Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Բելառուսի վրա Մոսկվայի նավթային ճնշումը ռեյդերական զավթման դասական փորձ է»

«Բելառուսի վրա Մոսկվայի նավթային ճնշումը ռեյդերական զավթման դասական փորձ է»
09.11.2012 | 12:16

Եթե պետությունների ղեկավարների միջև մրցույթ անցկացվեր «Ամենահակասական քաղաքական գործիչը» կոչման համար, ապա, թվում է, Ալեքսանդր Լուկաշենկոն եթե առաջնության դափնին չնվաճեր, ապա, անշուշտ, կմտներ մրցանակակիրների մեջ: Համենայն դեպս, այն հին խոսքը, թե քաղաքական գործիչը պետք է համոզիչ կերպով ինչ-որ բան խոստանա, իսկ հետո նույնքան համոզիչ բացատրի, թե ինչու ոչ մի կերպ հնարավոր չէ դա անել, նա լիովին յուրացրել է ամենաբարձր վարպետության մակարդակով: ՈՒ նա այդ հակասական հայտարարություններն անում է բառացիորեն անդադար, ինչպես ասում են` «քառատրոփ վազքով»: Թերթենք վերջին իրադարձությունների ժամանակագրությունը «եղբայր ժողովուրդների» ոչ հասարակ հարաբերություններում:
Այսպես, վերջերս` հոկտեմբերի 16-ին, Լուկաշենկոն հայտարարեց, թե ուզում է Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը դարձնել մի միասնական պետություն և առաջարկում է կողմնորոշվել Միասնական տնտեսական տարածությունում «խորհրդարանական չափի» ստեղծման և Եվրասիական տնտեսական միության ապագայի հարցում: Իսկ բառացիորեն մի քանի օր անց` հոկտեմբերի 20-ին, նա բրիտանական երկու առաջատար լրատվամիջոցների` «Բի Բի Սի» հեռուստաալիքին և «Ինդեպենդենտ» թերթին տված հարցազրույցում հայտարարեց, թե իր գլխավոր նվաճումն է համարում Լեհաստանից և Ռուսաստանից Բելառուսի անկախության փրկումը. «Փրկեցինք ոչնչացումից, միացման կամ բաժանման գործընթացներից»: Այնպես որ, սկզբում` «ոչ մի տարբերություն Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջև չպետք է լինի, հակառակ դեպքում այդ միությունը չի լինի», իսկ այնուհետև` «մենք անմիջապես հայտարարեցինք արտաքին քաղաքականության բազմաբևեռության մասին»: Ընդ որում, նկատենք, որ Լուկաշենկոն Վարշավային մեղադրել է Արևմտյան Բելառուսին հավակնելու համար (սովորական բան է դարձել) և ավելացրել, թե վատ չէր լինի, որ Բելառուսը դառնար Ռուսաստանի հյուսիսարևմտյան երկրամաս, որպեսզի Բելառուսն իր նահանգներով, մարզերով մտնի Ռուսաստանի կազմի մեջ: Ի դեպ, ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, մի քանի նահանգների տեսքով Ռուսաստանի կազմի մեջ Բելառուսի մտնելու նպատակահարմարության մասին արտահայտությունը վերագրվում է Վլադիմիր Պուտինին, սակայն մինչ օրս ոչ մի ապացույց չկա, որ նա, իրոք, ասել է դա: Եվ հետո իրեն հատուկ ոճով Բելառուսի նախագահը պատասխանատվությամբ հայտարարել է. «ՈՒրեմն, քանի ես ողջ եմ և գոյություն ունեմ այստեղ որպես երկրի նախագահ, նրանք իրենց ծոծրակը կտեսնեն, բայց դա չեն տեսնի»:
Սակայն այդ «բազմակարծությունը գլխում» բնավ ախտորոշում չէ: Եթե խորանանք, ապա բոլոր արտահայտությունները մի հստակ պատճառահետևանքային շղթա են կազմում: Փորձենք գլուխ հանել նաև այդ կոնկրետ դեպքից, և ըստ այդմ նշենք նաև, որ արևմտյան լրատվամիջոցներին տված հարցազրույցի նախօրյակին` հոկտեմբերի 19-ին, ՌԴ Էներգետիկայի նախարարությունը հայտարարել էր, թե Բելառուսը խաբել է Ռուսաստանին «ջրիկացուցիչների և լուծիչների արտահանման հարցում»: Պարզվում է, որ հոկտեմբերի 6-ից արտահանություն չի կատարվում` «սահմանը փակ է», իսկ Բելառուսը խախտում է ստանձնած պարտավորությունները և ռուսական շուկա շարժիչի վառելիք չի մատակարարում, որը մշակվում է ռուսական նավթից: Այսպիսով, նախարարությունը հերքել է Բելառուսի վարչապետ Մյասնիկովիչի հայտարարությունը, որը սեպտեմբերի 14-ին ասել էր, թե ռուսական նավթից մշակված «ջրիկացուցիչների» վերջին վագոնը Բելառուսի տարածքից դուրս է եկել դեռ ամռանը: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, «մինչ այդ ռուսական կողմի մեջ կասկածներ էին առաջացել, թե բելառուսական կողմը նավթամթերքներն արտահանում է երրորդ երկրներ` ջրիկացուցիչների անվան տակ, որպեսզի ռուսական բյուջեին արտահանման տուրք չվճարի»: 2012 թ. Բելառուսի կասկածելի արտահանության պատճառով ռուսական բյուջեի կորուստները փորձագետները գնահատել են 2 մլրդ դոլար:
Սակայն վաղուց է հայտնի, որ ավելի քան տասը տարի գոյություն ունի, այսպես կոչված, «բելառուսական նավթային օֆշոր», որը, այդուամենայնիվ, Ռուսաստանին չի նյարդայնացրել: Ավելին, ռուսական նավթային ընկերություններին, որոնք շարունակում են Բելառուսին դիզելային վառելիք մատակարարել, Կրեմլը դժգոհություն չի ներկայացնում: Այսինքն, այս դեպքում պարզ է դառնում, որ ռուսական «նավթային աղմուկի գլխավոր նպատակն է տնտեսական լայն ճնշում գործադրել Բելառուսի վրա: Եվ դա, անշուշտ, որոշակի նպատակներ է հետապնդում»:
Ի՞նչ է սա: Երկիրը միասնական նախագծերի մեջ քաշելու փո՞րձ: Անկասկած, ոչ: Չէ՞ որ Լուկաշենկոյի հայտարարություններից երևում է, որ նա, կարծես, նույնիսկ պատրաստ է «գնացքից առաջ ընկնելու»: Այսինքն, պատճառն այլ է: Եվ այստեղ հիշենք` ինչ էլ հայտարարեն Կրեմլում, ինտեգրման բոլոր ծրագրերն ու խոսքերը մինչ այսօր բախվում են դժնդակ իրողությանը` փող, սեփականացում: Այսպես, ռուսական հերթական նավթային ահաբեկության նախօրեին ՌԴ «Էներգետիկայի և ֆինանսների ինստիտուտ» հիմնադրամի տնտեսության սեկտորի վարիչ Սերգեյ Ագիբալովը «Deutsce Wella»-ի հետ հարցազրույցում հայտարարել էր. «Նման սահմանափակումների օբյեկտիվ պատճառներ ռուսական կողմից արդեն եղել են` իրացվելի ակտիվների սեփականաշնորհումից հրաժարում` հօգուտ ռուսական սպառողների, որը Բելառուսն ամեն տարի միայն խոստանում է»:
Հիշեցնենք` ռուս գործարարների կողմից առավել արժեքավոր բելառուսական ձեռնարկությունների ձեռքբերման հարցն է հենց շարունակ դարձել Մոսկվայի և Մինսկի ընդհարումների, ռուսական հեռուստաալիքներով «Կնքաբատկա» սերիալի հայտնի ցուցադրման և Բելառուսի լիդերի կողմից ռուսական իշխանության հետ իր հարաբերությունները որպես «վատ, եթե ոչ շատ վատ» բնութագրելու գլխավոր պատճառը: Ժամանակին դա դիմակայություն էր թե՛ «Բելտրանսգազ» կոնցեռնի բաժնետոմսերի ծրարի բելառուսական մասը «Գազպրոմին» վաճառելու, թե՛ առաջին բելառուսական ատոմակայանի կառուցման չինական և ֆրանսիական ֆիրմաների ու կապիտալի ներգրավման շուրջ: Այն ժամանակ Պուտինն իրեն հատուկ պատկերավորությամբ ու անառարկելիությամբ հայտարարեց. «Պետք է հասկանալ, թե ինչ ենք մենք ուզում, և ինչ են ուզում մեր գործընկերները: Կոտլետներն առանձին, ճանճերն առանձին պիտի լինեն»: Լուկաշենկոն, «մայր երկրի» կարծիքով, արձագանքեց անհամարժեք և հայտարարեց, որ «Ռուսաստանի հաշվով դեռ ելք կարելի է գտնել», սկսեց գործընկերներ փնտրել դրսերում և ակնարկել, թե ռազմական աջակցության համար, որ հանրապետությունը ցուցաբերում է Ռուսաստանին, բելառուսական կողմը բավականաչափ չի ստանում և չի կարող Ռուսաստանին պաշտպանել «անվճար»:
Այս անգամ պատճառն ուրիշ է. ինչպես գրում են «Բելառուսական նորությունները», Մոսկվայի ներկա դժգոհության պատճառը «Բելառուսկալիումի» սեփականաշնորհումն է, որի հարցում Մինսկը իր ռուս գործընկերներին առայժմ «քցում» է: Պարզվում է, Սուլեյման Քերիմովի հետ (ՌԴ ներկա վարչապետ Դ. Մեդվեդևի մերձավոր գործարար) բելառուսական կալիումի հսկայի վաճառքի շուրջ բանակցությունները սկսվել են դեռևս 2011 թ. բելառուսական տնտեսական ճգնաժամի ժամանակվանից: Լուկաշենկոն վերջերս մեկ անգամ ևս «խոցեց» ռուսներին, պատմելով բանակցությունների մանրամասները, իբր, «Բելառուսկալիում»-ի համար առաջարկել են կես գին` 15 մլրդ դոլար, այդ թվում 5 միլիարդը որպես կաշառք, «իսկ մենք նրանց` հաջողություն, տղերք, մեզ ուրիշի տեղ եք դրել»: Այնուհետև բելառուսական պարբերականը գրում է, որ «Բելառուսի վրա Մոսկվայի նավթային ճնշումը ռեյդերական զավթման դասական փորձ է: Հենց այդ կերպ երկու տարի առաջ ռուսական իշխանությունները զավթեցին «ՈՒրալկալիումը»` ի շահ իրենց ազդեցության տակ գտնվող օլիգարխների»: Սակայն պարզվում է, որ Բելառուսի նկատմամբ ռուսական կապիտալի շահերը հեռու են միաձույլ լինելուց. Մեդվեդևի բիզնեսի շրջապատին ակտիվորեն դիմակայում է Իգոր Սեչինը` «Ռոսնեֆտի» ղեկավարն ու վառելիքաէներգետիկ համալիրի ոչ պաշտոնական պատասխանատուն, ով ուզում է, որ ձեռնարկությունը բաժին չհասնի «ՈՒրալկալիումին», գոնե հիմա, քանի դեռ այն Քերիմովի վերահսկողության տակ է: «Այս իրավիճակում «Բելառուսկալիումի» համար մղվող ճակատամարտը ռազմավարական նշանակություն է ստանում ռուսական երկու օլիգարխական կուսակցությունների համար»: Մասնավորապես, Մեդվեդևի համար ծայրաստիճան վտանգավոր է թույլ տալ, որ իրեն անպատիժ «քցեն», ինչպես արեց Լուկաշենկոն, խոստանալով վաճառել բելառուսական կալիումի մենաշնորհատիրոջը: Թուլության նման օրինակը վարչապետի համար լավագույնս չի ազդում ռուսական բյուրոկրատական «ճահճի» դիրքերի վրա, որը ձգտում է հաճոյանալ ուժեղ կողմին: Բացի այդ, պարբերականը պնդում է, որ Պուտինի համար, իր հերթին, պակաս ցանկալի չէ Մեդվեդևի քաղաքական պարտությունը Լուկաշենկոյի «վրայով անցնելիս»: Հենց դրա համար էլ, թեև ՌԴ նախագահի աշխատակազմը չի էլ կարող բացահայտորեն հանդես գալ «բելառուս մաքսանենգների» պաշտպանությամբ, նա ջանադրաբար հեռու է մնում «ջրիկացուցչի աղմուկից», այդ թեմայով չարտահայտվելով ոչ մի անգամ: Իսկ Լուկաշենկոն, իր հերթին, ակտիվորեն օգտվում է ռուսական իշխանությունների հակասություններից: Առայժմ… Սակայն եթե նա հանկարծ հայտարարի բելառուսական կալիումի հսկան հնդիկ կամ չինացի ներդրողներին վաճառելու մասին, անգամ ավելի շահավետ տարբերակով, ապա չարժե կասկածել, որ ռուսական երկու «օլիգարխիական կուսակցություններն» էլ անմիջապես դուրս կգան Լուկաշենկոյի դեմ:
Եվ այսպես, որքան էլ բելառուս նախագահը հրապուրվի «սլավոնական ժողովուրդների դարավոր բարեկամությամբ», այդուամենայնիվ, «բարեկամությունը` բարեկամություն, իսկ թութունը` ամեն մեկն իրենը»: Սակայն նա տեղնուտեղն ընդգծում է, որ որպես սիրալիր տանտեր, ինքը պատրաստ է «ռուսական համառ գործարարներին վաճառելու բելառուսական տնտեսության բոլոր մարգարիտները, բայց սև ոսկու հաստատուն գնով»: «Կտանք նավթավերամշակման գործարանը, բայց դուք հորանցք տվեք»,- այսպիսի փոխանակություն է նա առաջարկել ռուսական լրատվամիջոցներին: Իսկ Լուկաշենկոն կոշտ սակարկել, ինչպես ապացուցում է վաղեմի փորձը, և՛ սիրում է, և՛ կարողանում:
Իսկ բոլոր ճակատամարտերի վերջում նա, ինչպես միշտ, հայտարարում է. «Ես գնում են Մոսկվա, հավասարի պես խոսում եմ այդ կայսրության ղեկավարի հետ… Մենք յուրային ենք, կարող ենք նաև վիճել: Բայց գլխավորը` քեն չենք պահում, որ հավետ նեղացած մնանք իրարից»։ Եվ ավելացնում է, որ չի հասկանում, թե ինչու պիտի ինքը Ռուսաստանի թշնամին լինի: Իսկ առայժմ, դուր գա դա ոմանց, թե ոչ, այդ մարտավարությունն իր պտուղներն է տալիս: Խորամանկ Լուկաշենկոն կարողանում է իր շահը` իշխանությունից մինչև տնտեսություն, հաջողությամբ պաշտպանել:

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 3049

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ