ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Փարաջանովն իր ծննդյան օրն ամբողջ կյանքում նշում էր ոչ այնպես, ինչպես բոլորը»

«Փարաջանովն իր ծննդյան օրն ամբողջ կյանքում նշում էր ոչ այնպես, ինչպես բոլորը»
09.01.2013 | 15:24

Հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովն այսօր կդառնար 89 տարեկան:

Սերգեյ Փարաջանովի անվան թանգարանից մեզ տեղեկացրին, որ ինչպես ամեն տարի, այցելելու են ռեժիսորի գերեզմանին` Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն: Իսկ վերադարձին կհավաքվեն հարիսայի սեղանի շուրջը: Ծննդյան արարողությանը ներկա կլինեն նաև ռեժիսորին ճանաչող արվեստագետները, ընկերները:
Ինչպե՞ս էր նշում Փարաջանովն իր ծննդյան օրը: Թանգարանի գիտաշխատող Կարինե Մարտիրոսյանի խոսքով` Փարաջանովն իր ծննդյան օրն ամբողջ կյանքում նշում էր ոչ այնպես, ինչպես բոլորը: «Շատ տեղեկություններ չկան,-ասաց նա:- Հիշվում է մի դեպք Կիևում, երբ նա ապրում էր երկսենյականոց բնակարանում և չէր կարող շատ մարդ հրավիրել իր ծննդյան տոնին: Եվ ելքը գտնում է: Հյուրերը կանգնում են մինչև աստիճանավանդակները, ձեռքներին` բաժակ ու ափսե»:
Փարաջանովը 20-րդ դարի կինոյի խոշորագույն նորարար ռեժիսորներից է: Իր առաջին լիամետրաժ «Անդրիեշ» ֆիլմը ստեղծել է 1955-ին: Համաշխարհային ճանաչման է արժանացել «Մոռացված նախնիների ստվերները» (1964 թ.) կինոնկարով, որը դասվել է աշխարհի լավագույն ֆիլմերի շարքին և արժանացել 28 տարբեր պարգևների:
1969 -ին սեփական սցենարով ստեղծել է «Նռան գույնը» («Սայաթ-Նովա», ՀԽՍՀ Պետական մրցանակ, 1988 թ.), որը ռեժիսորին բերել է մեծ համբավ: Իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելլինիի բնորոշմամբ` «Նռան գույնով» Փարաջանովը կինոն մի քանի տասնամյակ առաջ մղեց: Ռեժիսորի վերջին` «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմն անավարտ է մնացել հիվանդության պատճառով: Նյութերն ամբողջությամբ օգտագործել է Միքայել Վարդանովն իր «Փարաջանով: Վերջին գարուն» վավերագրական ֆիլմում (1992 թ.):
1973-ի դեկտեմբերի 17-ին Փարաջանովը 5 տարի ազատազրկման է դատապարտվել: Չնայած ազատազրկմանը արձագանքել են բազմաթիվ հայտնի մարդիկ` արվեստագետներ, գրողներ և ռեժիսորներ, նրան ազատել են միայն 4 տարի անց:
1991-ից Երևանում գործում է Փարաջանովի թանգարանը, որտեղ ցուցադրվում են նրա գծանկարները, կոլաժները, մանրանկարները և Թբիլիսիի բնակարանից բերված կահ-կարասին:
Փարաջանովի կիսանդրին տեղադրված է Կիևի կինոստուդիայի տարածքում, արձանը` Թբիլիսիում:
Նկարահանվել է Փարաջանովին նվիրված շուրջ 20 ֆիլմ:
Հայկական «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2005-ին սահմանել է Փարաջանովի անվան մրցանակ` «Փարաջանովյան Թալեր»:
Վրաց հայտնի ռեժիսոր Էլդար Շենգելայան, որին նույնպես շնորհվել է սույն մրցանակը, անցյալ տարի փառատոնի պատվավոր հյուրն էր և դատարկաձեռն չէր եկել: Նա Սերգեյ Փարաջանովի թանգարանին նվիրաբերեց Վարպետի կոլաժը` նվիրված ռեժիսոր Թամազ Մելիավային:
Իսկ փարաջանովյան կոլաժի ստեղծման պատմությունն այսպիսին է: Բանտից ազատվելուց հետո Փարաջանովն իմանում է, որ Մելիավան վախճանվել է: Որոշում է անձամբ այցելել գործընկերոջ շիրմին, սակայն դա անում է արտասովոր ձևով. գերեզմանոցում կազմակերպում է իսկական թատերական ներկայացում: «Եթե Թամազը տեսներ սա, կասեր` այս հայը նույնիսկ իմ գերեզմանին է թամաշա սարքում»,- իր արարքն այսպես է գնահատում Փարաջանովը: Այդ օրը կատարված լուսանկարներն էլ կոլաժի հիմք են դառնում:
Հավելենք, որ 2010-ին Հոլիվուդում ստեղծվել է Փարաջանով-Վարդանով ինստիտուտը (Parajanov-Vartanov Institute)` այս վարպետների ստեղծագործությունները ուսումնասիրելու նպատակով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3187

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ