Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Հին իներցիան շարունակում է գործել

Հին իներցիան շարունակում է գործել
14.10.2008 | 00:00

ԱՆԴՐԱԴԱՐՁ ԲԱՑ ՆԱՄԱԿԻՆ
Վերջերս «Իրավունքը de facto»-ն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակ էր տպագրել, որի տակ ստորագրել էին Երևանի Սայաթ-Նովա 12 շենքի ութ բնակիչներ՝ իրենց դժգոհությունը հայտնելով «Բունկեր» կարաոկե-ակումբի գործունեությունից։ Օրեր առաջ խմբագրություն այցելեցին նույն շենքի մի քանի բնակիչներ՝ երկրի ղեկավարին ուղղված պատասխան բաց նամակով։ Մամուլի մասին օրենքի տողին հավատարիմ՝ տպագրում ենք նաև ութ ստորագրություններով կնքված հիշյալ նամակը՝ տրամագծորեն հակառակ բովանդակությամբ։
«Մեծարգո նախագահ
Եվս մեկ անգամ ստիպված ենք կտրել Ձեզ բուռն աշխատանքային առօրյայից և Ձեր ուշադրությունը հրավիրել մեր վրդովմունքը հարուցած մի խնդրի վրա։ Ձեզ նորից անհանգստացնում են մայրաքաղաքի Սայաթ-Նովա 12 շենքի բնակիչները՝ «Բունկեր» կարաոկե-ակումբին առնչվող հարցով, որը միայն առերևույթ է թվում փոքր ու աննշան, իսկ իրականում բավականին լուրջ ենթատեքստ ունի։ Անչափ զարմացած ու զայրացած ենք «Իրավունքը de facto»-ում վերոհիշյալ շենքի մի քանի բնակիչների ստորագրությամբ Ձեզ հասցեագրված բաց նամակի առիթով, որը բացարձակ անհեթեթություն է և որևէ կապ չունի իրականության հետ։ Ամբողջ խնդիրն այն է, որ նախկինում այնքան էլ լավ համբավ չունեցող «Բունկերն» այսօր էլ դժվարությամբ է ձերբազատվում հին շտամպից, թեև ակումբի տարածքը վարձակալած բավականին պատրաստված ու կիրթ երիտասարդներն ամեն ինչ անում են այդ ուղղությամբ: Ասենք ավելին. եթե ակումբը պատշաճ մակարդակի սպասարկում չապահովեր, մի՞թե շենքի բնակիչներս ընտանյոք հանդերձ հաճախակի կօգտվեինք վերջինիս ծառայություններից: Բնականաբար, ոչ: Այդ այցելությունների ժամանակ էլ ծանոթացանք ակումբը վարձակալած երիտասարդների հետ, որոնք հավաստիացրին, թե ներսի աղմուկը, նոր տեղադրված ձայնամեկուսիչ սարքերի օգնությամբ, կխլացվի ու բնավ չի անհանգստացնի ոչ գիշերն իրենց բնակարաններում հանգստացող մեծահասակներին, ոչ ցերեկը դաս սովորող երեխաներին: Ի դեպ, այցելությունների ընթացքում համոզվեցինք նաև, որ ակումբի ներսում և դրսում շուրջօրյա պատշաճ կարգուկանոն են ապահովում անվտանգության ծառայողները, ինչը չափազանց գովելի փաստ է: Թեև «Իրավունքը de facto»-ում տպագրված նախորդ բաց նամակի հեղինակներն ահազանգել էին, թե ակումբ են հաճախում կասկածելի վարքի տեր աղջիկներ, սակայն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ ո՛չ ակումբում, ո՛չ նրա մատույցներում երբևէ չենք հանդիպել վատահամբավ պարմանուհիների: Ավելին, ակումբի տնօրենությունը մեզ տեղեկացրեց, որ իրենց դռները փակ են կասկածելի վարքի տեր աղջիկների առաջ, իսկ միայնակ տղաներին էլ խիստ ընտրությամբ են ներս թողնում: Հակառակ դրան, ակումբում հաճախակի են ընտանեկան հավաքույթներ կազմակերպվում, որոնց մասնակիցն ենք եղել նաև մենք` ներքոստորագրյալներս: Ինչ վերաբերում է նախկին բաց նամակի տակ ստորագրած բնակիչներին, տեղեկացնենք, որ մեզ այդպես էլ չհաջողվեց ճշտել, թե իրականում ովքեր են նրանք, քանի որ մասնավոր զրույցների ժամանակ շենքի բնակիչներից և ոչ մեկը տեղյակ չէր հիշյալ նամակի բովանդակությունից: Այս փաստը առիթ է տալիս եզրակացնելու, որ շենքի բնակիչների անունները շահարկելով՝ ինչ-որ մեկը կամ ոմանք սեփական բիզնես-հետաքրքրություններն են առաջ մղում, թերևս, ակումբի տարածքը յուրացնելու միտումով: Մենք դատապարտում ենք նման վարքագիծը, առավել ևս, երբ ինչ-ինչ մութ հաշիվներ մաքրելու համար փորձում են ներքաշել մեզ` բանից անտեղյակ բնակիչներիս»:
Սայաթ Նովա 12 շենքի մի խումբ բնակիչներ

Դիտվել է՝ 8698

Մեկնաբանություններ