Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Տկարը միայն Քրիստոսի օգնությամբ կարող է հեռանալ մեղքի ճահճից ու մտնել կյանք

Տկարը միայն Քրիստոսի օգնությամբ կարող է հեռանալ մեղքի ճահճից ու մտնել կյանք
16.01.2009 | 00:00

ՄԱՀԱՊԱՏԺԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԸՍՏ ԱՍՏԾՈ ՕՐԵՆՔԻ
Հովհաննես առաքյալի Հայտնության գրքում խոսվում է մի գազանի մասին, որը ելնելու է Մովսեսի օրենքին և Քրիստոսի Ավետարանին հակառակ և սկսելու է մոլորեցնելով պղծել ու ավերել ողջ մարդկությանը` ջանալով այդ մարդկության թագավորը դառնալ ու ճշմարիտ Աստծո փոխարեն ինքը որպես աստված պաշտվել մարդկանցից: Վերջերս հայերեն թարգմանությամբ լույս տեսավ մի գիրք, որը գրել է համաշխարհային դեռևս թաքուն այդ կառավարության (ըստ Սուրբ գրքի` Գազանի) ասպարեզը հետազոտած, Աստծո խիզախ զավակներից մեկը` Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայության նախկին աշխատակից Ջոն Քոլեմանը: Նրա գիրքը մեր այս օրերում աղաղակող ձայն է` հանուն Աստծո արդարության, հանուն Աստծո օրենքի ու հավիտենական սիրո պահպանման: Նա իր այս գրքով, որ վերնագրված է` «300-ի կոմիտեն: Համաշխարհային կառավարության գաղտնիքները», աշխարհին հայտնի արեց այն թաքուն ու ապականող ծրագրերը, որոնք պատրաստվում են կիրառվելու մարդկության դեմ: Դրանք ճիշտ այն նույն չար ծրագրերն են, որոնց մասին պատմել է Հովհաննես առաքյալը, թե Հակաքրիստոսն ինչպես է աշխարհ գալու, ինչ այլանդակություններ է գործելու և ինչպես է պարտվելու:
Այդ ամենի մասին Աստված հայերիս զգուշացրել է նաև սուրբ Սահակ Պարթևի տեսիլքով, թե Հայ առաքելական եկեղեցու զավակները` լինեն իշխանավոր, եկեղեցական, դատավոր, թե մշակույթի գործիչ, ինչպես են դիմագրավելու դրսից պարտադրվող անօրենություններին, և, ի վերջո, հայերը հաղթելու են:
Պղծություններ կան, որոնք գործողներն Աստծո օրենքով մահապատժի են ենթակա, որովհետև հարյուր հազարավոր մարդկանց, անգամ ժողովուրդների կարող են իրենց արատով վարակել ու փչացնել, միամիտ մարդկանց շարքից հանել ու վարակված ժողովրդին զզվելի դարձնել Աստծո առաջ, որ նման դեպքերում, ինչպես մարգարեություններում ու Հայտնության գրքում է խոստացվել, Քրիստոսի բերած առաքինությանն ու սիրուն հակառակող պղծագործ մարդկանց տարերքների ծանր հարվածներով Աստված պիտի անխնա պատժի: Եկեք հիշենք և չմոռանանք ո՛չ ջրհեղեղը, երբ միայն Նոյն իր ընտանիքով փրկվեց, ոչ Սոդոմ-Գոմորի ահռելի պատիժը, երբ երկու քաղաքն էլ իրենց բոլոր բնակիչներով այրվեցին, ու միայն Ղովտն իր ընտանիքով փրկվեց: Մարմնի պիղծ հանցանքի դիմաց Աստված երբևէ ներում չունի, եթե դրան ապաշխարանք չնախորդի: Բերենք Հին Կտակարանի օրենքից մի քանի օրինակ, երբ պիղծ հանցանքների դիմաց Աստված է օրենքով մահապատիժ կարգադրել, որպեսզի ժողովուրդը սրբությամբ կենցաղավարի և այդ սրբության շնորհիվ չմեռնի, այլ գոյատևի: Այսինքն, ինչ մեջբերում ենք, այդ է Աստծո ճշմարիտ օրենքը, որ գրավոր լեզվով Մովսես մարգարեին տրվեց, որպեսզի մահացու հանցանք գործողները մահվամբ պատժվելով` գայթակղություն չդառնան այլոց փչացման: Մովսեսը գրում է.
-Իսրայէլի մէջ պանդխտացած գաղթականներէն ո՛վ որ իր զաւակներէն մէկը Մողոքի (պոռնկական, սատանայական հերձված-Մ. Ո.) տա, անշո՛ւշտ, պիտի (թե՛ զավակը, թե՛ ծնողը- Մ. Ո.) մեռցուի. երկրի ժողովուրդը թող քարկոծէ...
-Ո՛վ որ իր հայրը կամ մայրը անիծէ, անշո՛ւշտ, պիտի մեռցուի. ան իր հայրը կամ մայրը անիծեց, անոր արիւնը իր վրայ ըլլայ։
-Ո՛վ որ ուրիշ մարդու մը կնոջ հետ շնութիւն ընէ, այսինքն իր ընկերին կնոջ հետ շնութիւն ընողը, անշո՛ւշտ, պիտի մեռցուի. շնացո՛ղն ալ, շնացեալն ալ պիտի մեռցուին։
-Ո՛վ որ իր հօր կնոջ հետ պառկի, իր հօր մերկութիւնը կը բանայ. անշո՛ւշտ, երկուքն ալ պիտի մեռցուին, անոնց արիւնը իրենց վրայ ըլլայ։
-Եթէ մարդ մը իր հարսին հետ պառկի, անշո՛ւշտ, երկուքն ալ պիտի մեռցուին. խառնակութիւն գործեցին, անոնց արիւնը իրենց վրայ ըլլայ։
-Եթէ մարդ մը կնոջ մը հետ պառկելու պէս արուի հետ պառկի, երկուքն ալ գարշութիւն կը գործեն, անշո՛ւշտ, պիտի մեռցուին, անոնց արիւնը իրենց վրայ ըլլայ։
-Եթէ մարդ մը՝ կին մը և անոր մայրը առնէ, լրբութիւն է. ի՛նքն ալ, անո՛նք ալ կրակով պիտի այրուին, որպէսզի ձեր մէջ լրբութիւն չըլլայ։
-Եթէ մարդ մը անասունի հետ զուգաւորուի, անշո՛ւշտ, պիտի մեռցուի. անասունն ալ սպաննեցէ՛ք։
-Եթէ կին մը որևէ անասունի հետ զուգաւորուելու համար անոր մերձենայ, մեռցո՛ւր կինը և անասունն ալ։ Անոնք, անշո՛ւշտ, պիտի մեռցուին, անոնց արիւնը իրենց վրայ ըլլայ։
(Ղևտացիներ, գլուխ 20):
Մահապատժի օրենքներն Աստվածաշնչում բազմաթիվ են: Ինչպես տեսնում ենք, այս օրենքները հետամտում են միայն սրբության, որովհետև, ասում է Աստված. «Իմ բոլոր կանոններս և բոլոր դատավճիռներս պահեցէք ու զանոնք գործադրեցէք, որպէսզի այն երկիրը, ուր ձեզ պիտի տանիմ, որ հոն բնակիք, չփսխէ ձեզ։
Մի՛ ընթանաք այն ազգերուն սովորութիւններուն համաձայն, որ ձեր առջևէն պիտի վտարեմ, արդարև այս բոլոր բաները ըրին անոնք, ու ես զզուեցայ անոնցմէ և ըսի ձեզի. «Անոնց հողերը դո՛ւք պիտի ժառանգէք», ու ես զայն ձեզի պիտի տամ, որ անոր տիրանաք, երկիր մը, որ կաթ ու մեղր կը հոսեցնէ»։ Ե՛ս եմ Տէրը ՝ ձեր Աստուածը, որ բոլոր ազգերէն զատեցի ձեզ»։
Բացառապես ազգ ու ժողովրդի սուրբ կամ անսուրբ լինելն է պատճառը, որ Աստված կարող է լինել այդ ժողովրդի մեջ կամ կարող է լքել այդ ժողովրդին: Այդ խոստումը հավիտենական է և երբևէ չի փոփոխվում:
-Եթե ինձ լսես,- ասում է Տերը,- փոքր ազգ էլ լինես, կհաղթես քո դեմ ելած բոլոր զորավորներին, և նրանց բարեբեր հողերն էլ քեզ կտամ: Եթե ոչ, իմ Հոգին կզզվի քեզնից, կհեռանա, և չար ազգերը քեզ ոտնակոխ կանեն:
Աստծո խոստման այս ֆոնի վրա եթե դիտենք այսօրվա գլոբալացվող աշխարհի ընդհանրական նոր օրենքները, պիտի տեսնենք, որ դրանք հակասում են Աստծո օրենքներին, քանի որ պղծությունները նոր օրենքներով դիտել են տալիս արդեն որպես անպատժելի և ոչ այլ ինչ, քան «Մարդու իրավունքներ»: Օրինակ` միասեռականությունը. Աստծո օրենքը մահապատիժ է սահմանել միասեռականներին, իսկ նոր, սուտ աստվածությունը կոչում է «Մարդու իրավունք» և այլն: Այսօր շատ արատներ ոչ միայն Աստծո օրենքով չեն դատվում, այլև հովանավորվում են նոր, օտար, ոչ Աստծո օրենքների, այլ դրսի հուշումներով, թե ճնշումներով, պետական հովանավորությամբ ծուղակ ու թակարդ դառնալով դրանց համաձայնող ժողովուրդների համար: Դրանց թույլտվությունը (պոռնոգրաֆիա, միասեռականություն և սպանություններ) ֆիլմերով ու ամսագրերով լայնորեն, որպես իրավունք, սկսեցին քարոզել ողջ աշխարհում: Սուրբ Գիրքը զգուշացնում է, որ նման ծուղակ ու թակարդ աշխարհի ժողովուրդների հանդեպ պատրաստելու է Հակաքրիստոսը, որ սուտ Քրիստոսն է, որին Նեռ ենք ասում: Քանի որ Աստված երբևէ չի փոխվում, և ոչ էլ Նրա սրբության պահանջներն են թուլանում, որ օրենք ենք ասում, այլ հակառակը, Լեռան Քարոզով այդ սրբության պահանջներն Աստված տասնապատիկ ավելի է մեծացնում, կատարելացնում: Եվ ճշմարիտ Աստծո խոստումները երբևէ փոփոխական չեն: Ճիշտ է, մեր եկեղեցին մահապատիժ չի իրականացնում, ինչպես Սմբատ Սպարապետն է ասում իր Դատաստանագրքում, սակայն Աստծո օրենքով յուրաքանչյուր թագավոր կիրառում է մահապատիժը` որպես խրատ նույն մահացու հանցանքի հակումն ունեցողներին, և մահապատժի խրատով, ամենահին ժամանակներից չարը կրճատվում է այդ երկրում` այլոց խրատելու զորությամբ: Եվ հակառակը, երբ մահապատիժն արհեստականորեն վերացնում են, երկրում մահացու հանցանքներն ավելանում են` առաջացնելով հանցանքի թողտվություն, երբ Աստծո կարգած մահապատիժը մեղմացվում է: Սակայն, ըստ Սուրբ Գրքի, մահապատիժն այդ պատիժն ստացողի համար ավելի մարդասիրական է, քան մեղմացումը, քանի որ մահապատժով այդ մարդու հոգին է փրկվում, երբ հանցանք գործող մարմինը մահվամբ պատժվում է: ՈՒստի և հակամարդկային է մահապատժի վերացումը կամ ապստամբություն է Աստծո դրած օրենքների դեմ:
Սակայն Նեռի մոլորեցումն ահռելիորեն է մեծ, այնքան, որ գայթակղվում են անգամ քրիստոնյա ժողովուրդները: Մոլորեցման հիմնական պատճառն այն է, որ Նեռն ու նրա գործակիցները Աստծո անունով են խաբում և մոլորեցնում, թե Աստծուց խղճմտանք ունեցեք, մահապատժի մի ենթարկեք միասեռականին, նրա իրավունքն է օրենքի հովանու տակ միասեռական լինել և կամ մահացու մեկ այլ հանցանք գործածին մի դատեք մահապատժի, եթե նա անգամ հակաքրիստոնյա լինի: Սակայն, ինչպես Մովսեսի միջոցով տրված օրենքից, որ փոքր-ինչ մեջբերեցինք, տեսանք, որ մահապատիժը խրատ ու վախ է առաջացնում, որպեսզի հանցանքները չավելանան, և տվյալ երկիրն իր ժողովրդով սրբանա: Եվ Աստծո օրենքը գրված է, որ անփոփոխ է: Որևէ մարդ իրավունք չունի դրանք վերացնելու:
Եվ էլ ո՞վ, եթե ոչ միայն ճշմարիտ Աստված կարող է մարդուն ցույց տալ, թե այսինչ բաները մեղք ու հանցանք են, մահապատժով դատապարտելի, իսկ այսինչ բաները` սեր ու շնորհ, կյանք են ու օրհնություն:
Պողոս առաքյալն Աստծո օրենքի մասին ասում է. «Օրենքը դայակ-դաստիարակ է, որ բարի է, որովհետև ցույց է տալիս, թե որոնք են մեղքն ու հանցանքը, սակայն մեղավոր մարդու փրկությունը միայն Քրիստոսին հավատալով է և ոչ թե օրենքով»: Որովհետև երբ հավատում ենք Քրիստոսին, նա մեզ ազատում է օրենքի մահվան պատժից և իր Հոգով սկսում մեզ առաջնորդել դեպի սեր ու շնորհ, դեպի բարեգործություն, դեպի տաղանդների գործադրման ասպարեզ, դեպի հայրենապարգև և տկարներին մխիթարող որդիություն, դեպի ճշմարիտ Աստված, որ սեր է: Բաներ, որ լույս են, հույս, և որոնց մեջ մեղք չկա, ուստիև օրենքը նման մարդու հետ գործ չի ունենում, քանի որ այդ մարդն այլևս գովեստի արժանի գործեր է անում և ոչ թե մեղանչման: ՈՒ նման մարդու նախկին մեղքերը Աստված խոստացել է հավիտյան չհիշել:
ՈՒրեմն` մեծ ստի ու կեղծիքի հետ գործ ունենք, երբ ասում ենք, թե իբր Քրիստոսը պիղծ հանցանքների դիմաց մահապատժի օրենքները վերացրեց: Երբ Լեռան Քարոզում Քրիստոսն ասում է. «Ես չեմ եկել օրենքն ու մարգարեներին ջնջելու, վերացնելու, այլ դրանք (քանի որ կիսատ էին) լրացնելու եմ եկել»: Որ Քրիստոսի պահանջն ավելի մեծ սրբություն է, քան Մովսեսի խիստ օրենքը, այդ տեսնում ենք Լեռան Քարոզից: Օրինակ բերենք.
-Լսե՞լ եք, թե ինչ ասվեց նախնիներին. «Մի՛ սպանիր», որովհետև ով որ սպանի, ենթակա կլինի դատաստանի (որ ըստ Աստծո օրենքի` մահապատիժն է- Մ.Ո.): Իսկ ես ձեզ ասում եմ, թե ամենայն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբոր վրա, ենթակա կլինի դատաստանի, և ով որ իր եղբորն ասի՝ հիմա՛ր, ենթակա կլինի ատյանի, և ով որ իր եղբորն ասի՝ ապու՛շ, ենթակա կլինի գեհենի կրակին»:
Այստեղ ոչ միայն մահապատժի մերժում չկա, այլև արդեն ոչ միայն սպանություն անողը, այլև անգամ անտեղի բարկությունն է դիտվում պատժի ենթակա, որովհետև անտեղի բարկությամբ մարդու հույսն ու հավատը, ներքին կյանքն ես սպանում: ՈՒստի անտեղի բարկությունը հոգեսպանություն է, որ ավելի ծանր հանցանք է, քան մարմնի սպանումը:
Մեկ ուրիշ օրինակ Լեռան Քարոզից.
-Լսե՞լ եք, թե ինչ ասվեց` «Մի՛ շնանար», իսկ ես ձեզ ասում եմ` ամենայն մարդ, որ կնոջը նայում է նրան ցանկանալու համար, արդեն շնացավ նրա հետ իր սրտում: Եթե քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն և դեն գցիր քեզնից, որովհետև քեզ համար լավ է, որ քո անդամներից մեկը կորչի, և քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն: Եվ եթե քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն և դեն գցիր քեզնից, որովհետև քեզ համար լավ է, որ քո անդամներից մեկը կորչի, և քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն:
Իսկ երբ մահապատիժն ավելի մեղմ է, քան գեհենը, ապա ասում է` քո գայթակղությունը կանխելու համար, քանի դեռ այն հանցանքի չի վերածվել, ավելի լավ է քեզ գայթակղող մարմնիդ անդամը կտրես հանես, ինքդ քեզ կանխարգելես, քան թե այդչափ հանցավորվես` դժոխքի արժանանալով: Սուտ քրիստոս են քարոզում նրանք, ովքեր ասում են, թե օրենքն ավելի խիստ էր սրբության հանդեպ, քան Քրիստոս: Երբ կատարյալի պահանջը, բնականաբար, ավելի կատարյալ պիտի լիներ և է, ինչպես տեսնում ենք Լեռան Քարոզի մեջբերումներից, իսկ այդ կատարյալը չկատարողի պատիժն ավելի մեծ պիտի լիներ և է: Այսինքն թե` Քրիստոսին հակառակողների պատիժներն ավելի մեծ են լինելու Աստծո դատաստանի ժամանակ: Մարդիկ անգամ մեռնելը, մահապատիժը շնորհ և ողորմածություն են համարելու, որ մեռնելով ազատվեն, սակայն մահը խուսափելու է նրանցից` դնելով նրանց զարհուրելի վիճակներում:
Եվ երբ Քրիստոսն ասում է. «Ես չեմ եկել օրենքն ու մարգարեներին վերացնելու, այլ դրանք լրացնելու», ի՞նչն է այդ լրացնելը: Այդ լրացնելու պարգևը կամ փրկության շնորհը ո՞րն է: Այն, որ այն մարդիկ, ովքեր սեփական ուժերով չեն կարող մեղքերից հեռանալ, այսինքն, անկարող են սեփական ուժերով թե հոգևոր և թե մարմնավոր օրենքները պահել ու անփոփոխ մահապատժից ազատվել ու ապրել, սակայն հավատով դիմում են Քրիստոսին, թե` մենք ուզում ենք պահել, բայց անկարող ենք, Տե՛ր։ Տերը նրանց սկսում է Իր Սուրբ Հոգով օգնել, քաջալերել, որ Իր շնորհիվ հավատացողները կարողանան կյանքի պատվիրանները պահել, քանի որ Աստված անփոփոխ է և մշտապես սուրբ: Տկար մարդը միայն Քրիստոսի օգնությամբ կարող է հեռանալ մեղքի ճահճից ու մտնել կյանք: Այսինքն թե` Քրիստոսով ոչ թե Աստծո օրենքն է ջնջվում կամ փոփոխվում կամ թուլանում, այլ քրիստոնյա մարդը Քրիստոսի օգնությամբ հետ է դառնում մեղքից, մահապատժի արժան արարքներից: Աստծո Հոգին իջնում, մտնում է Քրիստոսին հավատացող մարդու մեջ և սկսում է նրան սրբացնել, կրթել, բժշկել, դաստիարակել, կյանքի գիտելիքներ տալ` որպես երկնքի քաղաքացու, և սովորական մեղավոր մարդը նոր մարդ է դառնում` այլևս արդեն Աստծո զավակ կնքվելով: Եվ մարդն այդպես դառնում է առավել օրինապահ, քան անգամ շատ կատարյալ օրինապահներ և հանցագործից կամ իր մեղսասեր բնույթից նորմալ, շնորհալի ՄԱՐԴ է դառնում` իր անասնական մղումներից այլևս հեռանալով ու դրանք հիմնավորապես մերժելով:
Եվ Ճշմարիտ Տեր Հիսուս Քրիստոսն ավելի հասկանալի օրինակով մարդկության առաջ այս հարց-խնդիրը դրեց, թե Մովսեսի տված օրենքը երբևէ չի վերացնում, բայց մահապատժից ազատում է մեղավորին, որ նա գնա և այլևս նման` մահապատժի արժան հանցանք չգործի:
Մի շնացող կնոջ հրեաները բռնել և քարկոծելով ցանկանում էին սպանել, ինչպես օրենքն էր հրամայել: Սակայն այս քարկոծողներն իրենք իսկ բազում հանցանքներով մարդիկ էին, և նրանց մեջ անմեղ ու արդար մեկը չկար: Երբ նրանք շնացող կնոջը բերում են Քրիստոսի մոտ, որպեսզի Քրիստոսին ևս դատելու, բամբասելու բան ունենան, հարցնում են նրան` Մովսեսը մեզ հրամայեց շնացողներին քարկոծելով սպանել, իսկ դու ի՞նչ ես ասում: Քրիստոսը նրանց պատասխանեց ու ասաց.
-Թող ձեզանից անմեղն առաջին քարը նետի այդ կնոջ վրա:
Եվ երբ սրանք Աստծո առաջ իրենք իրենց մեղքերը հիշեցին ու ոչ մեկն ինքն իրեն անմեղ չգտավ, քարերը ցած գցելով ու ամոթահար հեռացան, քանի որ իրենք էլ էին քարկոծման արժանի հանցանքի տերեր: Միայն կինը մնաց Տիրոջ առաջ: Այդժամ շնացող կնոջը Քրիստոսն ասաց. «Ով կին, ո՞ւր են, քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»: Եվ կինը պատասխանեց` ոչ ոք չդատապարտեց, Տեր: Եվ Հիսուս ասաց. «Ես էլ քեզ չեմ դատապարտում: Գնա և այլևս մեղք մի՛ գործիր»: Այսինքն` Քրիստոսը ոչ թե օրենքի մահապատիժը վերացրեց, այլ հանցավորին մահապատժից ազատելով, ուղարկեց նրան այլևս սուրբ կյանքով, ապաշխարանքով ապրելու, մարդ դառնալու:
Այսինքն, Քրիստոս երբևէ մեղք գործելը իրավունք չի դիտել կամ մահապատիժը չի վերացրել, այլ մարդու խղճի առաջ հայելի դառնալով, ամենքին էլ ուղղորդում է իրենց մեղքերը տեսնելու և դրանք ապաշխարելու` այդպես ազատվելով ճշմարիտ մահապատժից:
Սա արդեն Աստծո Նոր ՈՒխտն էր, Նոր Կտակարանը, որ Քրիստոսի միջնորդությամբ է միայն գործուն: Այդ մասին Աստված ինքն է խոստանում. «Սա՜ է այն ուխտը, որ պիտի հաստատեմ անոնց հետ այդ օրերէն ետք,- կ՚ըսէ Տէրը.- իմ օրէնքներս պիտի դնեմ անոնց սիրտին մէջ, և զանոնք պիտի գրեմ անոնց միտքին մէջ. անոնց մեղքերն ու անօրէնութիւնները ա՜լ պիտի չյիշեմ»։
Այսինքն, Քրիստոսով ոչ թե օրենքներն են վերանում, այլ այդ օրենքներն Աստված դնում է Քրիստոսին հավատացողի սրտի մեջ և ամրացնում (գրում) նրանց մտքերում:
«Որովհետև եթէ մարմինին համաձայն ապրիք, պիտի մեռնիք, իսկ եթէ Հոգիով մարմինին գործերը մեռցնէք, պիտի ապրիք»:
Քրիստոսի ներման արդյունքը, ինչպես տեսնում ենք, մարդու ապաշխարությունն ու սրբացումն է Աստծո առաջ և ոչ թե օրենքի վերացումը կամ թուլացումը: Իսկ աշխարհի մեջ Աստծո օրենքները փոփոխող Նեռը շատ պիղծ հանցանքներ ներելու հարկ էլ չունի: Ըստ այս նոր, սուտ աստծո օրենքների` մարդը կարող է օրենքով շնանալ կամ դառնալ միասեռական ու արվամոլ, այդ ամենում ֆիլմերով ու թերթ-ամսագրերով տարիներ ի վեր գայթակղվելով: Եվ նոր ու կեղծ աստվածը մահապատժի արժան գործերն անվանել է մարդու իրավունք կամ մտցրել մարդու իրավունքների մեջ: Նման պղծությունների համար բացելով ստրիպտիզ ակումբներ և այլևայլ մեղանչման տներ, օրենքին էլ պահապան դնելով, որ պղծվելիս ու պղծելիս հանկարծ բան ասող չլինի: Երբ, ինչը սուտ աստվածը իրավունք է դիտում, Ճշմարիտ Աստված նման բաների դեմ, ինչպես տեսանք, օրենքով մահապատիժ է սահմանել:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4094

Մեկնաբանություններ