Ստրասբուրգում շարունակվում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Աշխատանքային երրորդ օրվա կարևոր իրադարձությունների մասին խնդրեցի պատմել ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին.
-ԵԽԽՎ նստաշրջանում այսօր ելույթ է ունեցել ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը: Քննարկվող հարցի շուրջ ելույթներն արծարծում էին բազմաթիվ թեմաներ, ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանի հերթը չհասավ, նրա ելույթը հանձնվեց քարտուղարությանը՝ կցելու նիստի արձանագրությանը: Նաիրա Կարապետյանը հարցադրումներ էր անում սպորտում անարդարության վերաբերյալ՝ կապված Միհրան Հարությունյանին օլիմպիական խաղերում ոսկե մեդալից զրկելուն: Այդ հարցի վրա մենք հրավիրեցինք նաև ԵԽԽՎ նախագահի ուշադրությունը՝ իր հետ հանդիպման ժամանակ:
Հոկտեմբերի 12-ին ԵԽԽՎ նստաշրջանում ելույթ է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա իր ելույթը սկսեց չափից դուրս թափանիկ ակնարկով իր երկրի մասնակցության մասին ԵԽԽՎ ֆինանսական հարցերին, (խոսքը 20 միլիոն դոլարի մասին է), որի համապատկերում Թուրքիայի ունեցած խնդիրները նահանջում են: Հետո սկսեց ներկայացնել Թուրքիայի հրաշալի համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ, հուզաթաթախ պատմեց ամառային հրաշալի գիշերվա մասին, երբ Թուրքիան թիկունքից ստոր հարված ստացավ՝ հեղաշրջման փորձի տեսքով: Հուզիչ էր նաև Չավուշօղլուի շնորհակալական խոսքը ԵԽԽՎ նախագահին և մյուս իր աջակիցներին: Չավուշօղլուի գնահատականով ՝ ՔԱԿ-ը և ԻՊ-ը նույնն են, նրանք ահաբեկիչ են և չեն կարող մուսուլման լինել: Նրա պնդումները դատավճռի տեսք ունեին, կարծես դատարանն իր վերդիկտը տված լիներ: Ի տարբերություն նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ նա խոսեց ընդամենը 20 րոպե և անցավ հարց ու պատասխանին:
Թեոդորա Բակոյանիսի Լոզանի պայմանագրի իր գնահատականի վերաբերյալ հարցին Թուրքիայի ԱԳ նախարարն այնպիսի անկապ պատասխան տվեց, որ պատգամավորներից շատերի կասկածը հարուցեց՝ իսկ կարդացե՞լ է Չավուշօղլուն Լոզանի պայմանագիրը, որով Թուրքիայի Հանրապետության սկիզբը դրվեց: Դժվար էր նաև ֆրանսուհի Ժոզետ Դյուիրոյի հարցը. բայց թուրք դիվանագետը բոլոր հարցերին պատասխանելիս էլ ասում է՝ ինչ իրեն պետք է, անկախ, թե իրեն ինչ են հարցրել: Իսպանացի Ջորդի Խուգլայի հարցը մահապատժի մասին էր, Չավուշօղլուի պատասխանը՝ պատմություն իր կնոջ մասին, ում ինքը պետք է համոզեր: Նրան օգնության հասավ Սամադ Սեիդովը՝ ինչ անենք քեզ համար՝ տոնայնությամբ: Թինի Կոքսի՝ նախարարության աշխատակիցների ձերբակալության պատճառների մասին հարցից նա նյարդայնացավ և հայտարարեց, որ իր «սեփական նախարարություն 500 մարդ էր սողոսկել և աջակցում էր ահաբեկչությանը»: Սա ճնշող տպավորություն գործեց ներկաներից շատերի վրա՝ այդ խոսքերով հաստատվում էր, որ Թուրքիայում այլակարծությունը հանցանք է: Եվ, իհարկե, Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան «սիրելի բարեկամին» հարցրեց՝ բոլոր հարցերը լուծում եք՝ Կիպրոսից սկսած, Ղարաբաղի հարցն էլ լուծեք, չէ որ Մինսկի խմբի անդամ եք: Մևլութ Չավուշօղլուն պատասխանեց, որ Թուրքիան ցանկանում է՝ Ղարաբաղի հարցը լուծվի: «Մինսկի խումբը, կարծում եմ, պետք է շատ աշխատի այս հարցը լուծելու համար»,- ասաց նա և հավելեց, որ Թուրքիան ուզում է լավացնել հարաբերությունները Հայաստանի հետ:
Հարաբերությունները լավացնել ուզում են, բայց Ցյուրիխյան արձանագրությունները ինչ-որ «անորոշ» պատճառով չհաջողեցին, իսկ Ղարաբաղի հարցի լուծումը տեսնում են Ադրբեջանի ցանկություններին համահունչ: Այս ամենի արդյունքը, թերևս, վերջին հարցը, դարձավ, որը կարծես նստաշրջանի բոլոր պատվիրակների հարցն էր՝ որ ԵԽԽՎ-ն ձեզ այդքան օգնել է ժողովրդավարության ճանապարհին, լավ չէ՞ վերադառնաք մոնիտորինգի գործընթաց, այստեղ բոլորն են դա ուզում ՝ այ քեզ ծուղակ փորձված աղվեսի համար:
Օրվա երկրորդ մասում Վեհաժողովը անդրադարձավ Ուկրաինայի հարցին և քննարկեց Հռոմի Միջազգային Քրեական դատարանի գործունեության հետ կապված մի զեկույց, որի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև մեր պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ նա անդրադարձավ ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիների կատարած ռազմական հանցագործություններին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ԵԽԽՎ նստաշրջանը Ստրասբուրգում շարունակվում է, այսօրվա ելույթների մասին՝ քիչ ավելի ուշ: