Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հաղթանակն արժանապատվորեն ընդունելու կարողություն չունեցողը չի կարողանում լիարժեքորեն օգտվել դրա արդյունքներից

Հաղթանակն արժանապատվորեն ընդունելու կարողություն չունեցողը չի կարողանում լիարժեքորեն օգտվել դրա արդյունքներից
26.07.2024 | 08:54

Կյանքում ավելի հաճախ հանդիպում են մարդիկ (կամ ժողովուրդներ), որոնք չեն կարողանում արժանապատվորեն ընդունել իրենց պարտությունը։ Արժանապատվորեն ընդունել պարտությունը, ամենևին չի նշանակում համակերպվել դրա հետ և չփորձել հետևություններ ու վերլուծություններ անել, այլ՝ վերադասավորել սեփական (ժողովրդի դեպքում՝ հանրային) նպատակները, ժողովել ռեսուրսները և, բռունցքները սեղմելով, բռնել վերածննդի տանող դժվար ուղին։

Արցախյան առաջին պատերազմում մենք հաղթանակ տարանք, իսկ Ադրբեջանը պարտվեց։ Արդյո՞ք Ադրբեջանը արժանապատվությամբ ընդունեց իր պարտությունը։ Պատասխանը պարտությունից հետո դրսևորած վարքագծի, տեղի ունեցած զարգացումների և իրադարձությունների ուսումնասիրության ու գնահատման մեջ է։

Ադրբեջանը, պարտությունից հետո ծանր և ճգնաժամային քաղաքական ու սոցիալական իրավիճակում հայտնվեց։ Նախ՝ «հեռացրեց» պարտության սիմվոլներին, այնուհետև իրավիճակը փոխելու համար սկսեց տիտանական ջանքեր գործադրել՝ ուղղված միջազգային հարաբերությունների առկա համակարգում իր կշիռը մեծացնելուն։ Այս քաղաքականության իրականացման շրջադարձային կետը 1994 թվականի սեպտեմբերին աշխարհի առաջատար նավթային ընկերությունների հետ «Դարի պայմանագրի» կնքումն էր, ինչպես նաև 1995 թվականին երկրորդ խոշոր՝ «Ղարաբաղ» անվանմամբ նոր հանքավայրի շահագործման պայմանագրի կնքումը։ Բնականաբար, նոր հանքավայրը «Ղարաբաղ» անվանելով, Ադրբեջանը համայն աշխարհին իր հեռուն գնացող մտադրությունները ցուցադրելու նպատակադրում ուներ։

2000 թվականին, «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի գործարկումից հետո, Բաքուն դարձավ արտաքին տնտեսական գործունեության նոր խաղացող՝ համաշխարհային շուկաներին ներկայացնելով իր բարձրորակ «Ադրբեջանական թեթև նավթը»։

Այսպիսով, պարտությունից ընդամենը 6 տարի անց Ադրբեջանը սկսեց ավելի հաճախ հիշատակվել համաշխարհային լրատվամիջոցներում, իսկ աճող ֆինանսական հնարավորությունները երկրին թույլ տվեցին ներդրումներ կատարել ոչ միայն տնտեսության և զինված ուժերի զարգացման ուղղությամբ, այլև իր կողմից գործարկվող «փափուկ ուժի» քաղաքականության մեջ։

Այս քաղաքականության շրջանակներում Ադրբեջանը շատ ծրագրեր իրականացրեց (ակտիվ գործունեություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում, ցանկացած մակարդակի սպորտային և մշակութային մրցաշարերի հյուրընկալում՝ ներառյալ Եվրատեսիլի անցկացումը, ինչպես նաև Ֆորմուլա 1-ի մրցավազքի անցկացումը Բաքվի արվարձաններում)։

Արցախյան առաջին պատերազմում պարտվելուց հետո գործադրած վիթխարի ջանքերի շնորհիվ, Ադրբեջանը Արցախյան երկրորդ պատերազմի նախաշեմին մոտեցավ արդեն այլ որակներով, որոնց և տարածաշրջանային ու միջազգային այլ գործընկերների աջակցության շնորհիվ հաղթանակ տարավ։

Երեսուն տարիների ընթացքում ձևավորած մաղձն ու ատելությունը, սակայն, ինչպես նաև պետական մակարդակով քարոզվող հայատյացությունը պատճառ դարձան այն բանի, որ Ադրբեջանի հանրությունն ու ժողովուրդը այս անգամ արդեն չկարողացավ արժանապատվորեն ընդունել իր հաղթանակը։ Իսկ պատմությունը ցույց է տալիս, որ հաղթանակը արժանապատվորեն ընդունելու կարողություն չունեցողը սովորաբար չի կարողանում լիարժեքորեն օգտվել դրա արդյունքներից, քանի որ տեղի են ունենում դեպքեր, երբ խամրում կամ իմաստազրկվում է այդ հաղթանակը։ Բայց սա ուսումնասիրության մեկ այլ թեմա է։

Ինչ վերաբերում է մեզ, ապա Արցախյան առաջին պատերազմում մեր տարած հաղթանակի նշանակությունը մենք չգնահատեցինք, ճիշտ հետևություններ չարեցինք, որի արդյունքը, բնականաբար, 30 տարի անց մեր կրած պարտությունն է՝ նույն թշնամուց։ Բայց, ի տարբերություն մեր թշնամու, մենք արժանապատվությամբ չընդունեցինք մեր պարտությունը։ Դրանից շուրջ 6 տարի է անցել, իսկ մենք, ոչինչ չանելու արդյունքում, հայտնվել ենք գոյութենական հիմնախնդրի առջև։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 3936

Մեկնաբանություններ