1992-93 թթ նախաձեռնեցի ՀՀ Գերագույն Խորհրդի, միաժամանակ` Շենգավիթի շրջխորհրդի պատգամավոր և նախագահ Հարությունյան Յուրիկի հետկանչը պատգամավորությունից:
Այն տարիներին դեռ գործում էր «Դեպուտատներին հետ կանչելու մասին» խորհրդային տարիներին գրված օրենքը: Խնդիրը պարզ էր` եթե Հարությունյան Յուրիկը հետ կանչվեր, ապա նա այլևս Շենգավիթի շրջխորհուրդը ղեկավարել չէր կարող, քանզի այլևս պատգամավոր չէր լինի:
Վերջինս «ընտրվել էր» Շենգավիթի Յոնջալաղ թաղամասից: Շատ կարճ ժամանակահատվածում հաջողվեց հավաքել Հարությունյան Յուրիկի ընտրողների շուրջ 95%-ի (!!!) ստորագրությունները: Այսինքն, այդ ընտրատարածքի ընտրողների 95%-ը ստորագրեցին իրենց ընտրատարածքից ընտրված պատգամավորի հետ կանչման պահանջի տակ: Այնուհետև, ընթացակարգը պահանջում էր, որ ընտրողների ստորագրություններով փաստաթղթերը ներկայացվեն ՀՀ Գերագույն Խորհուրդ, որտեղ փաստաթղթերը պետք է «ուսումնասիրվեին» ոլորտային մի քանի հանձնաժողովներում: Հարությունյան Յուրիկի հետկանչն արգելափակվեց ՀՀ ԳԽ «Տեղական ինքնակառավարման հարցերի» մշտական հանձնաժողովի կողմից, որը, ի դեպ, ղեկավարում էր Սադոյան Արշակը:
Մի խոսքով, չնայած ընտրողների 95%-ի պահանջի, Հարությունյան Յուրիկը շարունակեց կրել պատգամավորական մանդատը և գործադիրում պաշտոնավարել: Խորհրդային օրենքը չգործեց բացառապես քաղաքական քմահաճույքների պատճառով:
Այսօր Երևանի ավագանին դադարեցրեց ավագանու մի քանի անդամի լիազորությունները:
Հեշտ ու հանգիստ:
Չորով: Ի՞նչ ժողովուրդ, ի՞նչ ստորագրություններ, ի՞նչ 95 %, ի՞նչ Սադոյան Արշակ:
Ժողովրդի կողմից ընտրված անձանց լիազորությունները դադարեցնում են այնպես, կարծես նրանք քաղաքապետարանի բաժնի կրտսեր մասնագետներ կամ քարտուղարուհիներ լինեն: Սրանք, այս քայլով թքեցին ժողովրդի ընտրության իրավունքի վրա:
Ի տարբերություն ԽՍՀՄ-ի, Նոր Հայաստանում, ելնելով բացառապես քաղաքական քմահաճույքներից, նույնիսկ չեղած «օրենքն է» գործում:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ