«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Սերժ Սարգսյան՝ անցյալի մասին ներկայի կտրվածքով

Սերժ Սարգսյան՝ անցյալի մասին ներկայի կտրվածքով
17.02.2021 | 10:23

Մաս 1. Հետահայաց անցյալին՝ 2018 և ավելի: Ինքնին հասկանալի է, որ պետության ղեկավարները խոսում են՝ իրենք ընտրելով ժամանակը և իրադարձությունների շրջանակը: Ցանկացած լրագրող ընդամենը դառնում է գործիք՝ նրանց տեսակետները բարձրաձայնելու մասին՝ ինչ հարց էլ տա, կամ՝ չտա: Սա ընդհանրական կանոն է՝ բոլոր երկրների համար: Վերջերս նախկին նախագահները սկսել են խոսել՝ նախ Ռոբերտ Քոչարյանը, հետո՝ Սերժ Սարգսյանը: Առայժմ լռում է միայն Լևոն Տեր-Պետրոսյանը: Երեքին էլ բնորոշ է եղել նախագահության ընթացքում խիստ սակավաթիվ ու համարյա փակ շրջանակով հանդիպումները մամուլի հետ՝ հիմնականում միայն խմբագիրների կամ հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ: Հիմա նրանք ազատ են՝ խոսել, բայց նորից խոսում են միայն այն՝ ինչ իրենք են հարկ համարում:

Փետրվարի 15-ին Արմնյուզին Սերժ Սարգսյանի հարցազրույցի լեյտմոտիվը մեկն է՝ ինքը իշխանությունը չի հանձնել Նիկոլ Փաշինյանին: Հանձնել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանին: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե իր, այլ՝ Կարեն Կարապետյանի «խզբզոցն» է: Եվ հեղափոխությունն էլ կազմակերպել է այդ թիմը՝ իրեն ցուգցվանգի մեջ դնելով: Թարգմանաբար՝ ՀՀԿ-ին ու ինձ հանգիստ թողեք, մենք թույլ չէինք, մեզ դուք խաբեցիք՝ ու սա պատասխան է ոչ թե իրեն՝ իշխանությունը հեշտ ու հանգիստ հանձնելու մեջ մեղադրող ՀՀ շարքային քաղաքացիների, այլ՝ Ռոբերտ Քոչարյանի: Չլիներ երկրորդ նախագահի հարցազրույցը, գուցե չլիներ և երրորդինը:
Սա մեկ: Երկրորդ՝ այն տպավորությունն է, որ Սերժ Սարգսյանը Մոսկվայի հետ հարաբերությունները վերականգնելու խնդիր ունի: Փետրվարի 15-ին նա մի քանի անգամ ընդգծեց, որ իրականում Լավրովի պլան չկար, այն՝ ինչ պնդում են Լավրովն ու ՌԴ ԱԳՆ-ն, բայց 2020-ի սեպտեմբերին սկսված պատերազմի արդյունքները կետ առ կետ կատարեցին ու գերակատարեցին Լավրովի պլանը՝ կար, թե չկար:
Երրորդ՝ Սերժ Սարգսյանը հաստատեց, որ բանակցությունները 5+2 շրջանները հանձնելու մասին էին և ինքը պատրաստ էր ստորագրել խաղաղության համաձայնագիր:


Մաս 2: Փետրվարի 16-ին հարցազրույցի շարունակությունը ինչ-որ իմաստով հերքումն էր առաջին մասի: Փաստացի՝ ՀՀ երրորդ նախագահը հայտարարեց, որ երբեք չի հեռացել մեծ քաղաքականությունից, բայց և երբեք չի ցանկանում պետական պաշտոնում լինել այլևս: Ու դա նրա և երկրորդ նախագահի արմատական տարբերությունն է: Սերժ Սարգսյանը գերադասել է առաջին նախագահի՝ արբիտրի դերը: Շահեկան ու պրագմատիկ դերը: Հենց այստեղ է նրանց ճամփաբաժանը՝ երկրորդը ձգտում է իշխանության, երրորդը՝ ոչ: Դա Սերժ Սարգսյանին դարձնում է ավելի ազդեցիկ ու ռեալ իշխանություն ունեցող, քան 16-ի ստվերային պարագլուխ ու 16-ի ներսում պարբերաբար տարաձայնություններ հարուցող Ռոբերտ Քոչարյանին, որ միաժամանակ խաղը դնում է շարժման ներսում հայտնված երկու վարչապետերի վրա, վստահ, որ ոչ մեկը հաջողության չի հասնելու: Եվ այդ ժամանակ գալու է իր աստեղային պահը՝ իր հաշվարկներով:


Սերժ Սարգսյանը հստակ հասկացրեց՝ ՀՀԿ-ն կմնա քաղաքական դաշտում, ինքը մտադիր չէ քաղաքական մրցավազքի մեջ մտնել հանուն իշխանության, բայց հարց չտրվեց, նա էլ չպատասխանեց՝ մնալու՞ է ՀՀԿ նախագահ: Իսկ դա կենսական հարց է ՀՀԿ-ի համար, որ պիտի որոշարկի իր տեղն ու դերը քաղաքական դաշտի այդ համապատկերում, առավել ևս՝ եթե կուսակցությունը մտադիր է մասնակցել հերթական կամ արտահերթ ընտրություններին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ընդհանրապես՝ համարյա 3 ժամանոց հարցազրույցից հետո մնաց մի դառը հարց՝ ինչքա՞ն սխալներ է արել Նիկոլ Փաշինյանը, որ Սերժ Սարգսյանը այսքան ճիշտ է դարձել: Ընդամենը երեք տարում:

Դիտվել է՝ 103566

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ