Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մեր տխրության ուրախ ամառը

Մեր տխրության ուրախ ամառը
28.06.2012 | 14:48

«Ինչո՞ւ ես տխուր և ինչո՞ւ ես ուրախ»` շատ տարիներ առաջ հարցնում էր Հրանտ Մաթևոսյանը: Անկապ ու տարողունակ հարց է: Հազար պատասխան, ու հազարն էլ` կիսատ: Ինչ էլ ասես, չասվածի տտիպ համը մնալու է քիմքիդ, ու հարցը պահպանվելու է: Ինչո՞ւ ես տխուր: Ինչո՞ւ ես ուրախ: Եթե միլիոնից մեկն ուներ նաև «Ես ես եմ» ասելու իրավունք, հազարավորներն իրենց ես-ն անցկացնում են ուրախության ու տխրության միջով, որ հասկանան իրենց, իսկ իրականում ուրախ ու տխուր լինելը կախված է ես-ից` ինչո՞վ ես ուրախանում, ինչո՞վ ես տխրում, ի՞նչ ես հասկանում ուրախ ասելով ու ի՞նչ` տխուր: ՈՒ գիտե՞ս սահմանագիծը ուրախության ու տխրության, կամ` տխուր ուրախության ու ուրախ տխրության:
«Ես շատ լավ գիտեմ` ինչ ժամանակում ենք մենք ապրում, և ինչ պետություն են ստեղծել մեր հայրերն ու պապերը: Փառահեղ անցյալով պետք է հիանալ, բայց կյանքդ պիտի կազմակերպես ներկա պայմաններում: Ես աղոթում եմ, որ աստվածները մեզ լավ տիրակալ ուղարկեն, բայց համակերպվում եմ եղածների հետ». Հռոմի սենատոր Էպիրոս Մարցելոսի խոսքերն են` փոխանցված Տացիտոսի պատմությամբ: Առիթն այնքան էլ էական կարող է չթվալ մեր օրերում, էականը գրեթե խայտառակ ռեալիզմն է ու նույնքան ցինիկ օգտապաշտությունը: Այդպես ապրել են: Այդպես ապրում ենք: Լավ է, թե վատ: ՈՒրախ է, թե տխուր: Ընդունելի է, թե ոչ:
Բառերի մեջ չտեղավորվող մեր կյանքը միշտ ավելին է եղել, քան կարող են երբևէ բառերն արտահայտել: Հենց այդ պատճառով աշխարհում անփոփոխ են մնում չգրված օրենքները, իսկ գրվածները փոփոխվում են անընդհատ: ՈՒ կյանքում ամեն մեկն իր համար է լուծում «ներկա պայմաններում կյանքը կազմակերպելու» հարցը: Այդպես կազմակերպում են իրենց կյանքը նաև քաղաքական ուժերը: Նրանց մեծ մասը փորձում է ներկա պայմաններում լավագույնս գոյատևելու հարցը լուծել, մի մասը փորձում է «ներկա պայմանները» փոխել, իսկ մի մասն էլ ապագայի մասին է մտածում և շատ, խայտառակ շատ քչերն են մտածում փառահեղ անցյալի, ներկա պայմանների ու ապագայի հեռանկարների համադրումով: Այդպես մտածողները սովորաբար հազվադեպ են հաջողության հասնում, բայց երբ նրանց տեսակարար կշիռը պակասում է, ազգը սկսում է դոփել տեղում, իսկ պետությունը` վերասերվել:
Ոմանք այդ ժամանակներում «Ողբ» են գրում, ոմանք` «Կատակերգություն», որ հետո անվանվում է «Աստվածային», ոմանք` «Մատյան ողբերգության», իսկ ոմանք էլ ոչինչ չեն գրում, պարզապես ապրում են այդ ժամանակները, որ կյանքը շարունակվի և ժամանակներն իրար հանգուցվեն: Ո՞վ է ճիշտ և ո՞վ է սխալ: Կյանքը շատ հեշտ է դարակներում տեղավորել ու պիտակավորել: Այդպես հեշտ է հասկանալ, այդպես հարմար է կառավարել, բայց անհույս է ապրել: Անհեռանկար: Փոփոխության էներգիան, միևնույն է, կուտակվելու ու վերադասավորելու է դարակները:
Հայաստանի քաղաքական դաշտում հիմա հենց այդ դարակների վերադասավորման շրջանն է: Իշխանությունն իր «պահարանն» է կարգի բերում, ընդդիմությունն իր «պարունակությունն» է պարզում: Եվ ուրախ ու տխուր այս ժամանակում կուտակվում է փոփոխության էներգիան:
Իշխանությունն իր պահարանում, ինչպես ցանկացած պահարանում, իր «կմախքներն» ունի, որ կարող են պատեհ-անպատեհ դուրս ցցվել: Օրինակ` Ղարաբաղի հարցը, որը շատ հարմարավետ տեղավորվել է քաղաքական դաշտում և անկախության ամենասկզբից ստանձնել ողնաշարի դերը: Ղարաբաղի հարցի պատճառահետևանքային հարաբերություններն են որոշում Հայաստանի Հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությունը, արդեն չասած ժողովրդավարություն, քաղաքական դաշտ, շրջափակում, տնտեսություն, արտագաղթ, կենսամակարդակ, բարոյահոգեբանական մթնոլորտ ու նման «մանր-մունր» հարցեր, որոնց ամբողջությունը սահմանում է պետության տեղն ու դերը տարածաշրջանում ու աշխարհաքաղաքական անցուդարձում:
Հաջորդը` հայ-թուրքական հարաբերությունների հարցը, որ մենք գերադասում ենք համարել մեր կողմից «ավարտված», քանի որ գնդակը, ինչպես հայտնի է, Թուրքիայի դաշտում է: Իհարկե, բայց քաղաքականության մեջ էլ, ինչպես ֆուտբոլում, խաղը նրանն է, ով գնդակով է: Մենք այս հարցը համարում ենք այլևս Թուրքիայի հարցը, բայց մենք էլ լավ գիտենք, որ աշխարհի համար այնքան էլ կարևոր չէ` ով ինչ է ասում, ով ինչ է համարում, աշխարհն այս տարածքում ունի իր շահերը, իր տնտեսական ծրագրերը, իր քաղաքական նպատակները: Եվ ԱՄՆ-ին, և Եվրամիությանը պետք են տարածաշրջանում բաց սահմաններ: Ամենից լավ դա գիտի Թուրքիան, որ սահմանները բացելու համար նախապայման է դնում: Այսինքն` տալու դիմաց ուզում է ստանալ, պարզ առևտուր: Մենք նախապայման չենք դնում` մենք չենք ասում` ճանաչեք ցեղասպանությունը, որ դիվանագիտական հարաբերությունները հնարավոր դառնան, նույնիսկ չենք ասում` Ադրբեջանի` երրորդ պետության հետ ի՞նչ կապ ունեք, որ սահմանների բացման նախապայման իբր «գրավյալ տարածքների» վերադարձն եք ուզում, մենք չենք ասում` մենք էլ մեր պատմական հայրենիքի տարածքներն ենք ուզում: Մենք չենք ասում: Բայց մենք ի՞նչ ենք անում, երբ տարածաշրջանի քարտեզում գազատարներն ու նավթատարները, երկաթուղագծերը սլացիկ շրջանցում են մեր երկիրը, ու մենք մնում ենք մեր անկլավում: Եթե աշխարհն իրոք համարում է, որ գնդակը Թուրքիայի դաշտում է, ինչո՞ւ է գնդակը խրվել-մնացել այդ դաշտում, թե՞ այս խաղն ավարտվել է, բայց մենք չգիտենք: ՈՒ նոր խաղ է սկսվում, որտեղ գնդակը կարող ենք մենք լինել:
Մենք ի՞նչ ենք անում, երբ ռուսները հայտարարում են, որ մեծացնելու են իրենց ռազմական ներկայությունը Գյումրիի ռազմաբազայում: Ո՞վ է հարցնելու` ինչո՞ւ, ինչքանո՞վ, մինչև ե՞րբ ու ինչո՞ւ: Չէ որ երկիրը մերն է ու երկրի պաշտպանության, անվտանգության, կայունության պատասխանատուն մենք ենք: Հայաստանն անկա՞խ երկիր է, թե՞ ԽՍՀՄ-ը վերականգնվել է մեր մասով: Ինչպե՞ս է աշխարհը մեր այդ կարգավիճակին վերաբերվելու, պետությունն ունի՞, թե՞ արդեն չունի իմիջի հարց: Տարածաշրջանում ի՞նչ է փոխվում ռուսական զինուժի մեծացումով, մեզ դա պե՞տք է, թե՞ ոչ: Արդյո՞ք հայ-թուրքական սահմանի բացումը և հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը ռուս զինվորների ներկայությունը Հայաստանում ավելորդ չեն դարձնելու: Արդյո՞ք մենք հաղթահարել ենք «դարավոր ոսոխի» բարդույթը, թե՞ պահանջում ենք, որ Թուրքիան առաջինը հաղթահարի մարդասպանի իր բարդույթը, որից հետո մենք կսկսենք մտածել մեր բարդույթների մասին: Ի վերջո, վտանգավո՞ր է, թե՞ ոչ Թուրքիան Հայաստանի համար, հնարավո՞ր, թե՞ հնարովի է Թուրքիայի ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ:
ՈՒ եթե անդրադառնանք ընդդիմության «պարունակությանը», ո՞ր ուժն է այսօր ի վիճակի պատասխանելու այս և ածանցյալ հարցերին ամբողջության մեջ: Պատասխանելու ոչ թե հարթակներից ու թերթային հրապարակումների մակարդակում, այլ պետականության անվտանգության ապահովման ու զարգացման հեռանկարի ծրագրի, որ նույնքան ընդդիմության խնդիրն է, որքան իշխանության, որովհետև քանի դեռ ընդդիմությունը չունի այդ պատասխանները, պատրաստ չէ իշխանության գալու:
Հետընտրական Հայաստանի քաղաքական դաշտի կենտրոնական խնդիրը ԲՀԿ-ի դիրքորոշումը դարձնելը որքա՞ն է համապատասխանում ուժերի իրական վիճակին և իրադարձությունների զարգացման տրամաբանությանը: Եթե իշխանությունը ԲՀԿ-ին արտաքուստ գոնե հանձնել է ինքն իրեն, ինչո՞ւ է ընդդիմությունը փորձում իր ուսերից վերցված քղամիդը պարտադրել ոչ իշխանություն-ոչ ընդդիմություն, իրեն այլընտրանք համարող կուսակցությանը: Արդյո՞ք այս քայլով ՀԱԿ-ը չի փորձում վերադարձնել իր կշիռն ու ազդեցիկությունը ուրիշի հաշվին` սխալվելով նորից: Հետընտրական շրջանի միակ հանրահավաքում և խորհրդարանական կյանքի մի քանի օրում ՀԱԿ-ը բավականին բացահայտումներ արեց` ինքն էլ չգիտակցելով, որ իր ձեռամբ է բացում իր փակ վարագույրները: ՀԱԿ խմբակցության 7 պատգամավորները ՀԱԿ-ին ներկայացնելուց առաջ սեփական հավակնություններն են ներկայացնում ու փորձում հաստատել միմյանց հաշվին` սկսած խմբակցության ղեկավարի ընտրությունից: Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հունիսի 26-ի հանրահավաքում, եթե ՀԱԿ-ը հավակնում է իր նախկին դիրքերը վերադարձնելու, պիտի հստակ պատասխաներ մեկ հարցի միայն` ի՞նչ է ինքը պատրաստվում անելու, բայց քաղաքագիտական վերլուծության «սովորությունը» խանգարեց: Բացահայտորեն ԲՀԿ-ի քաղաքական ճակատագիրը սեփականի չափ կարևորելով` ՀԱԿ առաջնորդը հայտնագործեց «Հայաստանի ամենասարսափած մարդուն», որ ակնհայտորեն բոլորովին էլ սարսափած չէ, և վերստին սկսեց տնօրինել ուրիշների անելիքները: Իսկ ընդհանրապես շատ տխուր է քաղաքական, թե քաղաքագիտական վերլուծությունը շրիշակից էլ իջեցնելու փաստը, իսկապես տխուր է Հայաստանի առաջին նախագահին տեսնել շարքային ընդդիմադիրի դերում, ում անելիքն ընդամենը «խառնակչությունն» է քաղաքական դաշտում: Տխուր է, երբ առաջին նախագահի պատմական պրագմատիզմը իր դեմ է ուղղվում` ընդդիմադիր պատգամավորների ձայները հաշվելուց առաջ և հետո (որ ոչ թե 54 է, այլ ընդամենը 7+5+5), պիտի հաշվի առներ նաև քվեարկության հետևանքը: Նախագահական ընտրությունների նախընթաց շրջանում այս տրամաբանությամբ բացառված չէ, որ ՀԱԿ-ի թեկնածուն իսկապես Վարդան Օսկանյանը դառնա, կամ էլ նույնիսկ Ստեփան Դեմիրճյանը: Այս ճանապարհով ՀԱԿ-ն անդարձ հեռանում է ժողովրդից ու պարփակվում Ազգային ժողովի խմբակցությունում: Լավագույն դեպքում ՀԱԿ-ի ժողովուրդը դառնում են նրանք, ովքեր հավաքվում են Ազատության հրապարակում և դեմքով արդեն ճանաչում են միմյանց: Գործնականում ավելորդ է ՀԱԿ-ից ակնկալել Հայաստանում Սահմանադրության և օրինականության հաստատման առաքելության իրականացումը, որ հայտարարվեց հանրահավաքում: ՀԱԿ-ն իր առաքելությունը համարում է հրթիռի դերը, որ ուղեծիր է դուրս բերում ու... Առավել ևս մեծ չափազանցություն է համարել, որ կոնգրեսը հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի հանցագործությունների բացահայտման պահանջատեր միակ ուժն է մնում: Մեկը` այո, բայց ոչ միակը` պետության հիմքերը խարխլող հանցագործությունների բացահայտման մենաշնորհը քաղաքական որևէ ուժի սեփականաշնորհվել չի կարող: Պետության և ժողովրդի խնդիրն է այդ հանցագործությունների բացահայտումը, իրական կազմակերպիչներին ու կատարողներին պատժելը: Եթե պետական համակարգն ի վիճակի չէ այդ խնդիրները լուծելու, համակարգային փոփոխության խնդիր են դնում: Սա ևս այբուբեն է: Բայց պաթետիկ հայտարարությունները պետք է զուգակցել դեպի նպատակը տանող քայլերով, որոնք չեն գտնվում ու չեն արվում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

ՈՒՐԱԽ ՈՒ ՏԽՈՒՐ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞ւ ես տխուր և ինչո՞ւ ես ուրախ: Հետընտրական Հայաստանում իշխանությունը վերադասավորում է իր «պահարանը», ընդդիմությունը որոնում է իր «դարակները»: Փոփոխության էներգիան շարունակում է կուտակվել առանձին տեղում և ակնհայտորեն գտնելու է իր կրողին ու դրսևորողին: Բայց դա արդեն կլինի ուրիշ պատմություն նրանց մասին, ովքեր գիտեն` ինչ ժամանակում են ապրում և ինչ պետություն են ստեղծել իրենց հայրերն ու պապերը, ովքեր ներկա պայմաններում լավագույնս գոյատևելու փոխարեն փորձում են «ներկա պայմանները» փոխել, փառահեղ անցյալի, ներկա պայմանների ու ապագայի հեռանկարների համադրումով: Այդպես մտածողները սովորաբար հազվադեպ են հաջողության հասնում, բայց նրանց հաջողությունը դառնում է ազգի ու պետության հաղթանակը:

Դիտվել է՝ 5151

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ