Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

ՀԱՑԻ ԿՏՐՈՆԸ

ՀԱՑԻ ԿՏՐՈՆԸ
06.12.2011 | 00:00

Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

1977-ի ամռանն էր։ Հորդառատ անձրևից անմիջապես հետո արեգակը ամպերի տակից երևաց, զովությունից հետք անգամ չթողնելով: Երևանում ասֆալտը երկար թրջված չէր մնում, րոպեների ընթացքում չորանում էր, և միայն մայթերի կողքով կայտառ վազող առվակներից, մեկ էլ տոթից, կարելի էր կռահել, որ քիչ առաջ անձրև է տեղացել:
Քաղաքի կենտրոնում միակ ավտոլվացման կետը Պուշկինի փողոցում էր, Բրյուսովի անվան ինստիտուտի բակում: Ընդմիջման ավարտին կես ժամ ունեի և որոշեցի մեքենաս լվանալու տալ: Ինստիտուտի ասֆալտապատ բակում երկու մետաղյա ավտոտնակ էին տեղադրել: Մեկում անվադողեր էին նորոգում, մյուսում մեքենա էին լվանում: Լվացման ավտոտնակը ազատ էր, և մեքենաս կանգնեցնելով դուրս եկա։
-Կներեք, այսօր չենք աշխատում, - ինձ մոտենալով ասաց լվացող երիտասարդը:
-Ի՞նչ է, ջուր չունե՞ք, - հարցրի ես:
-Ջուր ունենք, հետադարձն է խցանվել, տեսնո՞ւմ եք, սապնաջուրը հավաքվել է պատի տակ, ներս չի քաշում: Ինստիտուտի ռեկտորը քիչ առաջ եկավ, նկատողություն արեց, - պատասխանեց երիտասարդը՝ գլխով շենքի կողմը ցույց տալով:
-Կոյուղու մասնագետ հրավիրեք` խցանումը կբացի, - առաջարկեցի ես:
-Այստեղ կոյուղի չկա, կեղտաջրերը ներքև են իջնում և անհայտանում պատի տակ բացված մի փոքրիկ անցքում: Առավոտյան անցքով լար մտցրինք, ջուրը ներս քաշվեց, անձրևից հետո նորից խցանվել է:
-Նորից փորձիր լարով անցքը բացել, մեկ էլ տեսար ստացվեց:
Երիտասարդը չկամորեն, կողքի ավտոտնակից մի երկար ամրան վերցնելով, անցավ գործի: Ամրանի ծայրով օճառաջրի մեջ շոշափելով գտավ անցքը և այն ներս մտցրեց: Կեղտաջրի վրա պղպջակներ երևացին և հավաքված ջուրը աստիճանաբար սկսեց անհետանալ բացված անցքում:
-Տեսա՞ր, ստացվեց: Դե արագացրու, միայն դրսից լվա, ժամանակ չունեմ:
Արդեն աշխատանքը ավարտին էր մոտենում, երբ կրկին պատի տակի անցքը խցանվեց: Տեսնելով, որ ջուրը հավաքվում է, նա փնթփնթոցով ամրանը վերցրեց և նյարդայնացած սկսեց անցքը բացել: Կեղտաջրի վրա օդի պղպջակներ հայտնվեցին, և լուցկու տուփի մեծությամբ, տպագիր թղթեր սկսեցին դուրս գալ անցքից:
ՈՒրեմն այդ մանր թղթի կտորներն էին խցանման պատճառը:
-Դժվար սրանք խցանեին, - պատասխանեց երիտասարդը՝ թղթերից մեկը ջրից հանելով և զարմացած նայելով:
-Հացի կտրոն է, - ասաց նա, տպագիր թուղթը ինձ մեկնելով:
Իրոք, հացի կտրոն էր, որի վրա պարզ կարդացվում էր` «ՀԱՑ - 250 գրամ, ԵՐԵՎԱՆ 1937 թ. օգոստոս»:
Մինչ ես կարդացի, անցքը բացվեց և կեղտաջրերի հետ կուլ տվեց նաև լույս աշխարհ հանված մյուս կտրոնները:
1937 թվականին ինստիտուտի շենքում է եղել է ներքին գործոց նարկոմատը (ՆԿՎԴ - ն), որի նկուղ-բանտախցերն այժմ բակի ասֆալտի տակ էին մնացել:
1937-ին անհայտ կալանավորը որքան էր կարևորել այդ հացի կտրոնները, որ խնամքով պահել էր խցի մի անկյունում՝ հույս ունենալով, որ դուրս կգա այդ դժոխքից և հացի կտրոններն էլ իրենց նպատակին կծառայեցնի: Սակայն կտրոնները մնացել էին խցում, ամենայն հավանականությամբ՝ տիրոջ հետ միասին:

Դիտվել է՝ 3010

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ