Երևանի թիվ 1 ընտրատարածքի 2/22 տեղամասում հետաքրքիր դեպք է տեղի ունեցել: Քվեարկելուց հետո քաղաքացին վերջին պահին ծրարի վրա դրել է 20 հազար դրամանոց ու հայտարարել, որ ազգը չի վաճառվում:
Այս դրվագը խիստ խորհրդանշական է ու բացի նրանից, որ ավարտված ընտրության սակավ լուսավոր դրսևորումներից մեկն է, նաև բացահայտում է մեր հասարակության մոտ առկա քաղաքացիական պոտենցիալը:
Չկարծեք, թե մեր ամբողջ ժողովուրդը մասնակցեց արցախյան պատերազմին: Մի քանի հազար նվիրյալները, իրենց անձնազոհությամբ ու հերոսությամբ, կարողացան բեկել պատմությունը, պատերազմը դարձնել համաժողովրդական, հաղթանակը` համազգային:
Քսան հազարը, ըստ էության, իշխանության երեսին նետած քաղաքացին գուցե շատերի պես այդ գումարի կարիքն ուներ, բայց նա նույն անձնվերն է ու հերոսը: Այս անգամ` ոչ թե պատերազմի դաշտում, այլ` քաղաքացիականության ու զոռբայության պայքարում: Ժողովրդավարությունը նույնպես նվաճում են, դրա համար հոգի են տալիս` քսան հազարից հրաժարված քաղաքացու օրինակով:
Մեր անծանոթ հերոսն ապտակել է ամեն ինչ փողով չափող իշխանություններին ու նրանց ռեսուրսային «այլընտրանքին»:
Անկախ ընտրությունների արդյունքներից ու սեփական համոզմունքներից` քաղաքացին նաև մեսիջ է հասցեագրել այն ուժին կամ ուժերին, որոնք ապրիլի 2-ից հետո նոր ընդդիմության հայտ կներկայացնեն` խորհրդարանում կամ դրա պատերից դուրս: Ընդվզող քաղաքացու այդ տեսակը ժողովրդավարության, քաղաքացիականության շիվն է, որը պետք է փայփայել, խնամել: Ոչ թե վերջին մեկ ամիսը, այլ` հինգ տարի շարունակ, որպեսզի հնարավոր լինի ճաշակել ժողովրդավարության և քաղաքացիականության պտուղները:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ