ՄԱՐԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆԻ հետ մեր զրույցը նրա առաջին` «Խորհուրդն արքայի» գրքի շուրջ է:
-Իսկապե՞ս երազում հանդիպել և զրուցել եք Տիգրան Մեծի հետ, թե՞ սա գեղարվեստական հնարք է` նախնյաց իմաստուն խոսքն ու խորհուրդը երիտասարդ սերնդին հաղորդելու:
-Իսկապես հանդիպել եմ, և այդ հանդիպման մեջ միստիկ բան կա. ինձ շարունակ մտատանջել է իմ երկրի ու ժողովրդի անցած ծանր ու դաժան պատմական ուղին: Ես հաճախ փորձել եմ մտքի լարումով մեր հզոր արքաների հաղթանակների խորհուրդը հասկանալ, մտովի նրանց հետ նույնիսկ զրուցել եմ: Բայց նրանք ասես չեն ուզել բացվել իմ առաջ։ Եվ հանկարծ մի օր երազում ես հայտնվում եմ Արքայից արքա Տիգրանի պալատում. հավանաբար այդ հանդիպման համար ես երկար տարիներ պատրաստ չեմ եղել: Գեղարվեստական խոսքն ինքը հաճախ է դիմում հնարքների, այն հեղինակին հնարավորություն է տալիս ոչ միայն անկեղծանալու, այլև խոսքին առավել սուր և հարաճուն բնույթ տալու: Ես ևս փորձեցի իրական, բայց միստիկ երազին համադրել գեղարվեստական հնարքը: Սերունդները կրթվում և դաստիարակվում են նախնիների հերոսական գործերով և իմաստուն մտքերով: Եթե կտրվում է սերունդների կապը ինչ-ինչ պատմական վայրիվերումների պատճառով, կտրվում է նաև հոգևոր ժառանգության շարունակականությունը: Սերնդափոխությունը սոսկ նոր սերնդի ծնվելը չէ: Մենք եթե չենք կորցրել լիովին, ապա դարերի ընթացքում փոքր առ փոքր թուլացրել ենք այդ հոգևոր և ոգեղեն կապը մեր նախնիների հետ: Հենց այդ թույլ կապն է պատճառը, որ մենք հեշտությամբ հեռանում ենք հայրենիքից` թողնելով այն պատմության դաժան հարվածների տակ: Իսկ մեր պատմությունը լի է օտար զավթիչների բռնություններով, թալանով և կոտորածներով: Մեր հեռանալը հայրենիքից հավասարազոր է տկարացած ծնողին մենակ ու բախտի քմահաճույքին թողնելուն: Այո՛, «Խորհուրդն արքայի»-ն ուղերձ է երիտասարդներին, ի դեպ, խորհուրդ է ոչ միայն որպես խրատ, այլև խորհուրդ խորին, իմաստ, էություն: Երկրի ապագան երիտասարդների ձեռքում է, և նրանք իրենց առույգ ու կայտառ մտքով, պայծառ հոգով պատրաստ են սխրանքի, եթե մենք` մեծերս, սերնդափոխության անխախտ օրենքով նրանց փոխանցենք մեր փորձն ու իմաստությունը:
-Համամի՞տ եք Մեծն Տիգրանի պատգամին` «Հայն օտար երկրում չունի անելիք». չէ՞ որ մենք օտար երկրներում ապրող մեծեր ենք ունեցել` Սարոյան, Ազնավուր, Այվազովսկի, Ռուբեն Մելիք և այլք, բազմաթիվ մեծահարուստներ:
-Այդ մարդիկ, որտեղ էլ ապրեին, միևնույն է, մեծ էին լինելու: Հայոց բեղուն հողի ծնունդ են Մաշտոցը, Խորենացին, Նարեկացին, Քուչակը, Թումանյանը, Չարենցը. կարող եմ թվարկել էլի շատերին: Հայի հանճարն ու տաղանդը անգամ ամենաանբարենպաստ պայմաններում են ծաղկում, էլ ուր մնաց խաղաղ ու բարեկեցիկ պայմաններում չդրսևորվեն, այն էլ` հաճախ օտար երկրում: Մենք` հայերս, նման ենք ճրագի, և ինչպես ժողովրդական ասացվածքն է փաստում` «Ճրագն իր տակը լույս չի տալիս»: Մենք ճրագի նման չորս կողմը լուսավորում ենք, ինքներս մնում ենք մթության մեջ:
-«Մեր մտքի կանթեղ,
մեր ոգու ճաճանչ
անփույթ կորցրել ենք
մեր երթի ճամփին
և փոխարենը օտարության մեջ
ոչինչ չենք գտել»:
Այստեղից էլ հաջորդ հարցը. կարող ես չհեռանալ հայրենիքից, սակայն այդպես էլ չգտնել քո տեղը և ինքդ քեզ: Այդ դեպքո՞ւմ էլ չպետք է գնալ օտար երկիր:
-Այն, որ օտարության մեջ ոչինչ չենք գտել, փաստ է: Այն հայորդիները, ովքեր փառքի են արժանացել օտար երկրներում, նրանց փառքն ու անունը տվյալ երկրին են պատիվ և նյութական շահ բերել, իսկ մենք հեռվից նայել և միամտորեն ուրախացել ենք, որ նրանք էլ են հայ: Ռափայել Պատկանյանը մի բանաստեղծություն ունի, որտեղ ցավով ու զայրույթով ասում է, որ եթե հայի տաղանդից ու հարստությունից Հայաստանն օգուտ չունի, ուրեմն նա արժանի չէ հարգանքի: Սա ասել է նա դեռևս 19-րդ դարում: Այսօր էլ շարունակում ենք «մեր երթի ճամփին» վատնել աստվածապարգև մեր տաղանդն ու հանճարը: Աստված մեր հանդեպ եղել է շռայլ ու բարեհաճ` պարգևելով տաղանդ ու հանճար, բայց և պատժել է, ասես մենք չենք կարողանում գնահատել մեր կողքին ապրող տաղանդավոր և հանճարեղ մարդկանց: Մի առիթով Վ. Սարոյանն ասել է, որ Հայաստանում և աշխարհում տաղանդավոր հայերը շատ են, և Հայաստանում բոլորի համար տեղ չկա: Ամենայն հավանականությամբ, նա այդ խոսքերով արդարացնում էր իր` հայրենիք չվերադառնալը: Ես էլ հակընդդեմ հարց ունեմ. իսկ ո՞վ էր մեզ ասում, որ մեր երկիրն այնքան փոքրացնեինք, որ տասը հանճարեղ և քսան տաղանդավոր հայ կողք կողքի չկարողանան ապրել: Մի օրինակ բերեմ. Օհան Դուրյանի նման հանճարեղ դիրիժորին նսեմացնելով` հեռացրին: Նրան փոխարինեց երիտասարդ, գուցե և տաղանդավոր դիրիժոր (չեմ լսել նրա համերգները, չեմ կարող կարծիք հայտնել): Եթե նույնիսկ շատ տաղանդավոր է, թող հանճարն ու տաղանդը մեր երկրում կողք կողքի ապրեն, և լինի առողջ ու բարի սերնդափոխություն:
-Կարելի՞ է ասել, որ հայի տեսակը վտանգված է նաև հայրենիքում: Ինչպես գրել եք` «Մենք կորցրել ենք կորուստն զգալու զգոնությունը մեր, որի կորստով կկորցնենք մեզ էլ»:
-Այո՛, ասեմ` ինչու: Ճիշտ է, մենք մեր երկրում ենք, մեր լեզվական, բարոյահոգեբանական և ավանդութային միջավայրում: Թվում է, թե վտանգ չկա: Բայց դա երևութական է: Դարի օտարամիտ գաղափարներն այնքան խոր շերտեր են թափանցում, որ նոր սերունդը, որն ամենաանպաշտպանն է, հայտնվում է ինքնահրաժարումի և, որ ավելի վտանգավոր է, ինքնաժխտման ջրապտույտի մեջ, որը կտանի ինքնաոչնչացման: Ահա այդ աղճատված հոգեբանությամբ և մտածողությամբ մարդիկ են հայտնվել քաղաքում, և ես շատ հաճախ ինձ օտար քաղաքում եմ զգում: Երևանը, իմ սիրելի Երևանը, իմ երիտասարդության Երևանն ասես խեղճացել է, գորշացել: Մենք մեր տան դուռը պիտի փակ պահենք, պատերն ամուր կառուցենք, որ ով ասես չմտնի, չաղարտի մեր տունը: Մենք մեր երեխաների հոգու և մտքի սափորը պիտի լցնենք մեր հոգու և ոգու լույսով, իսկ եթե մի փոքր դատարկ տեղ թողնենք, ապա դատարկը ինչով ասես կարող է լցվել: Եվ լցնում են:
-«Գիտե՞նք, թե ով է մեր բարեկամը և ով` թշնամին»: Սա արքայի հռետորական հարցն է, քանի որ պատասխանը, ըստ էության, ակնկալելի է` չգիտենք: Եվ արդյոք ներսի՞, թե՞ դրսի թշնամուց պիտի զգուշանանք:
-Այս էլ քանի դար մենք` հայերս, այդպես էլ չենք ճանաչել մեր թշնամիներին, ոչ բարեկամներին, երբեմն էլ`բարեկամներին: Ով մեզ բարի և քաղցր խոսք է ասել, հաճախ կեղծ` մեր զգոնությունը բթացնելու նպատակով, ով խարդավանքից առաջ ժպտացել է մեզ, ով գովել է մեզ, որպեսզի մեր տաղանդը, ռազմական ու շինարարական շնորհները ծառայեցնի իր երկրին, մենք նրան անվերապահորեն հավատացել ենք և բարեկամ անվանել: Ես հայ ժողովրդին նմանեցնում եմ իր աստվածատուր մրգին` ծիրանին: Ծիրանենին մեր շրջապատի թերևս միակ ծառն է, որ նախ ծաղկում է` շքեղ հարսնաքողով ծածկելով իր մերկ ճյուղերը, հետո է միայն տերևակալում: Տերևներն ինչ-որ չափով պաշտպանում են ծաղիկները տարաժամ ցրտահարությունից, կարկտից և ծաղկավիժում առաջացնող անձրևներից: Ծիրանենին խաբվում է վաղ գարնան մի քանի տաք ու արևոտ օրերի ջերմությունից և մի քանի օրում ծաղկում է, մինչդեռ առջևում փորձություններով լի լեռնային երկրի անկանխատեսելի գարունն է: Ներքին թշնամո՞ւ մասին եք հարցնում: Իհարկե, եղել է և կա այդ թշնամին: Ներքին թշնամի բոլոր ժողովուրդներն էլ ունեն, բայց մեր ներքին թշնամին քաղաքական չի եղել ի սկզբանե, այն բարոյական դաշտում է ավերածություններ արել, որ նախկինում էլ, այսօր էլ քաղաքական հետևանքների է վերածվել: 2000 և ավելի տարի առաջ, ոգեղենության տիրույթում է ապրել մեր ազգը, միտումնավոր և նպատակասլաց դավադրորեն օտար արժեհամակարգ «պատվաստվեց», դա նյութապաշտությունն էր, որ մինչև հիմա չենք կարողանում մաքրել մեր միտքն ու հոգին այդ ախտից։ Վկան քաղաքական կարևորություն ունեցող անհատների` թագավորների, իշխանների, հոգևոր առաջնորդների դարերով մեզ «դավանած» նյութապաշտությունն է եղել, որը մեր հայրենիքն ու ժողովրդին դրեց կորուստներ տալու և չզգաստանալու թմբիրի մեջ։ Այսօր չկան ո՛չ թագավորների, ո՛չ նախարարների ճոխ ու շքեղ պալատները, չկան այն մեծահարուստ հայերի ապարանքներն ու անգամ դիզած ոսկիները, իրենք էլ դարձան յաթաղանի զոհ սովորական մահկանացուների պես: Մեզ Արքայից արքան սթափության կոչ ու հորդոր է անում: Դեռ կարող ենք ազգովին վերադառնալ մեզ հոգեհարազատ բարոյական արժեքների դաշտ:
-Գրքում ասվում է, որ «Կինը նախ մայր է` զինվոր ծնանող»: Եվ Ձեր իսկ տողերով ուզում եմ հարցնել` կինը հայոց երկրում հարգվա՞ծ է եղել և հարգվա՞ծ է այսօր: Ո՞վ է հայ կինը և արդյոք կարիք ունի՞ դրսից ներմուծվող «գենդերային հավասարության» քարոզների:
-Մեր աստվածների դիցարանում մենք ունենք Անահիտ մայր աստվածուհի: ՈՒրիշ ոչ մի ազգի դիցարանում կին աստվածուհին այր աստծո կողքին հավասար արժանիքներ չունի: «Կին» բառը, որ ի սկզբանե ունեցել է «ծին», «գեն», «կյանք տվող» իմաստը, եղել է աստվածային, ստեղծող, արարող սկիզբ ունեցող էակ: Անգլերենում, ի դեպ, պահպանվել է թագուհի իմաստով` queen: Մեր ժողովուրդը կնոջը մեծարելու և գնահատելու կրողն է եղել երկար դարեր: Հայ գերդաստաններում էլ մինչև 20-րդ դարի սկիզբը կինը հարգված ու գնահատված է եղել: Ես երևի մի առանձին հոդվածով կանդրադառնամ հայ գերդաստանին և նրա մեջ կնոջ դերին: Կինը հավասար է տղամարդուն որպես Աստծո ստեղծած մարդ, կամ ինչպես մեր ժողովուրդն է ասում` կինարմատ, այսինքն` ծնող արմատ: Կինն իր մտավոր ունակություններով և հոգևոր աշխարհով բնավ չի զիջում այր մարդուն, գուցե որոշ հարցերում նույնիսկ ավելի ուժեղ է նրանից. թող տղամարդիկ չվիրավորվեն. բնությունը կնոջ փխրուն ուսերին է դրել մարդ տեսակի` մարդկության պահպանման ողջ բեռն ու պատասխանատվությունը: Կարո՞ղ ենք պատկերացնել, որ կինը (անգամ կենդանական աշխարհում էգը) ծնված երեխային պարզապես թողնի-հեռանա և իր անձնական երջանկությունը կառուցի: Բացառությունները բարոյական անկման դրսևորումներ են:
Աշխարհը հիվանդացել է «գենդերային» տկարամտությամբ: «Առաջավոր և ժողովրդավարական» Արևմուտքը, Ամերիկան էլ հետը, մինչև հիմա էլ կնոջ անհավասարությունը և ճնշվածությունը հաղթահարելու խնդիր ունեն: Օրենքն ընդունվում է այնտեղ և այն ժամանակ, երբ որոշակի հանցագործությունը հաճախանում է: Պարզապես, մեր ժողովրդի բախտը չի բերել. միջնադարում և ավելի ուշ շրջանում մեզ իշխել են կամ մշակույթի այլ դաշտում եղող ազգեր, կամ մեզնից շատ ցածր ազգեր. երկու դեպքում էլ մեզ պարտադրվել է օտարի բարոյական վարքականոնը: Հիմա էլ «լուսավորյալ» Եվրոպան է միջամտում մեր տան գործերին: Հայ տղամարդու կերպարի մասի՞ն եք հարցնում: Այո՛, կորուստներ է տվել, և պատճառը օբյեկտիվ է, իր ներսից չի գալիս: Վերջին քսան տարիներին հայ տղամարդն իր պետության կողմից այնպես է նսեմացվել սոցիալապես, հետևաբար նաև բարոյապես, որ նա խեղճացել է ու կորցրել ինքնավստահությունը, մանավանդ երբ տեսնում է իրենից առանձնապես բարձր արժանիքներ չունեցող և սոցիալական ու հասարակական սանդղակի բարձր աստիճանին հասած մարդկանց: Որոշ տղամարդիկ ընկճվում են, ոմանք, ցանկացած միջոցներով, փորձում են իրենք էլ այդ սանդուղքի վրա տեղ գրավել: Արքայի խորհուրդը դրան էլ է վերաբերում:
-Արքայից արքան ռազմավարի իր փորձից դաս է տալիս մեզ, «որ սահմանները ցանկացած երկրի զինվորն է գծում»: Գիտե՞ն կամ գիտակցո՞ւմ են մեր հասարակությունը և առավել ևս պետական այրերը այդ պարզ ճշմարտությունը:
-Սա երևի աշխարհի սկզբից միակ անփոփոխ օրենքն է եղել: Այսօր գերտերություններն են որոշում և՛ աշխարհի ճակատագիրը, և՛ պետությունների սահմանները: Սա ազնիվ «կռիվ» չէ` մեծն Տիգրանի բնորոշմամբ: Այո՛, զինվորն է որոշում և «գծում» իր հայրենիք-պետության սահմանները: Մենք` հայերս, զինվորի պաշտամունք ենք ունեցել, չէ՞ որ նա էր պաշտպանում երկրի սահմանները: Բայց երբ կորցրինք մեր պետականությունը, և մեր հայրենիքի տարածքում օտար զավթիչներն իրենց բռնակալ պետությունը հիմնեցին, այդ ժամանակից օտար, բարբարոս զինվորի կերպարը մթագնեց հայի` հող-հայրենին պաշտպանող ռազմիկի հուշը: Առաջին հանրապետության գոյությամբ, բարեբախտաբար, վերականգնվեց հայ քաջ զինվոր-մարտիկի կերպարը: Խորհրդային տարիներին ակնածանքը զինվորի հանդեպ կրկնապատկվեց: Մինչդեռ անկախության տարիներին հաղթած հայ զինվորն անտեսվեց: Ինչո՞ւ, որովհետև պետության ղեկի մոտ հայտնված մարդիկ պետականության գաղափարի կրողներ չէին, այլ իշխանության գալու մտայնություն ունեցողներ: Ահա թե ինչու Արքայից արքայի հորդորն է ու հրամանը` «Սիրի՛ր քո ժողովրդին, և նա քո բանակն անպարտ կդարձնի»: Բայց, ցավոք, կարծես պակասել են սերը մեր միջև և իշխանավորի սերը ժողովրդի հանդեպ: Մենք ասես պարտադրված ենք լավ զինվոր լինելու, քանի որ մեր շուրջն այլոց հողը զավթելով «կուշտ ու ծույլ» ապրողները շատ են: Գիտնականներն աշխարհի հակասությունների հիմքում դնում են մի հետաքրքիր տեսություն. կան ստեղծող, արարող ազգեր, կան և ավերող, կործանող ազգեր: Չեմ ուզում ազգերի անուններ հիշատակել: Ահա այդ երկու ուժերի հարատև բախումներն են աշխարհը պահում պատերազմների ու ավերածությունների հորձանուտի մեջ։ Մեծն Նժդեհն ասել է. «Աշխարհում երկու բան կա, որ չի հոգնում. հայը` կառուցելով, ժամանակը` քանդելով ու ավերելով»: Ժամանակի մեջ նա տեղավորել է բարբարոս, նենգ ու խարդախ պատմություն գրած բոլոր ազգերին:
-Մեծն Տիգրանի վերջին հորդորը իրականանալի՞ եք համարում այսօր:
-Այո՛։ Մենք ենք մեր երկրի տերը, մենք ենք ընտրում պաշտոնյաներին, և մե՛նք էլ կարող ենք թույլ չտալ, որ նրանք իշխանավոր դառնան:
Մենք պիտի մեր ազգի բոլոր մեծերի բարոյական ուժը, հաղթանակների խորհուրդն ու կամքը փոխանցենք սերունդներին, որպեսզի սերունդների միջև հոգևոր կապի խզում չլինի:
Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ
Հ. Գ.- «Խորհուրդն Արքայի» գիրքը հեղինակն անվճար տրամադրելու է Հայաստանի և Արցախի զորամասերին, բուհերին և ավագ դպրոցներին` Արքայից արքայի իմաստուն խոսքը երիտասարդներին հասցնելու համար: