ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

«Փորձում ենք այս ծրագրով խթանել Հայաստանում կինոարտադրության զարգացումը»

«Փորձում ենք այս ծրագրով  խթանել Հայաստանում կինոարտադրության զարգացումը»
28.06.2013 | 16:38

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին ընդառաջ` մամլո ասուլիսով հանդես եկավ «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագիծը`ներկայացնելով նախագծի առաքելությունը, ձեռքբերումները և առաջիկա ծրագրերը:

Ասուլիսի բանախոսներն էին Սուսաննա Հարությունյանը (ՌԱՍ նախագծի ղեկավար, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար), Լուսինե Մարտիրոսյանը (ՌԱՍ նախագծի համակարգող), Գոռ Բաղդասարյանը (Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի (ՀԹԿՊ) համակարգող), Արթուր Վարդիկյանը (Կինոլրագրություն առանց սահմանների (ԿԼԱՍ) ծրագրի համակարգող):

ՌԱՍ համատեղ արտադրության նախագիծը ֆինանսավորվել է ԵՄ-ի կողմից` Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի միջոցով և իրականացվում է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի (Հայաստան) և նրա գործընկերների` INTERNEWS-ի (Ուկրաինա), Cinema Art Centre Prometheus-ի (Վրաստան), INTERNEWS-ի (Հայաստան) հետ համատեղ:

Սուսաննա Հարությունյանն իր խոսքում նշեց, որ ՌԱՍ-ը իրականացվում է ամբողջ տարվա ընթացքում, և իրենք այսօր մտադիր են ներկայացնել և’ նախորդ տարիների իրենց գործունեությունը, և’ սպասվելիք աշխատանքները: ՌԱՍ-ը մեկնարկել է որպես տարածաշրջանային նախաձեռնություն և վերածվել մի հարթակի, որտեղ Հայաստանի և մեր տարածաշրջանի այլ երկրների ռեժիսորները կարողացել ու կարողանում են իրենց մասնագիտական հմտությունները զարգացնել, լավագույն համաշխարհային կինոփորձագետների էքսպերտիզան ստանալ: «Փորձում ենք այս ծրագրով խթանել Հայաստանում կինոարտադրության զարգացումը»,- մանրամասնեց նա:

Բանախոսները նշեցին, որ ՌԱՍ նախագիծը հիմնադրվել է 2011թ. հոկտեմբերին` ԵՄ աջակցությամբ և նպատակ ունի միավորելու Արևելյան գործընկերության երկրների կինոգործիչներին: Նախագիծն աշխատում է մի քանի առանցքային ուղղություններով` Կինո առանց սահմանների, Կինոդասընթացներ, ՌԱՍ համատեղ արտադրության ֆորում, ՀԹԿՊ, Կինոլրագրություն առանց սահմանների, Տարածաշրջանային համատեղ արտադրության օրենսդրության ներդաշնակեցում:

Ներկայում ՌԱՍ ծրագրի շրջանակներում կան և՛ նկարված ֆիլմեր, և՛ նկարահանման ընթացքում գտնվող կինոնախագծեր: Արևելյան գործընկերության ծրագիրը ներառում է վեց երկիր՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Բելառուս, ՈՒկրաինա: «Համագործակցությունը մինչև վերջերս այս երկրների միջև ավելի թույլ էր,- ասաց Ս. Հարությունյանը,- քան եվրոպական երկրների, օրինակ` Ֆրանսիայի, Գերմանիայի, այլ երկրների միջև: Այս ծրագիրը լրացնում է այդ բացը, համախմբում այս վեց երկրների երիտասարդներին, օգնում, որ նրանք ճանաչեն իրար, համագործակցեն, համատեղ ֆիլմեր նկարեն»:

Լուսինե Մարտիրոսյանը խոսեց կինոգործիչներին միավորող համակարգի մասին, ներկայացրեց իրենց կայքը, ֆեյսբուքյան էջը: Խոսեց նաև այս փառատոնի ընթացքում ՌԱՍ ծրագրի շրջանակներում սպասվելիք նախաձեռնությունների, դրանցից լավագույններին տրվելիք դրամաշնորհների մասին: «Ֆիլմեր առանց սահմանների ծրագիրը ներկայացնում է ֆիլմեր, որոնք արտացոլում են տվյալ երկրի պատմոււթյունը, մշակույթը: Դրանք ցուցադրվում են տարածաշրջանի փառատոների, այդ թվում՝ «Ոսկե ծիրանի» ընթացքում»,- ասաց նա: Նշեց, որ ծրագրի նպատակներից է Կինոօրենսդրության բարելավումը:

Բանախոսները անդրադարձան նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի ունեցած լարված հարաբերություներին, նշեցին, որ այդ պատճառով Ադրբեջանի կինոգործիչներն առայժմ չեն աևձագանքում Հայաստանի հղած առաջարկներին: Առավել բարվոք է վիճակը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում:

Գոռ Բաղդասարյանը փաստեց, որ 2008-ին ստեղծված ՀԹԿՊ-ի շնորհիվ բազում համատեղ ֆիլմեր են ստեղծվել այս տարիների ընթացքում, որոնցից հոբելյանական փառատոնային ծրագրում ընդգրկված են հինգական նախագիծ Հայաստանից ու Թուրքիայից: Մրցանակ կստանան երկու նախագիծ:

Բանախոսները վկայեցին, որ ՀԹԿՊ-ի շրջանակներում ստեղծվել են հայանպաստ շատ կարևոր ֆիլմեր` հենց թուրք կինոգործիչների կողմից:

«Իրատես de facto»-ի այն հարցին, թե ինչ վերաբերմունքի են արժանանում այդպիսի կինոգործիչներն իրենց երկրի վարչակարգի կողմից, Գոռ Բաղդասարյանը պատասխանեց, որ նրանք ամենասիրված անձինք չեն Թուրքիայում, բայց և չի կարելի ասել, որ նրանց իրենց հայացքների, գործունեության համար բանտարկել են կամ ենթարկել ինչ-ինչ բռնությունների: Այդ մարդիկ ամեն դեպքում կարողանում են բարձրաձայնել իրենց տեսակետները և շարունակել ստեղծագործել:

Սուսաննա Հարուրթյունյանը, ի պատասխան մեր հարցի, հավելեց. «Ընդհանուր շրջանակ է ստեղծվել հայ և թուրք կինոգործիչների, որոնք չեն վախեմում իրար հետ խոսել, իրար երեսի նայել, քննարկումներ անել ցանկացած հարցի շուրջ: Եվ այդ համագործակցության ծրագրերը բացառապես հայանպաստ են»:

Արթուր Վարդիկյանը խոսեց կինոլրագրություն առանց սահմանների ծրագրի մասին` նշելով, որ աշխարհին պետք է ոչ միայն կինո, այլև կինոգիտություն: Այս նպատակին են միտված հուլիս 4-7-ին անցկացվելիք միջոցառումները փառատոնի շրջանակներում:

Միքայել Ստամբոլցյանը և Տաթևիկ Մանուկյանը ներկայացրին կինոփառատոնի նորացված կայքը` www.gaiff.am:

Կայքի հեղինակ Անդրեյ Վանյանը խոսեց կայքի հնարավորություների մասին: Հաճելի նորություն. այս տարի կայքը ընձեռում է հնարավորություն, որպեսզի բջջային հեռախոսները ևս դառնան ինֆորմացնող միջոց և ծառայեն «Ոսկե ծիրանի» եռուզեռին մասնակցելու նպատակին:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1825

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ