Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Անկայուն և թուլացող պետականություններին միշտ փոխարինելու է եկել օտարի իշխանությունը

Անկայուն և թուլացող պետականություններին միշտ փոխարինելու է եկել օտարի իշխանությունը
30.11.2023 | 12:22

Մեր ներկա վիճակի հետ կապված տարբեր բնույթի հարցեր քննարկելիս նախորդ գրառումներում նշվել էր, որ Արտաշեսյանների ժամանակաշրջանի հաջողություններից հետո մեր զարգացումների հիմնական տենդենցը եղել նահանջը, լինի դա պետականություն կորցնելը, տարածքներ կորցնելը, թե բնակչության կորուստն ու արտագաղթը, իհարկե, որոշ բացառություններով՝ Արշակունիների, Բագրատունիների ու Արծրունիների ժամանակ, ինչպես նաև խորհրդային շրջանում, երբ ունեինք տարբեր մակարդակի ինքնիշխանություններով պետականություն։

Այս կամ այն աստիճանի հաջողված կամ պարզապես անկայուն և ավելի ու ավելի թուլացող պետականություններին միշտ փոխարինելու է եկել օտարի իշխանությունը, իր տարբեր մակարդակի ռեպրեսիվ քաղաքականությամբ, որն առաջին հերթին ուղղված է եղել մեր էլիտայի դեմ, քանի որ միշտ էլ գլխատված ժողովուրդը ավելի հնազանդ և ձեռնտու է լինում նվաճողի համար։

Այսօր շատ ենք խոսում ներկա ժամանակների կատաստրոֆիկ մասշտաբների հասած մարդկանց արտագաղթի մասին Հայաստանից, բայց տարբեր ժամանակներում այդ երևութը միշտ էլ եղել է, քանի որ մայր երկրում նվաճողների ճնշման տակ ապրելը դարձել է անհնարին, մանավանդ թուրքերի գալուց հետո։

Բայց արտագաղթն ինքը տարբեր ժամանակներում կրել է նաև այլ, ավելի կազմակերպված բնույթ, ինչպես դա եղել է, ասենք, Բյուզանդիսյի վերջին հարյուրամյակների պատմության ընթացքում, երբ հազարամյա, համեմատաբար բարեկեցիկ կյանքը բերել էր կայսրության հիմնական բնակչության պասիոնարության անկման, որի պատճառով նրանք մշտապես զգում էին որակյալ ռազմական ուժի կարիք։

Փաստորեն, Բյուզանդական կայսրությունը մշտապես ունեցել է խառը հունա-հայկական բնակչություն, քանի որ Փոքր Հայքը համարյա մշտապես է եղել կայսրության կազմում, իսկ Մեծ Հայքի հսկայական տարածքներ՝ բավականին երկար ժամանակահատվածներ։

Իսկ, թուրքերի գալուց առաջ և հետո արդեն տարբեր հայկական իշխանական տներն են իրենց բնակչության հետ միասին տեղափոխվել կայսրության տարածք, Բյուզանդիայի անհեռատես արտաքին քաղաքականության պատճառով, որի համար էլ Հայաստանը կործանվեց և կայսրության արևելյան սահմաններն էլ մնացին բաց ու անպաշտպան։

Ընդհանրապես, երբ որևէ երկիր նվաճվում է օտարի կողմից, հիմնական նախկին բնակչությունը ստիպված հեռանում է առաջին հերթին պետական կյանքից և, բացի դրանից պակասում են մարդկանց իրավունքներն ու հնարավորությունները և ավելանում են կյանքին սպառնացող վտանգներն ու ռիսկերը։

Իսկ այն ծայրահեղ դեպքերում, երբ նվաճող ժողովուրդը գտնվում է նվաճվողից շատ ավելի ցածր քաղաքակրթական մակարդակում և, մանավանդ, լինելով արյունարբու ու վայրագ, ինչպես դա եղավ թուրքերի դեպքում, շատ արագ նվաճված նախկին ծաղկուն երկրները վերածվում են արոտավայրերի։

Այսպես, ամբողջ Հայկական լեռնաշխարհը և ոչ միայն, դարձավ թուրքացեղերի ու նրանց ստեղծած տարբեր բնույթի իշխանությունների փոխադարձ թալանի ու անվերջ ավերածությունների ասպարեզ, որի հիմնական տուժողը տեղի բնակչությունն էր։

Այս ամենի նկարագրությունը կարելի է գտնել Մատթեոս Ուռհայեցու և Անանուն Ասորու ժամանակագրություններում, իսկ ժամանակակիցներից՝ Երեմեևի «Թուրքերի Ծագումը» գրքում։

Դրանից բացի, սկսվեց հայերի ու հույների շատ արագ թրքացման պրոցեսը, բայց, այնուամենայնիվ և հայերի, և հույների մի մասը չփոխեցին իրենց կրոնը ու սկսվեց նրանց պայքարը իրենց գոյությունն ու ինքնությունը պահպանելու օրհասական պայքարը, որը և նրանց շատ թանկ նստեց։

Կրոնափոխ չեղած և հայերի, և հույների կյանքի պայմանները կտրուկ փոխվեցին դեպի վատը, երբ ամենաաննշան զանցանքի համար կամ առանց զանցանքի, մորթվելն ու թալանվելը ամենսովորական բանն էր։

Այսինքն նրանց կյանքի հնարավորությունները կտրուկ պակասեցին, իսկ վտանգներն ու ռիսկերը կտրուկ մեծացան։

Իսկ մարդու բնույթն այնպիսին է, որ կյանքի ցանկացած նոր պայմաններին նա ադապտացվում է այնպես, որ ստեղծված իրավիճակում իր ապրելու շանսերը հասցնի հնարավոր առավելագույնին։

Դա ստիպեց հայերին ու հույներին քաշվել դեպի այն գործունեության ոլորտները, որտեղ թուրքերը համապատասխան հմտություններ չունեին, կամ էլ դրանք համարում էին արհամարհելի իրենց նման կռվող քաջ մարդու համար։

Այս իմաստով շատ հետաքրքիր տեղեկություններ է թողել Թուրքիայում խորհրդային դեսպան Արալովը անցյալ դարի 20-ականների սկզբում, մի ժամանակահատված, երբ Լենինի և Աթաթուրքի սիլիբիլին իր բարձրակետում էր գտնվում։

Նա ասում է, որ Աթաթուրքի իշխանության առաջին գործերից էր Էրզրումում պայտարների դպրոց բացելը, քանի որ բանակի ձիերը մնացել էին առանց պայտերի, իսկ այդ գործն անող հայերին ու հույներին արդեն կոտորել էին, թուրքերի մեջ էլ պայտար չկար։

Ինչևէ, թուրքերի գալով, մասնավորապես հայերը, ինքնուրույն կյանքով իրենց երկրում ապրող և համապատասխան մտածելակերպ ու հոգեբանություն ունեցող մարդկանցից աստիճանաբար վերածվեցին ստրկամիտ ու անիրավունք մարդկանց։

Բայց և միաժամանակ, կյանքը կազմակերպելու չնչին հնարավորությունների և գոյության ծանր ու ռիսկային պայմանների զուգակցումը, հոգեբանական նահանջի և նախկին հատկությունների մի մասի մասնակի կորստի հետ միասին մերոնց թույլ տվեց ձեռք բերել շատ կարևոր նոր հատկությունների փունջ, որի մասին՝ հաջորդիվ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3295

Մեկնաբանություններ