ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ո՜ տայր զծուխ ծխանի

Ո՜ տայր զծուխ ծխանի
14.11.2024 | 07:30

Սղոցում է հոգիս խորունկ ցավն այս կրկին.

Մի պտղունց մասունք է` երազով շաղախված,

Մի բուռ ազգ հինավուրց, որի ծեծված գլխին

Լինել-չլինելու հարցականն է կախված:

Ողբա՜մ զքեզ… Բայց ո՛չ…ողբով ի՜նչ ենք շահել.

Հարկահան էինք`դարձել ենք հարկատու,

Մենք բարությամբ մեր հոգին ենք ծիածանել,

Երբ քաջերի սահմանն իրենց սուրն է հատու:

ՈՒ տե՛ս՝ շեն մի երկիր`լքված խիղճն աշխարհի,

Այսօր կոխկռտվում է ոտքի տակ օսմանի,

Իսկ մենք ողբում ենք զուր արդեն հարյուր տարի

ՈՒ ոռնում կարոտից. «Ո՜ տայր ինձ զծուխ ծխանի»:

Մայրամուտ է ահա արնակոխ աչքի պես.

Մեր իսկ աչքի առաջ մեր երազն են մորթում.

Խոշոր հաշիվներում` մանրադրամ որպես,

Զոհ ենք դառնում նորից այս վայրապար երթում:

Տարօրինակ ուխտ է. ողջակիզման բովում

Հին դարերից եկող ուխտավորն է նույն վեհ.

Քանի՜-քանի՜ անգամ դաժան թոհուբոհում

Այս ծախված աշխարհի բագինին է դրվել:

Քանի՜-քանի՜ անգամ փյունիկվել է նորից

ՈՒ մարմնացել հոգուց արդեն քանի՜ անգամ,

Զորավիգ է հայցել նա Երկնային Հորից,

Բայց փոխարեն` խաչն է կրել արյունաքամ:

Մայրամուտն արնագույն սարսուռ է ու վախճան.

Հորիզոնում լույսն ու խավարն են գուպարում.

Կշառափի՞ այգն իր լույսը անդավաճան,

Երբ սև ուժերն ազատ կամքն են բռնաբարում:

Ճամփագլխին ահա նույն վիշապն է նորից,

Նույն առուծախն էժան, նույն գարշելի շուկան.

Պտտվում է բախտի կարուսելն ահալի,

Եվ այդ կարուսելում, ինչպես որ միշտ, մենք կանք:

Գո՞հ ես, ո՛վ հայի բախտ, թե՞ էլի ես դժգոհ.

Ծախված համբույրով ես դու միշտ շանթահարում.

Սիրախաղի սովոր նույն խարդախն անբարո

Խաչը ձեռքին` մեր դեմ պորտապար է պարում:

Նույն քոչվորն է վայրագ` արդարության քողով

Ծիսապարի մտել քաղաքական կրկես,

Վայրահաչ է տալիս հիվանդ իր ուղեղով,

Շղթաներն է կրծում քսի տված շան պես:

Նույն աշխարհն է համր` կեղծ ժպիտով շողոմ.

Դրսից քահանա է, ներսից` նույն սատանան.

Խուլ ու կույր է, երբ որ դահիճներն անհամար

Հոշոտում են, հաշմում զոհին արյունաքամ:

Նախնիներն են հառնել անասելի ցավից,

ՈՒ դարերի խորքից ձայնն է հնչում ահեղ.

«ՈՒշքի՜ եկեք, հայե՛ր, էլ չխաբվե՛ք դավից,

Ոգի՛ առեք Արարատից մեր փառահեղ»։

Պահե՛ք մեր հայրենին, որ ամեն մի դահիճ

Չհանդգնի մեզնով անբավ ոսկի դիզել.

Հայկա զարմից եք դուք` Հայկի նման կտրիճ.

Ամոթ է ձեզ օտար գարշապարը լիզել:

Վաղը ուշ կլինի, վաղը ուժեղինն է,

Հապաղելը մահ է, եղեք լուրջ ու խոհեմ,

Որ ողբալով չասեք՝ մեր մեղքերի գինն է,

Ավերակացս հիմա ես ու՞մ թագավորեմ։

Հասմիկ ՎԱՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ