Օրվա սենսացիան «Առավոտ» օրաթերթում տպագրված «Քոչարյանի գործը՝ Պուտինի սեղանին» հոդվածն էր: ՌԴ կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Գալյուչենկոն թերթի թղթակցի հետ զրույցում ասել է. «Մեր տրամադրության տակ կան փաստաթղթեր, որոնք խոսում են ձեր երկրի նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների յուրացումների ու չարաշահումների մասին: Ի դեպ, մենք համաձայնություն ունենք, որ այդ փաստերը մոտ օրերս ներկայացվելու են ՌԴ բարձրաստիճան այրերին: Դա արվելու է բացառապես պաշտոնական եղանակով: Մենք դա չենք թաքցնելու, մանավանդ որ խոսվում է նաև ՌԴ բարձրաստիճան չինովնիկների մասին, ովքեր «հովանավորել» են Հայաստանից կեղտոտ փողերի դուրս բերման հարցում: ՌԴ-ն հետաքրքված է այդ բացահայտումների և Հայաստանից գողացած գումարների վերադարձի հարցում, որպեսզի այդ գումարները «աշխատեն» ձեր երկրում՝ բնակչության սոցիալական խնդիրների լուծման համար»: Խոսքը վերաբերում է նաև ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը կարճ ժամանակահատվածում կարողացավ միլիոններ կուտակել ՀՀ-ի հաշվին: Պարզվում է, որ ՌԴ կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհուրդը այդ փաստաթղթերը պատրաստվում է դնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սեղանին:
Իհարկե, Հայաստանում այս հոդվածը կարդալուց հետո շատերը սրտի մխիթարություն կգտնեն և հույս կփայփայեն, որ գոնե Ռուսաստանի ձեռքով կպատժվեն մեր կոռումպացված պաշտոնյաները, իսկ մյուսներն էլ, նրանց օրինակն աչքի առաջ ունենալով, իրենց կփորձեն չափավորել: Սակայն Մարինա Գալյուչնեկոյի այն հավաստիացումներին, թե ՌԴ-ն, որպես ստրատեգիական գործընկեր, շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմամբ, մեղմ ասած, դժվար է հավատալը: Դժվար է, որովհետև նույն ՌԴ-ն է իրականացնում «Հայրենակիցներ» ծրագիրը, որի շնորհիվ տարվա ընթացքում մեր բազմաթիվ հայրենակիցներ արտագաղթում են և մեկնում ՌԴ: Ամբողջ հարցազրույցի տոնայնությունից ակնհայտ է, թե ինչպես մի երկրի բարձրաստիճան ղեկավարությունն, առանց ավելորդ ձևականությունների, թույլ է տալիս, միջամտել մեկ այլ երկրի ներքին գործերին, հովանավորչություն է ստանձնում ՀՀ բնակչության նկատմամբ՝ իբր նրա խնդիրների նկատմամբ շահագրգռվածություն ցուցաբերելով և նրա ապիկար պաշտոնյաներին պատժելու «ազնիվ» մղումով: Սակայն այս ամենը ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ-ռուսական հարաբերությունների ողջ թշվառությունն ի ցույց դնելու փորձ: Եվ այդ թշվառությունը ստեղծվել է տասնամյակից էլ ավել ձգվող ժամանակահատվածում, երբ Հայաստանը քայլ առ քայլ զիջել է իր ինքնիշխանությունը, զիջել է՝ չկարողանալով ստեղծել երկուստեք փոխշահավետ համագործակցության եզրեր:
Իսկ Պուտինի սեղանին հայտնվելիք գործերը միայն ցույց են տալիս, թե որքանով է Հայաստանը կորցրել իր ներքին և արտաքին դիմադրողականությունը, իմունիտետը: Չի բացառվում, որ եթե վաղն էլ Հայաստանում արդարադատության իմիտացիա ստեղծելու խնդիր լինի, ապա նույն Պուտինի հրահանգով մեր պաշտոնյաները կանգնեն դատարանի առջև:
Թագուհի Հակոբյան