Իսկ քանի՞ մարդ այսօր հիշեց, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընտրվում էր Ամենայն հայոց 132-րդ կաթողիկոսը: Ազգային եկեղեցական ժողովի անդամները փակվել էին մայր տաճարի ներսում ու դրսից մնում էր միայն ականջը հպել կաղնեփայտե դռներին՝ ինչ-որ բառ որսալու համար ու ոչինչ չլսել: Հինգ անց կես արդեն մայր տաճարի շրջակայքը բզզում էր՝ ոչ ոք ստուգ ոչինչ չգիտեր՝ բջջային հեռախոսներն այն ժամանակ քչերն ունեին, ով էլ ուներ, զանգերին չէին պատասխանում ու տագնապն ավելի էր ահագնանում: Երբ բացվեցին դռները՝ ազդարարելու ընտրության արդյունքները, եկեղեցու բակում մնացածներն ավելի շատ լուր էին ուզում ստանալ Երևանից, քան կաթողիկոսական ընտրությունից:
Մի քանի քայլ հեռավորությունից ես հետևում էի նորընտիր կաթողիկոսի խոսքին, երբ նրան հանձնեցին դեղին մի թղթի կտոր: Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը լռեց, նրա ձայնը դողում էր, երբ կարդաց թղթին գրածը՝ Երևանում, Ազգային ժողովում անհայտ անձինք ներխուժել են նիստերի դահլիճ, վիրավոր են Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը ու վարչապետ Վազգեն Սարգսյանը: Աղոթենք նրանց համար՝ ասաց նորընտիր կաթողիկոսը, որ արդեն չէր թաքցնում ոչ ձայնի դողը, ոչ արցունքները:
Հույսի ու աղոթքի այդ ալիքները Մայր Աթոռում այլևս չկրկնվեցին:
Էջմիածնից Երևան ճանապարհին մեզնից՝ կաթողիկոսական ընտրությունները լուսաբանող լրագրողներից, ոչ ոք չգիտեր՝ ինչ է կատարվում, բայց բոլորս րոպե առաջ խմբագրություն հասնելու ցանկություն ունեինք, թեպետ, հավանաբար, բոլորս էլ հասկանում էինք, որ նա, ով հանդգնել է Վազգենի ու Կարեն Դեմիրճյանի վրա ձեռք բարձրացնել, չէր վիրավորի, կսպաներ: Ու այդ կետում մենք լռվում-մնում էինք, ով, ինչու, ինչպես հարցերը պատասխան չունեին առաջին ժամերին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երբ Ամենայն Հայոց 132-րդ կաթողիկոսը նոյեմբերի 4-ին մայր տաճարում ձեռնադրվում էր ու օծվում՝ երկար ու երգեցիկ արարողությամբ, աչքիս առաջ դեղին, բարակ թղթի կտորն էր, ականջներումս կաթողիկոսի դողացող ձայնը և մեկ էլ ուղղաթիռների աղմուկը, որ ուղիղ 17.15 թռչում էին տաճարի վերևում, իսկ ես հարցազրույց էի անում քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հետ ու «Առավոտի» լրագրող Մարգարիտ Եսայանը հարցնում էր՝ «Ժողովուրդ, ժամը քանի՞սն է, չե՞ն վերջացնում»։