Եվ ոչ միայն՝ անգամ Ղազախստանի վարչապետը: Նաև Բելառուսի: Նաև Ղրղզստանի: Դե իսկ Ռուսաստանի վարչապետը մի ամիս է՝ գնում-գալիս է: Ու գուցե շատ նեղացավ բոլորից նրանց բարեկամ Իլհամ Ալիևը, որն այն ժամանակ զբաղված էր, իսկ հիմա մնացել է պարապ ու կարող է շուրջբոլորը նայել: Հովիկ Աբրահամյանը ամիս ու կես առաջ ազգին դաս տվեց՝ ինչպես պետական շահը վեր դասել ազգայինից ու գնաց Մոսկվա՝ իբր ոչ ռուսներից եմ նեղացել, ոչ ղազախներից, ոչ բելառուսներից: Իրականում չէր էլ նեղացել՝ չէր կեղծում, Մոսկվայում էր ուրախ ժամանակ անցկացրեց ու վերադարձավ՝ մայիսի 20-ին Երևանում վարչապետերի նիստի խոստումով: Չզլացան՝ կատարեցին: Եկան, որ հաստատեն՝ ԵՏՄ-ն կա, ձեր Տիգրան Սարգսյանն էլ վկա: Երկար-բարակ նիստ արեցին, ելույթներ ունեցան, ստորագրեցին, հայտարարեցին, բողոքեցին, ժպտացին, կգնան:
ՌԴ վարչապետին ընդունեց ՀՀ նախագահը, ճիշտ է՝ նրան, ինչպես ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, չհարցրեց՝ ինչպե՞ս եղավ, բայց նրա հետ էլ քննարկեց ոչ թե ինչ է լինում ու չի լինում ԵՏՄ-ում, այլ՝ Արցախի հարցը: Պաշտոնական տեղեկատվությամբ: Ու Մեդվեդևը չասաց՝ սպառնաց. «Կարող եք չկասկածել՝ Ռուսաստանը միշտ օգնել է և օգնելու է այս դժվար հակամարտության կարգավորման հարցում: Իսկ մենք Ձեզ հետ միասին այժմ կքննարկենք դրա հետ կապված բոլոր հարցերը»: Ի՞նչ թաքցներ, թե ինչու է եկել, երբ փոխվարչապետն էլ Բաքու է գնացել և ինչու՞ Դմիտրի Ռոգոզինին չեն շնորհում Բաքվի պատվավոր քաղաքացու կոչում կամ ասենք՝ Հեյդար Ալիևի անվան պատվավոր ադրբեջանցու:
Սերժ Սարգսյանը նրան ասելու ի՞նչ ուներ, պատմեր Վիեննայի՞ց: Հատկապես որ Սերգեյ Լավրովի գլուխը խառն է՝ մեկ Բելառուս, մեկ Սիրիա, մեկ ՆԱՏՕ, ժամանակ չի մնում վարչապետին հանդիպելու, տեղը-տեղին զեկուցելու՝ ինչ եղավ ու ինչ չեղավ Վիեննայում: Ասենք՝ Սերժ Սարգսյանը պատմեց: Բայց դրա համար հեռախոս կա, արժե՞ր Երևան հասնել: Արժեր՝ նա պիտի գար ու ասեր՝ մենք Հայաստանում ենք, մենք Հայաստանից չենք հեռացել, չենք էլ հեռանալու՝ մենք ռազմավարական դաշնակից ենք, ի՞նչ անենք, որ Հայաստանի հետ փաստաթղթերով ենք այդպիսին, Ադրբեջանի հետ՝ մեր շահերից ելնելով: Մեդվեդևը Սերժ Սարգսյանին ասա՞ց՝ ինչու՞ են զինել ու զինում Բաքվին՝ խախտելով ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում: Ինչու՞ չորս օր լռեցին ու հինգերորդ օրն աղմկեցին ապրիլին, երբ պետք էր Բաքվի ռազմական պատիվը փրկել: Ինչու՞ էին երկու տարի լռում շփման գծում վերահսկողության մեխանիզմների տեղակայման ԱՄՆ-ի առաջարկի վերաբերյալ, իսկ հիմա գցում են Գերմանիայի վրա, թե մենք համաձայն ենք, Բեռլինը լավ չի աշխատել: Պատմե՞ց՝ ինչ են քննարկել ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում, որ հաջորդ օրը Բաքուն ասաց՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելությունը չի կարող ընդլայնվել, դա համանախագահների առաջարկն է, մենք հանձն չենք առել: Կամ ասա՞ց՝ Լավրովը, օրինակ, մտադիր չէ՞ Մամեդյարովին հարցնել՝ Վիեննայում համաձայն էիք, Բաքվում փոշմանեցի՞ք: Ու՝ ինչո՞ւ:
Ո՞րն է լինելու Ռուսաստանի օգնությունը: Որ սկսի բացատրել՝ այդ մեխանիզմը ի՞նչ է փոխելու որ: Ուժերի հարաբերակցության վրա չի ազդելու, իրավիճակ չի փոխելու, հետո ի՞նչ, թե ո՞վ է կրակում, կարևորը՝ որ չկրակի, իսկ այդ հարցը Մոսկվան է լուծում, ի՞նչ Փարիզ, ի՞նչ Վաշինգտոն: Ու ընդհանրապես աշխարհի վերջին քաղաքը Շեպետովկան է, որին բախվելով փշրվում են Ատլանտյան օվկիանոսի ալիքները: Բայց դա արդեն քանիցս եղել է: Իլֆից ու Պետրովից հետո, գուցե նաև առաջ: Իսկ գուցե Դմիտրի Անատոլևիչը եկել է բացատրելու, թե ինչ պատմական քաղաք է Կազանը, որ դեռ Իվան Ահեղն է գրավել ու չի կարելի, ոչ մի դեպքում չի կարելի Կազանյան սկզբունքներին նեղացնել: Ալիևը կարող է նեղանալ: Խեղճ Հովիկ Աբրահամյան՝ հագել-կապել, ելույթներ էր ունենում՝ լուրջ տեսքով ԵՏՄ էր կարևորում, ստորագրում էր փաստաթղթերը, որոնք ՛՛ամրագրում են անդամ պետությունների փոխգործակցությունը տնտեսության բազմաթիվ ոլորտներում՛՛: Իսկ ամենակարևորը, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը օգոստոսի 12-ին Սոչիում է: Կարգին կլողանան:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ու մինչ Հովիկ Աբրահամյանը Հայաստանից՝ Չինաստան հարցեր էր լուծում, Սերժ Սարգսյանը մայիսի 20-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ներկա փուլին վերաբերող խնդիրներ, կարևորվել է Վիեննայում մայիսի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների նախաձեռնությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը: Կողմերը միակարծիք են եղել, որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության միջնորդական ջանքերի շրջանակներում: Բոլորը ներկա են ստանում, ո՞վ էր կասկածում, ու ընդհանրապես՝ երբ հունիսին Հռոմի պապը գա Հայաստան, իսկ նա պատրաստվում է ըստ ամենայնի և հուրախություն Սամվել Բալասանյանի՝ Գյումրիում մի քանի փողոց էլ «ձրի» կասֆալտեն, օգոստոսին Հայաստան է գալու Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրի՞լը: Այ թե Գյումրիի բախտը կբերի՝ մի քանի փողոց էլ այդ ժամանակ կասֆալտեն, չի կարող, չէ՞, Կիրիլը գալ ու Երևան-Էջմիածին-Գառնի-Գեղարդ գնալ: