Եկող տարի լրանում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ցավոք, այն ավելի շատ համազգային տոնի են վերածել, քան մարտահրավերների դիմակայելու եւ գործնական քայլեր անելու հնարավորության: Հայաստանում դեմագոգիայով են զբաղված, Սփյուռքում էլ մարդիկ իրենց ազգությունը վերածել են մասնագիտության ու դրա հաշվին ինչ-ինչ դիվիդենտներ են ստանում: Ցավոք, ամեն ինչ տանում է նրան, որ Ցեղասպանության 100-ամյակն էլ կանցնի այնպես, ինչպես 80-ը, 70-ը, 60-ը… Այսինքն, ոչ մի լուրջ բան էլ չի լինի, որովհետեւ այդ ուղղությամբ ոչինչ չի արվում, չհաշված էստեղից-էնտեղից «թխված» անմոռուկը:
Ասվածիս հավաստումն է Հայաստան-Սյփուռք խորհրդաժողովը, որտեղ հիմնականում դատարկախոսություններ են հնչում: Ամենացնցողը եւ անգերազանցելին, սակայն, Արամ Առաջինի ելույթն էր, որը ընդամենը շատ ծափեր կորզելու նպատակ ուներ: Հոգևոր հայրը այլևս քաղաքականապես իմպոտենտ Հայ դատի անպտուղ գործելաոճի սկզբունքով սպառնաց Թուրքիայից հետ պահանջել Սիսի առաջնորդարանը: Կարծես դա պետք է լիներ 100-ամյա պահանջատիրության գագաթնակետը:
Փաստորեն, եթե հոգևոր հայրերն են այսպես մտածում, ուրեմն էլ ի՞նչ սպասել աշխարհիկ «հայրերից»: