«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Երբ «Հայր մերը» փոխարինվում է «փող մերով»

«Երբ «Հայր մերը» փոխարինվում է «փող մերով»
14.11.2014 | 00:18

«Ոչ մի Մինսկի խումբ չի կարող խաղաղություն հաստատել, ինչքան էլ որ դրսի ավագ եղբայրները վստահեցնեն, թե կարող են դա անել»,- նոյեմբերի 13-ին «Իրատես de facto» ակումբում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ, անդրադառնալով նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռը զինավարժությունների ժամանակ խոցելու փաստին։
Բանախոսը նկատեց միջազգային կառույցների լոյալ հայտարարությունները, նշելով, որ դրանք ավելի սադրում են իրավիճակը։ Այն, որ վերջին երկու տարում Ադրբեջանի վայրագ քաղաքականության նկատմամբ միջազգային դաշտում հնչած քննադատությունը զուտ ձևական է, ակնհայտ է։ ՈՒղղակի հետաքրքիր է, արդյո՞ք ԵԱՀԿ-ն նույն լոյալությամբ կմոտենար հարցին, եթե հայկական կողմը կրակահերթի ենթարկած լիներ ադրբեջանական ուղղաթիռը։ «Այ հիմա կկրակենք, կտեսնենք, թե ինչպես են արձագանքում»,- պատասխանելով մեր հարցին ասաց Աշոտ Մանուչարյանը, ընդգծելով, որ ամեն նման դեպք մեզ համար նախազգուշացում է գալիք մարտահրավերների մասին։ Քաղաքական գործիչը, հիշեցնելով այս տարվա ամռանը սահմանի վրա Ադրբեջանի կատարած սպանությունները, նշեց, որ Հայաստանը պետք է միշտ բացարձակ զգոնության, մոբիլիզացման քաղաքականություն վարի։ Եվ հավանաբար, որպեսզի իրեն ճիշտ հասկանան, հավելեց. «Մոբիլիզացում ասածը խնդրում եմ ճիշտ հասկանաք. խոսքը հավաքագրումների մասին չէ»։
«Չեմ ուզում մտածել, որ Ադրբեջանի իշխանությունը ուղղաթիռի կործանումը կանխամտածված է արել։ Չէի ասի նաև, որ այդ դեպքը ձեռնտու է Ադրբեջանին։ Հետևելով վերջիններիս պաշտոնական հայտարարությանը, պետք է ասեմ, որ այդպիսով ստացվում է, որ նրանք հայտարարում են, թե իրենց երկիրը թռիչքային գոտի չէ, ինչը հետագայում կարող է խնդիր դառնալ Ադրբեջանի համար»,- նշեց Աշոտ Մանուչարյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Ադրբեջանում ներքաղաքական լարվածությունը շեղելու նպատակով է Ադրբեջանը կործանել հայկական ուղղաթիռը։
Հակամարտության խնդրի կարգավորումը, ըստ քաղաքագետի, պետք է դիտարկել հիբրիդային քաղաքականության մեջ։ «Մենք վաղուց պետք է շարունակած լինեինք հիբրիդային քաղաքականությունը, որը ներառում է տնտեսություն, տեղեկատվություն և այլն։ Մենք այդպիսի քաղաքականություն վարում էինք, բայց իսպառ մոռացանք այն, երբ հայրենասիրությունը փոխարինեցինք փողասիրությամբ, և երբ իշխանությունները սերտեցին քծնանքի քաղաքականությունը»։ Պարոն Մանուչարյանը նաև հավելեց, որ ներկայիս իշխանությունները սարդոստայնով հյուսվել են օլիգարխիկ համակարգի հետ։
Ի դեպ, այն, որ օլիգարխիկ համակարգը ազդում է նաև ներքաղաքական դաշտի վրա, գաղտնիք չէ և, բնականաբար, Աշոտ Մանուչարյանը չէր կարող չանդրադառնալ նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմադիր եռյակին և իշխանությունների փոխհարաբերություններին, ինչպես նաև վերջին երկու ամսում ընթացող զարգացումներին, բանախոսն ասաց. «Երբ «Հայր մերը» փոխարինվում է «փող մեր» գաղափարով, փոխվում է երկրի արժեհամակարգը, և երկիրը գնում է ինքնակործանման, անկախ նրանից, թե որ կուսակցությունը կփոխարինի որին։ Հայաստանում երկբևեռային համակարգ է։ Մի բևեռը Սերժ Սարգսյանն է, երկրորդը` Ռոբերտ Քոչարյանը։ Այսինքն, մի կողմից ՀՀԿ-ն է, մյուս կողմից` ԲՀԿ-ն։ Առկա ներքաղաքական իրավիճակը բացատրվում է այս երկու բևեռների միջև եղած պայմանավորվածությունների խախտմամբ։ Եթե նախկինում որոշված էր տասը տարի հետո իշխանությունը փոխանցել Ռոբերտ Քոչարյանին, ապա Սերժ Սարգսյանի առաջարկած սահմանադրական բարեփոխումները այդ պայմանավորվածությունը խախտում են, ինչը Ռոբերտ Քոչարյանը գնահատեց որպես կոնվենցիայի խախտում։ Այս իրավիճակից օգտվում են Լևոն Տեր-Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 30162

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ