ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Կրթաթոշակ՝ սոցիալապես անապահով և լավ սովորող ուսանողներին

Կրթաթոշակ՝ սոցիալապես անապահով և լավ սովորող ուսանողներին
23.01.2013 | 14:05

60 միլիոն դրամ՝ պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողների համար։ Կրթաթոշակ տրամադրելու նպատակով մրցույթ անցկացնելու համար ՀՀ կառավարությունը նշված գումարը հատկացրել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամին։

Հայտատու ուսանողները պետք է բավարարեն հետևյալ պահանջներից առնվազն մեկին՝ սոցիալապես անապահով ընտանիքի անդամ, միակողմանի ծնողազուրկ ուսանող, երրորդ խմբի հաշմանդամ ուսանող, հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող, տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող, հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող։ Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ուսման վարձերի փոխհատուցման ծրագիր անցկացնում է արդեն երրորդ տարին։ Անցած երկու տարիներին կրթաթոշակ է ստացել ավելի քան 1350 ուսանող ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից։
Նշենք, որ այս ծրագիրը մեծ արձագանք է ստանում ուսանողների կողմից. տարեցտարի ավելանում է մրցույթին դիմող ուսանողների թիվը։ Եթե 2011թ. ուսման վարձի փոխհատուցման համար դիմել էր շուրջ 800 ուսանող, ապա 2012-ին նրանց թիվը հասել էր 1800-ի։
Փետրվարի կեսերին արդեն հայտնի կլինեն այն ուսանողների անունները, ովքեր արժանացել են կրթաթոշակի։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այն երիտասարդները, ովքեր սովորում են նվիրումով, գտնվում են պետության ուշադրության կենտրոնում։ Ըստ նրա, այսօրվա երիտասարդն առաջին իսկ կուրսից պետք է հավատա, որ գիտելիքի միջոցով կարող է իր խնդիրները լուծել։ Կ. Ավագյանը նաև նկատեց, որ կառավարության առաջնահերթություններից է կրթությունը հասանելի դարձնելը։ Սոցիալական վիճակը չպետք է խոչընդոտի երիտասարդի կրթություն ստանալուն։ Նման մրցույթներն ու ծրագրերն ուղղված են կրթության հասանելիությունն ապահովելուն։
Կ. Ավագյանը նշում է, որ բոլոր միջոցներն օգտագործվում են մրցույթի մասին մեծ թվով երիտասարդների տեղեկացնելու համար։ Մրցույթի մասին տեղեկությունը տարածել են և՛ տպագիր ու էլեկտրոնային լրատվամիջոցները, և՛ հեռուստաընկերությունները, համապատասխան գրություններ են ուղարկվել բուհերի ղեկավարությանը, որոնք էլ իրենց հերթին ուսանողների շրջանում տարածել են մրցույթի մասին ինֆորմացիան։
Կ. Ավագյանը նկատում է նաև, որ մրցույթի արդյունքներին կարող է հետևել ցանկացած ոք։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հրապարակում է մրցույթի կարգն ու կրթաթոշակ ստացող ուսանողների անունները, և անհամաձայնությունների դեպքում յուրաքանչյուր ոք կարող է բողոքարկել արդյունքները, սակայն անցած երկու տարիներին նման դեպք չի գրանցվել։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5278

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ