր պարագայում նույնպես պետք է գործի պատերազմների հազարամյա գրված-չգրված այն «օրենքը», ըստ որի, պատերազմի ժամանակ գրաված տարածքը մնում է հաղթող կողմին, հաճախ` ընդմիշտ, և այդ տարածքների պատմական տերերին վերադարձնելու շուրջ բանակցություններ կա՛մ չեն լինում, կա՛մ այդ բանակցությունների ձգտումը լինում է միակողմանի և անարդյունք:

Փաստերը քիչ չեն, բայց ես կանդրադառնամ է մի քանի ակնառու փաստերի: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԽՍՀՄ-ը որպես հաղթող կողմ, բացի ահռելի նյութական ռազմավարից, Միությանը տվյալ դեպքում Ռուսաստանին միացրեց գերմանական Քյոնիքսբերգը (Կալինիգրադի մարզը) և վերադիր` Գերմանիայի մի հատվածը «սովետականացվեց», այսինքն` նույնպես բռնակցվեց հաղթող երկրին: Սոցիալիստական Գերմանիան մոտ 50 տարի կտրված էր իր բուն երկրից ու ժողովրդից գաղափարապես և տնտեսապես, մինչև երկու Գերմանիաների վերամիավորումն ու Բեռլինի պատի քանդելը, այսինքն` արդարության գաղափարի վերականգնումը:

Քյոնիքսբերգ-Կալինինգրադի` Գերմանիային վերադարձնելու վերաբերյալ մոտ 75 տարի Գերմանիայի կողմից ոչ մի պահանջ չի ներկայացվել Ռուսաստանին. տարածքը մնացել է պատերազմում հաղթողին է:

Նույնը կարող ենք ասել Ղրիմի պարագայում: Ղրիմը Ռուսաստանը նվաճել է թուրքերից, թուրքերը` հույներից: Համաձայն 230 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև կնքված համաձայնագրի` ռուսական բանակի հաղթանակից հետո թերակղզին Օսմանյան կայսրության կազմից անցնում է Ռուսական կայսրությանը: Փաստաթուղթը ստորագրել է Եկատերինա կայսրուհին:
Ինչու՞ եմ այսպես մանրամասն անդրադառնում այս պատմական իրադարձություններին: Շատ պարզ տրամաբանությամբ: ՈՒզում եմ զուգահեռներ անցկացնել ազատագրված Արցախի և Ղրիմի միջև: Նախ` զուգահեռ անցկացնենք Ղրիմի հետ, որի` Ռուսաստանին անցնելու պատմությունը մեզ հայտնի է: Ղրիմը Խորհրդային տարիներին ԽՍՀՄ կոմկուսի գլխավոր քարտուղար Ն.Խռուշչովը կամայականորեն հանձնեց, նվիրեց Ուկրաինային, որը, ինչպես և Ադրբեջանը, երբևէ պետականություն չի ունեցել, և Ղրիմը նրա համար քաղաքական մեծ նվեր էր` ելք դեպի ծով: Մոտ 60 տարի Ղրիմը սովետական ՈՒկրաինայի վարչական ենթակայության տակ էր, մինչև
2014 թիվը, ու երբ ՈՒկրաինայում քաղաքական լարվածություն ստեղծվեց, այդ ժամանակ Ռուսաստանը արագ կողմնորոշվեց և մի գիշերում մտավ Ղրիմ և թերակղզին հայտարարեց Ռուսաստանի անբաժանելի մաս` հիմնվելով 230 տարի առաջ կնքված համաձայնագրի վրա` չեղարկելով, ավելի ճիշտ` անօրինական համարելով խրուշչովյան նվիրատվությունը: Ապա անցկացվեց հանրաքվե (ինչպես անցկացվել էր ժամանակին Լեռնային Ղարաբաղում), որով օրինականցվեց Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը:
Նույնպիսի քաղաքական կամայականության են ենթարկվել Հայաստանի անբաժանելի պատմական տարածքներ Արցախը` Լեռնային և Դաշտային Ղարաբաղը և Նախիջևանը 1921թվին. Ռուսաստանի բոլշևիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի կողմից` Ստալինի գլխավորությամբ, Ադրբեջանին բռնակցվելով: Սա ընդհանրությունն է, սակայն տարբերությունը Ղարաբաղի` Ադրբեջանի վարչական ենթակայությունից դուրս գալու հարցում դաժանորեն դժվար է եղել, իսկ Նախիջևանի կարգավիճակի փոփոխման` Հայաստանին վերադարձվելու մասին խոսք անգամ չի եղել:
Մոտ երեսուն տարի է` այս պարզ հարցը դրսի որոշակի ուժերի ուղղորդմամբ անկախության առաջին տարիներին ՀՀ առաջին նախագահի թուլությա՞ն, թե՞ դրսի որոշակի ուժերին ենթարկվելու պատճառով վերածել են հիմնախնդրի, ես կասեի` թնջուկի: Ղրիմի հարցում Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը պաշտոնապես հայտարարեց. «Հարցը պատմականորեն փակված է: Ոչ մի վերադարձ լինել չի կարող»: Մեր քաղաքական գործիչները և քաղաքագետները եթե ոչ ուղիղ` պաշտոնապես, գոնե լրատվամիջոցների միջոցով պետք է հարց ուղղեին ՌԴ նախագահին, թե կարո՞ղ է արդյոք պարոն Վ.Պուտինը բացատրել, թե ինչու՞ Արցախի հարցում երրորդ կողմերը ստիպում, պարտադրում են Հայաստանին հանձնել մեր ազատագրված պատմական տարածքները Ադրբեջանին, մինչդեռ Ղրիմի պարագայում` ոչ մի վերադարձ չկա…Ես գրեցի ռուսերեն հոդված, որը հրապարակվեց

mamul.am-ում ՝ «Крым и Карабах-паралелли», համացանցում կա նաև հոդվածի տեսահոլովակը։
Ցավոք, երկակի ստանդարտները քաղաքականության մեջ ավելի շատ են եղանակ ստեղծում, քան իսկական դիվանագիտությունը: Օրինակ, մի քանի տարի առաջ ԱՄՆ նախկին նախագահ Թրամպը, առանց որևէ քաղաքական և պատմական տրամաբանության, Գոլանի բարձունքը ճանաչեց որպես Իսրայելի տարածք: Ըստ էության, այդ տրամաբանությամբ ղեկավարվող Թրամփը` որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի նախագահ, պետք է որ գոնե ճանաչեր Արցախի անկախությունը Ադրբեջանից, որի կազմի մեջ այն չի եղել առաջին հանրապետության ժամանակ: Հակառակ պարագայում մեր` հայերիս մոտ արդարացի հարց է ծագում. Ինչու՞ Գոլանի բարձունքը, որ Իսրայելը զավթել է Սիրիայից, մնում է նրան` որպես պատերազմի հետևանքով գրավյալ տարածք, իսկ մեր ազատագրված պատմական հողերը չեն ճանաչվում գոնե թե Ադրբեջանից անկախ, այսինքն՝ այն պետությունից, որն իրեն ճանաչել է մի պետության իրավահաջորդը, որի կազմում` այդ մոտ երկու տարվա գոյության ընթացքում չեն եղել Արցախն ու Նախիջևանը:
Որտե՞ղ է այստեղ տրամաբանությունը` արդարության հետ միասին:
Այստեղից դարձյալ տրամաբանական հետևություն. եթե Արցախի հարցում հաշվի չի առնվել պատմական արդարությունը, ուրեմն այս դեպքում նույնպես պետք է գործի համընդանուր ընդունված պատերազմական «օրենքը»` գրավյալ տարածքը մնում է հաղթող երկրին, ինչպես որ մնացին` Ղրիմը ` Ռուսաստանին` թուրքերից գրավելուց հետո, Քյոնիքսբերգը` Գերմանիայից, Կուրիլյան կղզիները` Ճապոնիայից…
Ահա այս սկզբունքը պետք է դրվեր արցախյան հակամարտության կարգավորման ակունքներում` 90-ականների սկզբում: Բայց քանի որ հենց սկզբից է խնդիրը խճճվել, ու դա ակնհայտ է, ուրեմն հիմա մենք պետք է վերականգնենք Մինսկի խմբի համանախագահների միջնորդական գործունեությունը՝ ի հեճուկս Բաքվի ցինիկ հայտարարությունների, թե՝ Արցախի հարցը փակված է:

Մինչդեռ սեղանին պետք է դրվեին հենց այս պատմական անժխտելի իրողությունները և միայն այդպե՛ս հարցը փակված համարել։ Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի խորացրեց այդ խճճվածությունը: Արցախը թողնվեց մենակ՝ որպես առանձին բանակցային կողմ, իսկ նրա հետ բանակցելուց հրաժարվեց Ադրբեջանը: Մինչդեռ, երբ Հայսատանի ներկայացուցիչն էր բանակցում, հենց դա էլ հաստատում էր, որ Արցախը եղել է Հայաստանի մաս:

․Սակայն ես ուզում եմ դարձյալ անդրադառնալ այն փաստին, որ 1991 թվին ԽՍՀՄ-ից անկախացող Ադրբեջանական ԽՍՀ-ն իրեն հայտարարել էր 1918-20 թթ, հանրապետության իրավահաջորդը, որի կազմում, ինչպես արդեն նշել ենք, չեն եղել Արցախն ու Նախիջանը, հետևաբար դրանք մնում էին Հայաստանի անբաժանելի մաս, քանի որ 1918 թվին Ազգերի լիգան ճանաչել էր Հայաստանի Հանրապետությունը Արցախ, Նախիջևան, Կարսի մարզ տարածքներով, իսկ ՄԱԿ-ը անտեսեց փաստորեն իր իրավանախորդ Ազգերի լիգայի որոշումը և 1991 թվին ճանաչեց Ադրբեջանի Հանրապետությունը ԽՍՀՄ վարչական սահմաններում։ Եվ դարձյալ կարևոր մի պատճառ, որ հայկական կողմը՝ Հայաստանի կառավարությունը, առհասարակ պետք է հրաժարվի Ադրբեջանի հետ որևէ հարցի շուրջ բանակցելուց:

Ինչո՞ւ:

Կարելի՞ է պատկերացնել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես` երկրի նախագահի մակարդակով Երևանը և ողջ Հայաստանի Հանրապետության տարածքը հայտարարում է Արևմտյան Ադրբեջան՝ ադրբեջանցի ժողովրդի (պատմականորեն գոյություն չունեցող մի ժողովրդի) պատմական հայրենիքը և կոչ է անում ամեն գնով «ազատագրել իրենց հայրենիքի» այդ հատվածը հայերիս բռնազավթումից, իսկ Հայաստանին պարտադրվում է մեր Հայրենիք-պետության տարածքների վրա զավթողական նկրտումներ ունեցող պետության հետ բանակցել: Բնական հարց է ծագում. այսպիսի պաշտոնական հայտարարությունից հետո, ինչի՞ շուրջ է ընթանալու բանակցությունը, որ Ալիևը մտքափո՞խ լինի և մեծահոգաբար ՀՀ տարածքը իրենց «հայրենիքի» մաս չհամարի՞:

Եվ այդքանից հետո վարչապետ Փաշինյանը խաղաղության օրակարգ է հայտարարում մեզ, մինչդեռ մեր թշնամին պատերազմով է սպառնում և նրա պաշտպանության նախարարի շուրթերով հայտարարում է, թե պատերազմը Հայաստանի դեմ կարող է սկսվել ամեն պահի:

Մի՞թե սա պատերազմի սանձազերծման կոչ չէ Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի կողմից: Այսքանից հետո, դեռ ավելին, Իլհամ Ալիևը հիշեցնում է մեզ 1975 թ. Հելսինկիի վեհաժողովի սկզբունքները` տարածքային ամբողջականության մասին: Իսկ ի՞նչ է գրված այդ վեհաժողովի սկզբունքներում:
Հելսինկիի վեհաժողովի եզրափակիչ ակտի (1975թ.) 8-րդ սկզբունքը հռչակում է.«Ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հիման վրա բոլոր ժողովուրդների իրավունքն է` լիովին ազատ, ցանկացած պահի, առանց արտաքին միջամտության որոշել իրենց ներքին և արտաքին քաղաքական կարգավիճակը և ըստ նրանց հայեցողության` հետամուտ լինել իրենց քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացմանը»:
Չմոռանանք, որ այս սկզբունքները հաջողությամբ կիրառվել են անցյալ դարի 60-70-ական թվերին, երբ ընթանում էր գաղութային կայսրությունների փլուզումը, որի հետևանքով ստեղծվեցին աֆրիկյան ժողովուրդների անկախ պետությունները: Դարձյալ մի վերապահում․աֆրիկյան ժողովուրդներն ինքնորոշվեցին և անկախացան ոչ թե Բրիտանիայի, Ֆրանսիայի և մյուս գաղութարար պետությունների պատմական հայրենիքի տարածքում, այլ հենց իրենց պատմական Հայրենիքի տարածքում, այնպես, ինչպես արցախցիները:
Որոշ քաղաքագետներ ազգերի ինքորոշման և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքները իրար հակասող են համարում: Մինչդեռ տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը հաստատում է.

«Մասնակից երկրներն իրենց երկկողմ, ինչպես նաև միջազգային հարաբերություններում պետք է ձեռնպահ մնան որևէ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ կիրառումից (այսինքն՝ արտաքին ռազմական միջամտությամբ որևէ պետության սահմանների ամբողջականության խախտումն անընդունելի է:
Իսկ Հայաստանի ինքնիշխան պետության սահմանների խախտումը Ադրբեջանի զինված ուժերի միջամտությամբ օրինակա՞ն է:-Մ․Բ-Խ):
Ակնհայտ է, որ Հելսինկիի եզրափակիչ ակտը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնակարգը և Ազգերի լիգայի դաշնաթուղթը դատապարտում են լոկ ուժի կիրառումը պետության տարածքային ամբողջականության դեմ, այլ ոչ թե անվերապահորեն հանդես են գալիս տարածքային ամբողջականության բացարձակ պահպանման օգտին (այսինքն՝ երբ ինքնորոշվող ժողովուրդը ապրում է իր պատմական տարածքում, որին, քաղաքական ինչ-ինչ նկատառումներով, այդ պետության սահմաններում տրվել է ինքնավարություն: Մ.Բ-Խ․) (Արա Պապյան, «Ինքնորոշում և տարածքային ամբողջականության սկզբունքները միջազգային իրավունքում , Լեռնային Ղարաբաղի օրինակը ,«21-րդ դար»,թիվ 4.32.2010թ.)»:
Ահա այս սկզբունքներին պիտի հետամուտ լինեինք մենք` հայերս, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակեց նախկին քաղաքական թյուր կողմնորոշումը և դարձյալ շեղվեց ոչ միայն արցախանպաստ քաղաքական վեկտորից, այլև Հայաստանն է տանում մասնատման և քաղաքական անզորության: Եվ հետևանքներն ակնհայտ են․Ադրբեջանը իր կապիտուլյացիոն քաղաքականությամբ քայլ առ քայլ, առանց ռազմական գործոությունների՝ նպատակ ունի Հայաստանի ինքնիշխան տարածքների հաշվին սահմանազատում և սահմանագծում իրականացնելու: Եվ ոչ միայն ցավալի է, այլև քաղաքական անբացատրելի լյապսուս է Հայաստանի հանդեպ, քանի որ 44-օրյա պատերազմում Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես պատերազմող կողմ չի եղել, հետևաբար Հայաստանը չի պարտվել և Ադրբեջանի կապիտուլյացիոն պահանջները Հայաստանի հանդեպ միջազգայնորեն ճանաչված պատերազմական օրենքի բացահայտ խախտում է, այս հարցին ես անդրադարձել եմ 2020 թվի նոյեմբերի 9-ի «դավադրագիրը» ստորագրելուց երեք օր հետո՝

նոյեմբերի 13-ին՝ «Նոյեմբերի 9-ի դավադրագիրը քաղաքական ուժ չունի» հրապարակմամբ:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 7822

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ