Ադոլֆ Հիտլերը Աթաթուրքի կիսանդրին պահում էր իր գրասենյակում, Օսվենցիմի պարետ Ռուդոլֆ Հեսը իր հուշագրություններում, որոնք գրել է մահապատժին սպասելիս, խոստովանել է, որ առաջին անգամ սպանել է թուրքական բանակում ծառայելիս՝ Առաջին աշխարհամարտի տարիներին: Չսխալվեք. երիտասարդ նացիստները երիտթուրքերի լուրջ երկրպագուներն էին՝ գրում է հայկական ծագում ունեցող ամերիկացի հայտնի գրող, հրապարակախոս Քրիս Բոհջալյանը Bostone Globe-ում:
«Հայոց ցեղասպանությունը կոչել այնպես, ինչպես կա» հոդվածում Բոհջալյանը գրում է, որ մեկ դար առաջ երիտթուրքեր Թալեաթ փաշան, Ջեմալ փաշան, Էնվեր փաշան Օսմանյան կայսրության առաջնորդներն էին և Հայոց ցեղասպանության «ճարտարապետները»: Օսմանյան կայսրությունում բնակվող յուրաքանչյուր 4 հայից 3-ը սպանվեց իշխանությունների կողմից. Ստամբուլից դուրս բնակվող ժողովուրդները՝ հայեր, ասորիներ, հույներ, էթնիկապես բնաջնջվեցին:
Գերմանացիները՝ Օսմանյան կայսրության դաշնակիցները, ևս այնտեղ էին: Նրանք այդ ամենի ականատեսն են եղել: Գերմանացի դիվանագետների Հալեպից Էրզրում ուղարկված հեռագրերը, որտեղ նշվում էր կոտորածների մասին, այնքան հստակ են, որքան սովամահ երեխաների և մահացող կանանց պատկերող գերմանացի բժիշկ Արմին Վեգների լուսանկարները: Չնայած գերմանացիների մի մասը ապշահար էր տեսածից, մյուսներն ակնհայտորեն ոգեշնչվեցին:
Պատերազմից հետո Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ավարտին հասցրեց երիտթուրքերի գործը՝ բանակին հանելով հայերի և հույների դեմ: Այնուհետև ստալինյան ֆանատիզմով նրա կառավարությունը սկսեց վերաշարադրել պատմությունը՝ ժխտելով կոտորածները: Հայերը զոհից դարձան դավաճան: Իրական պատմությունը ջնջվեց: Ահա թե ինչու է Թուրքիան այսօր պաթոլոգիկ մոլուցքով շարունակում հերքել ցեղասպանությունը:
Այսօր՝ ապրիլի 24-ին, ամբողջ աշխարհի հայերը հիշատակում են Ցեղասպանության զոհերի հիշատակը: 102-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահը, ըստ ամենայնի, ևս մեկ էֆեմիզմ կգտնի «ցեղասպանություն» բառի համար, քանի որ երկինքն արգելում է Ամերիկային ռիսկի դիմել և դեմ դուրս գալ Թուրքիային: Կոնգրեսը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և ես հույս չունեմ, որ այս մարդը բարոյականություն կդրսևորի «ռեալ պոլիտիկում»:
Հոդվածագիրը հիշեցնում է, որ Գերմանիան, այնուամենայնիվ, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Պատմաբանները հաճախ ասում են, որ ցեղասպանության վերջին փուլը ժխտումն է, ինչն էլ դառնում է հաջորդ փուլի նոր սկիզբ:
Հնարավոր է, որ Հոլոքոստ լիներ նաև առանց Հայոց ցեղասպանության, բայց ինչպես ասում է պատմաբան Ստեֆան Իհրիգը՝ նացիստներն այնտեղ էին, երբ երիտթուրքերն «աշխատում էին»: Նրանք տեսան՝ ինչքան հեշտ է լուծել էթնիկ փոքրամասնություն կազմող ժողովրդի խնդիրը: Չէ՞ որ 1939 թ. Հիտլերն ասել է՝ «Ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածները»: Ահա թե ինչու ԱՄՆ-ը պետք է վերջ տա բառախաղերին, երբ խոսքը Հայոց ցեղասպանության մասին է: