Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Արթուր Եղիազարյան․ Կուզեի մի քիչ բոշա ժողովրդի պես լինեինք

Արթուր Եղիազարյան․ Կուզեի մի քիչ բոշա ժողովրդի պես լինեինք
27.06.2020 | 07:06

Ծնվել եմ ու մանկությունս անցել է երևանյան հնագույն թաղերից մեկում՝ Ցախի Մեյդանում (Երևանի ներկայիս քաղաքապետարանի, «Մետրոպոլի», հին Ձկան խանութի ու Լուսավորչի փողոցի միջանկյալ տարածքը), որտեղ, երբ ծնվեցի՝ թաղի բնակչության մեկ երրորդը բոշաներ էին։ Մանկությանս ընկերների մեկ երրորդն էլ էր համամասնորեն բոշա։


Բոշաները 16-րդ դարի վերջում Երևանում հաստատված ու 17-րդ դարից Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ դարձած հնդարիական ծագմամբ գնչուական ցեղ են, ժամանակին իրենք իրենց լոմ էին անվանում, լեզուն էլ՝ լոմավրեն, որը դեռ վերջերս կենդանի թաքնալեզու էր ավագ սերնդի բոշաների մոտ։ Երբ ես ծնվեցի՝ դրանից շա՜տ վաղ ժամանակներից բոշաները հայացել էին, և կոչվում էին հայ բոշաներ։ Չնայած մինչև վերջերս (մինչև 30-40 տարի առաջ) շատ քիչ էին խառնամուսնությունները, աղջիկ ուզում էին կամ թաղից, կամ Սարի թաղից, կամ Կոնդից, կամ Քանաքեռից, կամ Լեննագանից կամ Ախալքալաքից, այն տեղերից, որտեղ հայ բոշաներ էին ապրում։ Բայց կենցաղում հայացած էին։ Չհաշված որոշ մասնագիտություններ, որտեղ նրանք կարելի է ասել մոնոպոլիզացրել էին (ղուշբասություն, մաղ, դհոլի պատրաստում, շաքարաաքլորի արտադրություն՝ իրենց մշակութային դրսևորումներով ու ազդեցություններով), գրեթե այլ բանով հայերից դժվար էր նրանց տարբերելը: Ավելին ասեմ. բոշաները իրենց երեխաներին կնքում էին գրեթե բացառապես հայկական անուններով (Վարդան, Նշան, Սամվել, Գևորգ, Արտաշես, Փանոս, Անդրանիկ, Գագիկ, Լևոն, Աշոտ, Սարո և այլն), երբ նույն ժամանակ հայաստանցի հայերի մեջ գերակշռում էին օտարոտի անուններ ռուսականից, համաշխարհային գրականությունից և սովետի ազդեցությամբ (Միշա, Սաշա, Յուրա, Համլետ, Արթուր, Էդուարդ, Մելս, Նինել, Ֆելիքս, Ռուդոլֆ, Նադյա, Լենդրուշ և այլն և այլն):


Բոշաների մի մասը փորձում էր թաքցնել իր էթնիկ ծագումը, և երբ իրենց բոշա էին անվանում՝ վիրավորվում էին (հավանաբար այն պատճառով, որ հայերի մի զգալի մասը չգիտեր նրանց ծագման մասին ու «բոշա» բառը կիրառվում էր բացասական իմաստով, հիմնականում՝ թափառական իմաստով), բայց նաև կային բոշաներ, որոնք հպարտությամբ էին շեշտում իրենց բոշա լինելը։ Ըստ նրանց՝ բոշաները պատվախնդիր ու հասնող ժողովուրդ էին։ Ու դրա մեջ կար ճշմարտություն, տարիներով ականատես եմ եղել որպես ընկեր ու հարևան։ Բոշաները հանգիստ, բայց պահի տակ բռնկվող տաքարյուն ժողովուրդ էին։ Նրանք կարող է մի ստից բանից կռիվ սարքեին հենց իրենք իրենց մեջ, հարազատներով։ Ու լուրջ կռիվ, անգամ դանակահարության հասնող։ Բայց մի շատ գովելի ու ակնհայտ տեսանելի հատկություն ունեին։ Ինչքան էլ իրար մեջ թշնամացած լինեին, երբ կողքից հայտնվում էր իրենցից մեկի հետ հարց կամ կոնֆլիկտ ունեցող այլ անձ կամ խումբ՝ իսկույն համախմբվում էին, թողնում տարաձայնություններն ու թշնամանքը, թեկուզ դա հինգ րոպե առաջ էր, ու միասնաբար, իրար թև-թիկունք տված՝ ողջ ուժն ուղղում այդ երրորդ ու կողմնակի անձի կամ խմբի դեմ։ Ամեն մի բոշայի դեմ քայլը՝ իրենք դիտում էին որպես իրենցից յուրաքանչուրի դեմ քայլ։

Այս ամբողջն ինչու՞ պատմեցի։ Այսօր կարդացի Իլհամ Ալիևի խոսքը հայերի, Հայաստանի, նախորդ և ներկա իշխանությունների մասին, որին ցավոք՝ մեր ներհայաստանյան վերջին շրջանի իրադարձություններով ու խոսքով, սև ու սպիտակի բաժանմամբ՝ առիթ ենք տվել թևավորվել։ Ու այդ թևերը միասնաբար խուզել է պետք։
Սա այն դեպքն է, որ ինչպես վերոգրյալում դիտարկեցի՝ կուզեի մի քիչ բոշա ժողովրդի պես լինեինք։

Եվ այնուամենայնիվ՝ Ադրբեջան և Թուրքիա կոչվող չարի ապաստարանները պետք է կործանվե՛ն։

Դիտվել է՝ 2859

Մեկնաբանություններ