Մի երկրի տիրակալ սարսափելի երազ է տեսնում, իբր բոլոր ատամները թափվել են: Նա իր մոտ է կանչում երազահանին, որպեսզի մեկնի երազը:
Վերջինս, թագավորին ուշադիր լսելուց հետո, ասում է.
- Տիրակալ, ես ստիպված եմ քեզ տխուր լուր հայտնել: Դու մեկը մյուսի հետևից քո բոլոր մերձավորներին կկորցնես:
Տիրակալը զայրանում է, հրամայում այդ թշվառին զնդան նետել: Կանչում է մեկ այլ երազահանի: Վերջինս ասում է.
- Ուրախացի՛ր, տիրակալ: Դու քո բոլոր հարազատներից ավելի երկար կապրես:
Բնականաբար, թագավորը շռայլորեն պարգևատրում է նրան: Երբ նա նվերներով դուրս է գալիս, զարմացած պալատականները հարցնում են, թե ինչպես կարողացավ իրենց տիրակալի գոհունակությանն արժանանալ:
Երազահանը պատասխանում է.
- Կարևորն այն չէ, թե ինչ ես ասում, այլ այն, թե ինչպես ես ասում: