Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

Սերժ Սարգսյան. Այսօր հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը Ադրբեջանի քաղաքականությունն է

Սերժ Սարգսյան. Այսօր հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը Ադրբեջանի քաղաքականությունն է
10.07.2016 | 00:49

Նախագահ Սերժ Սարգսյանը Վարշավայում մասնակցել է Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:


Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության պատվիրակությունների ղեկավարների հանդիպմանը


Բոլոր ներկաներիս այսօր միավորում է բարեկամ աֆղան ժողովրդի համար խաղաղություն, անվտանգություն և կայունություն ապահովելու անհրաժեշտության գաղափարը: Հայաստանը, որպես համագործակցային անվտանգության ջատագով, հաստատակամ է իր համեստ ներդրումը բերելու միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման ջանքերին: 2015-ի սեպտեմբերին Նյու Յորքում կայացած Խաղաղապահության գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը լրացուցիչ հանձնառություններ ստանձնեց՝ նախապատրաստել երկրորդ աստիճանի դաշտային հոսպիտալ և ապահովել ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման հատուկ վաշտի պատրաստականությունը: Մենք վերահաստատել ենք մեր ներգրավումը մինչև 130 զինվորականներով «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում և պատրաստ ենք շարունակելու նաև 2016-ից հետո: Այս կապակցությամբ պետք է հատուկ ընդգծեմ Գերմանիայի հետ մեր արդյունավետ համագործակցությունը, որը, իմ կարծիքով, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների փոխգործակցության լավագույն և ուսանելի օրինակներից է:


Պատրաստակամություն ենք հայտնել նաև մասնակցելու ՆԱՏՕ-ի «Տևական գործընկերություն» առաքելությանը, երբ այն փոխարինի «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը: Այդ նպատակով Հայաստանը ներգրավված է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի քաղաքացիական ժամանակավոր ներկայության պլանավորման գործընթացին:
Հայաստանը խաղաղության և անվտանգության ակտիվ ջատագով է նաև մեր տարածաշրջանում և մշտապես հանդես է եկել մեզ համար խիստ կարևոր՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման դիրքերից: Մայիսի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բարձր ներկայացուցիչների՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի, ՌԴ ԱԳ նախարարի և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի մասնակցությամբ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարությամբ վերահաստատվեց, որ հիմնախնդիրը չի կարող ռազմական լուծում ունենալ, և ընդգծվեց 1994-ի հրադադարի և 1995-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերի հարգման կարևորությունը: Միաժամանակ հայտարարության մեջ ամրագրվեց ԵԱՀԿ-ի կողմից շփման գծում հրադադարի խախտումներն արձանագրող հետաքննության մեխանիզմի ներդրումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների ընդլայնումը: Այս մոտեցումը ամրապնդվեց նաև Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ:


Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հնչեցրած մեղադրանքներին, տեղին չեմ համարում մեր այս հանդիպումը, ՆԱՏՕ-ի հռչակագրերը արհեստականորեն Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկման հարթակ դարձնելը. դրա համար կա մասնագիտացված կառույց: Պարզապես պարտքս եմ համարում հատուկ ընդգծել, որ այսօր հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը Ադրբեջանի բարձր ղեկավարության վարած քաղաքականությունն է և հարցը խաղաղ ճանապարհով լուծելու կամքի բացակայությունը: Դրա վառ ապացույցն էր Ադրբեջանի կողմից ընթացիկ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի հանդեպ սանձազերծված լայնածավալ ագրեսիան, ինչը խոշոր հարված հասցրեց խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ջանքերին: Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:
Շնորհակալություն:

Դիտվել է՝ 1592

Մեկնաբանություններ