38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հավասարակշռության վերականգնման ճանապարհին

Հավասարակշռության վերականգնման ճանապարհին
15.07.2008 | 00:00

Ինչպես հայտնի է, հուլիսի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը քառօրյա այցով մեկնեց ԱՄՆ։ Սա Հայաստանի արտաքին գերատեսչության նոր ղեկավարի առաջին այցն է Վաշինգտոն, և, ինչպես տեղեկացրին լրատվամիջոցները, նախատեսված են նրա հանդիպումները ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գրասենյակում և այլն։ Է. Նալբանդյանը ելույթ կունենա Կարնեգիի հիմնադրամում, կհանդիպի Ամերիկայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Նախագահական ընտրությունների ավարտից գրեթե հինգ ամիս անց Հայաստանի նոր արտգործնախարարին ուղղված հրավերը վկայում է, որ հայ-ամերիկյան հարաբերություններում նախընտրական և հետընտրական զարգացումների արդյունքում առաջացած որոշակի սառնությունը տեղի է տալիս։ Այսինքն՝ ԱՄՆ-ը, նախագահական ընտրություններում բավական բացահայտ աջակցելով ընդդիմության թեկնածուներից մեկին և դրա արդյունքում հետընտրական զարգացումներում փորձելով որոշակի ճնշում գործադրել իշխանությունների վրա, այժմ անցնում է այդ նույն իշխանության հետ գործակցելու քաղաքականության։ Ինչը վաղ թե ուշ պետք է տեղի ունենար, որովհետև բացառված է, որ իր քաղաքականության մեջ միշտ պրագմատիկ Վաշինգտոնը հավերժ սառը հարաբերություններ հաստատեր Հայաստանի հետ միայն այն պատճառով, որ երկրում ժողովրդավարության զարգացման աստիճանը կամ էլ Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումները լիովին չեն արտահայտում ամերիկյան ցանկությունները։ Կան խնդիրներ ինչպես տնտեսական, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերի հետ կապված, որոնք Վաշինգտոնի մշտական ուշադրության կենտրոնում են և նրա հոգածության հիմնական առարկան։ Իսկ հարավկովկասյան տարածաշրջանն այդ խնդիրների լուծման համատեքստում ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից առնվազն վերջին տասնամյակի կտրվածքով ունի առանձնահատուկ նշանակություն։ Հետևապես, Միացյալ Նահանգները Հայաստանում փորձելու են աշխատել ցանկացած իշխանության հետ, ինչպիսի գույն և կողմնորոշում էլ ունենա վերջինս։ Եթե, իհարկե, տվյալ իշխանությունը նույնպես գիտակցում է ԱՄՆ-ի՝ իբրև կարևոր աշխարհաքաղաքական բևեռի հետ հարաբերությունների և համագործակցության անհրաժեշտությունը։
Անշուշտ, ամերիկյան ներկա վարչակազմի պաշտոնավարությունն ավարտին է մոտենում։ Եվս մի վեց ամիս, և Բուշի վարչակազմին, ամենայն հավանականությամբ, Բարաք Օբամայի գլխավորությամբ փոխարինելու կգա նոր դեմոկրատական վարչակազմը։ Սակայն դա չի նշանակում, թե Բուշի վարչակազմն իր գոյության վերջին ամիսներին պիտի անտեսեր Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման անհրաժեշտությունը։ Ճիշտ հակառակը, այդ հարաբերությունների վերականգնումը և դրանք գոնե նախկին որակով ապագա վարչակազմին փոխանցելն է հայ-ամերիկյան հարաբերություններում այսօրվա հիմնական խնդիրը։
Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Է. Նալբանդյանի այցը Հայաստանի համար այս փուլում։ Առաջին հերթին թերևս այն, որ տեղի ունենա հայ-ամերիկյան հարաբերությունների նորմալացում։ Չպետք է մոռանալ, որ եվրոպական քաղաքական ասպարեզում Հայաստանի հնարավոր հաջողությունները դարձյալ շատ բանով պայմանավորված են ԱՄՆ-ի հետ ունեցած փոխհարաբերություններով։ Այսինքն, եթե Վաշինգտոնի ազդեցությունն անհամեմատ փոքր է Փարիզի կամ Բեռլինի վրա, քանզի Ֆրանսիան և Գերմանիան, իբրև մայրցամաքային Եվրոպայի առանցքը կազմող պետություններ, լիովին ազատ են իրենց գործողություններում և արտաքին հարաբերություններում ունեցած նախապատվություններում, ապա այդպես չէ եվրոպական այլ երկրների պարագայում։ Լեհաստանը, Չեխիան, արևելաեվրոպական այլ պետություններ հետխորհրդային տարածքի երկրների հետ իրենց հարաբերությունները կառուցելիս շատ կողմերով հաշվի են նստում Վաշինգտոնի կարծիքի հետ։ Իսկ այս երկրների հետ հարաբերությունները ևս կարևոր են Հայաստանի համար` եվրոպական ինտեգրացիայի քաղաքականության մեջ նորմալ առաջընթաց արձանագրելու առումով։
Բացի վերոնշյալից, մեզ համար առկա է նաև շատ կարևոր մի հանգամանք. ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նորմալացումը Հայաստանին անհրաժեշտ է թեկուզ այնքանով, որ Վաշինգտոնը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության կազմում ընդգրկված և այդ գործընթացում առանցքային դերակատարություն ունեցող միջնորդներից մեկն է։ Հայաստանի հետ երկկողմ սառը հարաբերությունները, այսպես թե այնպես, չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ միջնորդական առաքելության կազմում ԱՄՆ-ի քաղաքականության վրա։ Եվ ճիշտ հակառակը՝ այդ հարաբերությունների նորմալացման պայմաններում է միայն հնարավոր ակնկալել ամերիկյան կողմից օբյեկտիվ դիրքորոշում։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ում դեմոկրատների իշխանության գալու պարագայում, անկասկած, փոխվելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահը։ Այսինքն, եթե Մեթյու Բրայզան անցած տարիների ընթացքում ելնելով, անշուշտ, հանրապետական վարչակազմի նախապատվություններից, այսպես թե այնպես, ներկայացել է որպես առավել ադրբեջանամետ, դա դեռ չի նշանակում, թե նույնը շարունակվելու է, երբ Սպիտակ տան նոր վարչակազմը նրան փոխարինի այդ պաշտոնում այլ դեսպանով։
Այս կապակցությամբ միաժամանակ պետք է նկատի ունենալ ռուս-ադրբեջանական հարաբերությունների վերջին զարգացումները։ Համենայն դեպս, ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության մասին երկու երկրների նախագահների կողմից ստորագրված վերջին հռչակագիրը ոչ անհիմն մտահոգության առիթ է դարձել հայաստանյան մամուլում և քաղաքական շրջանակներում։ Կան հիմնավոր տեսակետներ, որ Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում աստիճանաբար ենթարկվում է որոշակի սրբագրման, և Կրեմլը տարածաշրջանում առաջնահերթությունների կամ ռազմավարական դաշինքների քաղաքականությունից փորձում է անցում կատարել հավասարակշռության քաղաքականություն։ Որի համատեքստում Հայաստանն ու Ադրբեջանը Մոսկվայի շահերի տեսակետից առնվազն դիտարկվելու են գրեթե նույն հարթության վրա, ինչն իր հերթին բերելու է և արդեն բերում է Ռուսաստանի դիրքորոշումների որոշակի փոփոխության ղարաբաղյան հարցում։ Այս իրողությունը նկատի ունենալով՝ միանգամայն բնական է, որ Հայաստանն էլ պետք է փորձի ավելի բազմավեկտոր քաղաքականություն վարել և առանձնապես ուժեղացնել նախագահական ընտրություններից հետո որոշակիորեն թուլացած արևմտյան վեկտորը։
Հայ-ամերիկյան հարաբերությունների նորմալացումը Հայաստանին նույնքան անհրաժեշտ է երկկողմ հարթության մեջ՝ նկատի ունենալով մոտակա հեռանկարը։ Վեց ամիս հետո, երբ Բուշի վարչակազմին, թերևս, փոխարինելու կգա Օբամա-Քլինթոն զույգի ձևավորած կառավարությունը, համագործակցության անհամեմատ ավելի լավ հեռանկարներ կբացվեն։ Այս համատեքստում պետք է նկատի ունենալ, որ ԱՄՆ-ում գործող հայկական լոբբին միշտ ավելի արդյունավետ է աշխատել հենց դեմոկրատական վարչակազմերի պարագայում, և այդ ազդեցությունը Վաշինգտոնում, ընդհանուր առմամբ, նպաստավոր վերաբերմունք է ձևավորել Հայաստանի նկատմամբ։ Լավագույն վկայություն կարող է հանդիսանալ թեկուզ այն փաստը, որ հենց Կոնգրեսի դեմոկրատական մեծամասնության հետ համագործակցության արդյունքում հաջողվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում ներառել և դրական քննարկումների արդյունքում որոշում ընդունել հայոց ցեղասպանության հետ կապված բանաձևի նախագծի վերաբերյալ։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 6621

Մեկնաբանություններ