ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանին
05.04.2013 | 03:22

Պարոն նախագահ, Ձեզ բնավ չէինք անհանգստացնի, եթե հարցն անմիջապես չառնչվեր մեր ժողովրդի մեծերից մեկի` պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» սիմվոլացրած մի գողտրիկ հուշակոթողի՝ ներկա նսեմացուցիչ վիճակից փրկելու խնդրին: Բանն այն է, որ դեռևս 1979-ին, մեր մտահղացմամբ ու ձեռամբ (Սեդրակյան-Գոջաբաշյան), Հայկոմկուսի կենտկոմի գաղափարական բաժնի տխմար արգելքների հաղթահարմամբ, Երևանի թիվ 143 դպրոցի բակում (Նոր Նորքի 3-րդ զանգված) վեր խոյացած, աշխարհում գրքին նվիրված թերևս միակ այդ հուշակոթողը, 10 տարի աշակերտության հայեցի կրթության ու դաստիարակության սուրբ գործին ծառայելուց հետո, 1990-ից ի վեր տխմար անցյալուրացության ու ժամանակի վարչակարգին բնորոշ վոլյունտարիզմի բերումով երբեմնի լեգենդար դպրոցի աստիճանական մարմանը զուգընթաց վերոհիշյալ կոթողը ևս վերածվեց մոռացված տապանաքարի, այսօր արդեն դրան կիպ սարքված հավաբնով:
Խնդրի առնչությամբ նամակ-խնդրանք ուղարկեցինք Երևանի գլխավոր ճարտարապետ հարգարժան Նարեկ Սարգսյանին (պատճենը նաև Ձեզ հղելով)` հուշակոթողը, գոնե հանուն Խորենացու զրնգուն հիշատակի, փրկել այդ նսեմացված վիճակից և իր գտնվելու վայրին այլևս համահունչ չլինելու պատճառով տեղափոխել մեկ այլ, առավել դիտարժան ու բանուկ վայր (որպես տարբերակ առաջարկել էինք Խորենացու փողոցում՝ Շահումյանի արձանի դիմաց):
Սակայն, ավա՜ղ, մեր «խնդրանք-առաջարկն» արժանացավ անհիմն մերժման, որի մեջ, հավատացնում ենք, խորենացիաշունչ պատմազգացողության կամ ազգապանծ, ազգագուրգուրանքի հետք անգամ չկար։
Հուսով ենք, որ ժամանակին մեծ դժվարությունների հաղթահարմամբ կյանքի կոչված այդ միայն հիրավի համազգային արժեքի հուշակոթողը, Ձեր վճռական միջամտությամբ, կարժանանա մայրաքաղաքի կենտրոնում հավերժ գրանցման պատվին:
Խոնարհ շնորհակալությամբ ստորև բերվում է նաև մեր սույն «առաջարկ-խնդրանքին» համախոհ մի խումբ հայ անվանի մտավորականների՝ Ձեզ ուղղված խոսքը:
Խոր հարգանքներով`
Վիսլա ՍԵԴՐԱԿՅԱՆ
Հուշակոթողի էսքիզային մտահղացման հեղինակ և պատվիրատու
Երվանդ ԳՈՋԱԲԱՇՅԱՆ
Քանդակագործ, նաև Երևանի
«Անի» հյուրանոցի քանդակաշարքի
մրցույթի դափնեկիր


Պարոն նախագահ
Հիրավի պատճառաբանելի է և, անշուշտ, առավել նպատակահարմար, որ մեծն Խորենացու անմահ «Հայոց պատմությունը» սիմվոլացրած այդ գողտրիկ, թերևս, իրոք աշխարհում եզակի հուշակոթողը (հատկապես ինքնին նաև «գրքին» նվիրված լինելու առումով) իր նախկին (ինչպես նշվում է նամակում` «այլևս նպատակավրեպ ու անխնամ») գտնվելու վայրից տեղափոխվի և վերատեղադրվի արդեն իր անունը կրող փողոցի մի առավել բանուկ ու դիտարժան հատվածում (որպես տարբերակ առաջարկվում է Շահումյանի արձանի դիմաց), դրանով մեր ժողովրդի այդ յուրահատուկ քարակոփ ծննդականին և անձնագրին տալով առավել լայն իմաստավորման և պրոպագանդման մի նոր կարգավիճակ:
Հարցի նման լուծումը հիրավի միանգամայն համահունչ կլինի նաև Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված լինելու փաստին և առավել լայնամասշտաբ վկայություն՝ գրքի հանդեպ (այն էլ ինչպիսի՜) որպես սրբություն մեր ժողովրդի ունեցած դարավոր պաշտամունքի:


Հարգանքներով`
Արա ՇԻՐԱԶ
Սոս ՍԱՐԳՍՅԱՆ
Ջիմ ԹՈՐՈՍՅԱՆ
Հրաչյա ԹԱՄՐԱԶՅԱՆ
Մկրտիչ ՄԻՆԱՍՅԱՆ
Մերուժան ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
Վլադիմիր ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ
Զուլում ԳՐԻԳՈՐՅԱՆ
Աշոտ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1847

Մեկնաբանություններ