Հայաստանում ու Արցախում բացվող յուրաքանչյուր խաղաղ օր մեր բյուրավոր նահատակների ու Վազգեն Սպարապետի հիշատակի ամենավառ վկայությունն են, այսօր Ծիծեռնակաբերդում Վազգեն Սարգսյանի ծննդյան 58-ամյակի միջոցառմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Հայկական բանակի կազմավորման և Արցախյան ազատամարտը հաղթանակով պսակելու գործում անչափելի ավանդ ունեցող մեր ավագ ընկերոջ և զորավարի անունն այսօր մեզ համար այլևս ուրիշ խորհուրդներ ունի: Առաջին՝ որոշ ժամանակ պիտի անցներ, ողջ խորությամբ հասկանալու համար 1994-ին թշնամուն պարտադրված այս հաղթական զինադադարի ու ավելի քան երկու տասնամյակ շարունակվող փխրուն խաղաղության հսկայական արժեքը: Երկրորդ՝ ժամանակ էր պետք հասկանալու և վերաիմաստավորելու այս խաղաղությունը պահպանելու համար հայկական բանակի գործադրած անչափելի ջանքերի շատ մեծ գինը»,- ասաց պաշտպանության նախարարը: Նա ընդգծեց՝ Վազգեն Սարգսյանն այն գործիչն էր, որը կարողացավ անպարտելիության հավատ ներշնչել իր ժողովրդին:
«Այսօր, երբ աշխարհը փոթորկվել է ամենատարբեր սպառնալիքներից, իսկ Եվրոպան և Արևելքն ալեկոծվում են չհայտարարված պատերազմներից ու խաղաղությունը և անվտանգությունը վտանգված են երկու աշխարհամասերում, Հայաստանն ու Արցախը դիմակայում են դրանց արձագանքը հանդիսացող բազմաթիվ մարտահրավերների: Առավել քան երբևէ մենք միասնականության կարիքն ունենք, առավել ևս, երբ հակառակորդն արդեն չի էլ թաքցնում, որ նախահարձակ լինելու համար սպասում է ընդամենը պատեհ առիթի»,- ասաց Վիգեն Սարգսյանը։ «Այսօր էլ սահմաններում անհանգիստ է և դարանակալ թշնամու հարձակումները հետ մղելիս մենք ամեն ամիս գտնում ենք մեր նորօրյա հերոսներին, նրանց յուրաքանչյուր խիզախում, հակառակորդի հետ շպրտված ամեն մի դիվերսիոն խումբ, Հայաստանում ու Արցախում բացվող յուրքանչյուր խաղաղ օր մեր բյուրավոր նահատակների ու Վազգեն Սպարապետի հիշատակին են»,- նշեց նա։
Վիգեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ԵԿՄ-ին միջոցառման համար, նշելով, որ «հայկական բանակն ու ԵԿՄ-ն այն երկու կարևորագույն կառույցներն են, որոնց միասնությունն արդեն վաղուց դարձել է Հայաստանի և Արցախի անվտանգության կարևորագույն գրավականը»: