Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ինչ-որ տեղ ինչ-որ բան այն չէ

Ինչ-որ տեղ ինչ-որ բան այն չէ
19.05.2009 | 00:00

ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ
Աստծո անցած յոթ օրը Հայաստանում ուրախ ու տխուր էր: Եվ չկար մեկը, որ հարցներ` ինչո՞ւ ես ուրախ կամ ինչո՞ւ ես տխուր:

Մայիսի 12-ին լրացավ 1994-ին Բիշքեկում կնքված քառակողմ զինադադարի 15 տարին: Խաղաղության 15 տարին: Մահապարտների ձեռք բերած հաղթանակներով հաստատված ստատուս քվոյի 15 տարին: Ոչ պատերազմի, ոչ խաղաղության 15 տարին: Եվ չկար մեկը, որ ասեր` ժողովուրդ, պատերազմը չի ավարտվել, մտածեք էս երկրի մասին: Նույնիսկ էնտուզիազմ չկար: Կար մերկ օգտապաշտությամբ ճգնաժամի պայմաններում ապրող միջին վիճակագրական հայ, որը մայիսի 12-ին մտածում էր` մինչև ամսվա վերջ էս փողով կձգե՞մ, թե՞ պարտք եմ անելու: Ո՞վ ինձ փող կտա: Ահարոն Ադիբեկյանն այս հարցով հարցում չէր արել, ուստի չենք կարող ասել` այդպես մտածողները ճնշող մեծամասնությո՞ւն էին, թե՞ ճնշված փոքրամասնություն:
Պաշտոնավարել սկսեցին նոր նախարարները։ Մայիսի 11-ին նախագահի հրամանագրով դաշնակցական Սպարտակ Սեյրանյանին փոխարինեց հանրապետական Արմեն Աշոտյանը, դաշնակցական Արամայիս Գրիգորյանին` ՕԵԿ-ական Գերասիմ Ալավերդյանը, դաշնակցական Արսեն Համբարձումյանին` բարգավաճական Գևորգ Պետրոսյանը: Կոալիցիան բարեհաջող բաժանեց պաշտոնները` նախկիններին շնորհակալություն հայտնեցին, ներկաներին հաջողություններ մաղթեցին: Իսկ երեք նախարարությունների աշխատակիցները, որոնց համախառն խոստացվեց կադրային ջարդ չկազմակերպել, հերթական նախարարին պետք է ապացուցեն, որ իրենք ուղտ չեն, որովհետև յուրաքանչյուր նոր նախարարի նշանակում, որպես կանոն, նշանակում է նոր մարդիկ հին պաշտոններում, թեպետ պաշտոնապես գործում է պետական ծառայողի մասին օրենքը, որը նաև պաշտոնապես բարեհաջող շրջանցվում է ըստ անհրաժեշտության:
Ճիշտ ժամանակին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը հայտարարեց, որ տարածքային ամբողջականության սկզբունքը միջազգային իրավունքում գերակայում է, այլապես Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական ոչ մի պատրվակ չէր ունենա հրաժարվելու ՆԱՏՕ-ի մայիսի 6-ից հունիսի 3-ը Վրաստանում անցկացվող Cooperative Lancer/Cooperative Longbow զորավարժություններից, որոնց նախապես համաձայնել էր մասնակցել «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:
Հայաստանը ելք չուներ` Լավրովը նախօրեին խորհուրդ չէր տվել, Բորդյուժան էլ հետո բացատրեց, որ Հայաստանի հրաժարումը բացարձակապես հիմնավորված է, որովհետև Վրաստանի տարածքում զորավարժությունների անցկացումը վկայում է ՆԱՏՕ-ի աջակցությունը Վրաստանին, որտեղ մեկ տարի առաջ խաղաղ բնակիչներ ու խաղաղապահներ են զոհվել: Եվ դա ճիշտ էր Հայաստանի, բայց ոչ Ադրբեջանի համար:
Հունիսին ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում ներառված է Հայաստանին վերաբերող 1609, 1620, 1643 բանաձևերի կատարման ընթացքին առնչվող հարցը: Ո՞վ կասի` ինչո՞ւ: Ապրիլյան անտարբերությունից հետո հունիսին Եվրոպայի խորհրդում ինչո՞ւ վերհիշեցին եվրոպական արժեքների ընդհանրությունը ԵԽԽՎ ողջ տարածքի համար: Հայաստանը չարդարացրե՞ց բարձր վստահությունը առ այն, որ... Կոլումբիեն ու Պրեսկոտը վաղուց Հայաստանում չէի՞ն եղել, թե՞... ԵԽԽՎ-ի հիշողության կորուստն ու վերադարձը մի մասն է այն մեծ խաղի, որ տարածաշրջանի ու Հայաստանի հետ խաղում է աշխարհը: Ընդամենը: ՈՒ եթե նրանք գիտեն` ինչ են ուզում ու ինչու, մենք ոչ միշտ ենք հասկանում` ինչ ենք անում և ինչու։
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Նորայր Մուրադխանյանը հաղորդեց, որ Երևանի ավագանու ընտրություններին կարող է մասնակցել 771353 ընտրող, տարեսկզբից նրանց թիվն ավելացել է 7570-ով: Երևանի 13 ընտրատարածքներում 439 ընտրատեղամաս է կազմավորվել: Տասը տարի առաջ` 1999-ի մայիսի 31-ին ևս Հայաստանում ընտրություններ էին, այն ժամանակ հաղթեց «Միասնությունը», 2009-ին ո՞վ կհաղթի` հայտնի կդառնա արդեն ամռանը: Եվ ո՞վ կասի, որ ամառը թեժ է լինելու կամ չի լինելու:
Սարսափելի չբերեց Պարագվայի նախագահի բախտը. ճանապարհային ոստիկան Էդուարդո Պետան Ֆերնանդո Լուգոյին տուգանեց 104 ԱՄՆ դոլարով (հերիք չէ արգելված վայրում վազանցել է, դեռ վարորդական իրավունքն էլ ժամկետանց է եղել): Լուգոն 5 օրում պիտի վճարի տուգանքը: Դե հո չէ՞ր կարող շարքային ոստիկան Պետան երկրի նախագահին ցույց տալ, որ իր երկրում օրենքի առաջ ոչ բոլորն են հավասար: Տեղն է եպիսկոպոսին, ո՞վ էր ասում նախագահ դառնա, դեռ քարոզարշավում էլ կոռուպցիայի ու աղքատության դեմ պայքար խոստանա:
Երբ քննարկվում էր երկքաղաքացիության մասին օրենքի նախագիծը, ընդունման հիմնավորումներից մեկն էլ, եթե ոչ գլխավորը, նյութական շահն էր (հենց օրենքն ընդունվի, սփյուռքի մեր հայրենակիցները բարոյապես շոյված, հայրենիքի քաղաքացիությամբ հմայված` իրենց գումարները, գրեթե առանց հաշվելու, ներդնելու են հայրենիքի շենացման ու հզորացման տեսլականի իրականացման սուրբ գործին): 2008-ին իրենց երկրի քաղաքացիությունից հրաժարվել և ՀՀ քաղաքացի է դարձել 158 մարդ, երկքաղաքացիություն է ընդունել 1396-ը, 2009-ին 67 մարդ հրաժարվել է քաղաքացիությունից և ընդունել ՀՀ քաղաքացիություն, 1190-ը` երկքաղաքացիություն: Ներդրումների մասին չխոսենք։ Ի վերջո, ճգնաժամ է:
Մայիսի 16-ին Սոչիում հանդիպեցին երկու վարչապետները` Ռուսաստանի և Թուրքիայի: Թե ինչ քննարկեցին-ինչ չքննարկեցին Պուտինն ու Էրդողանը` իրենք գիտեն, բայց հարկ համարեցին հրապարակավ անդրադառնալ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Պուտինն ասաց, որ խնդրի լուծման պայմանավորվածության կարող են հանգել միայն հակամարտության կողմ երկրները, իսկ Ռուսաստանն ու Թուրքիան իրենց հերթին կնպաստեն դրան: Որ հակամարտության կողմերն են պայմանավորվածության հանգելու` տրամաբանական է, որ Թուրքիան էլ է դառնալու դրան նպաստող, այն էլ Ռուսաստանի հետ... ձեռնտու է, բայց ոչ Հայաստանին:
Թուրքիայի վարչապետը հանուն թուրք-հայկական հարաբերությունների բարելավման շատ կարևոր հայտարարություններ է արել Լեհաստանում։ Գդանսկում հանդիպելով համալսարանի ուսանողներին, նա իր պարտքն է համարել տեղեկացնել, որ 40000 հայ անլեգալ ապրում ու աշխատում է Թուրքիայում. «Ինչո՞ւ են նրանք եկել մեր երկիր: Որովհետև Հայաստանում աղքատություն է տիրում: Նրանք մեր երկրում օրվա ապրուստն են վաստակում: Եթե անհրաժեշտ լինի, մենք նրանց հետ կուղարկենք, բայց մարդասիրության զգացումից այդ քայլին չենք դիմում»: Վարչապետի «մարդասիրությունը» շարունակվել է նաև թուրք-հայկական հարաբերությունների հարցում, որոնք «ոչ մի այլ գործոնի հետ կապված չեն, բայց կան տարածաշրջանային խնդիրներ, որոնք հնարավոր չէ շրջանցել: Ադրբեջանի ու Հայաստանի միջև կոնֆլիկտը մեզ վրա ևս ներգործում է»: Թուրքիայի հիմնական պահանջը Հայաստանից` «զորքերի դուրսբերումը Ադրբեջանի օկուպացված տարածքներից, ներառյալ Լեռնային Ղարաբաղը»: «Պարզվել է»` Թուրքիան օկուպացիայի պատճառով է փակել սահմանը Հայաստանի հետ, և հենց վերացվի պատճառը, կվերացվի և հետևանքը: Ահա այսպես, և ոչ մի նախապայման: Հազիվ թե Էրդողանը կարծում էր, որ ինքը Գդանսկում հետաքրքիր է միայն Ադրբեջանին, ու Հայաստանում Լեհաստանի գոյության մասին չգիտեն: Հիմնավորում չէ նաև կրկնակի դիվանագիտության հնարքը` ներքին ու արտաքին օգտագործման, մի բան ասելու, մի բան անելու և այլն, և այլն: Պարզապես ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է:
Մայիսի 7-ին Պրահայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպեցին: Հետո հայտարարվեց, որ էլի համաձայնության չեկան: Հայերը կառուցողական չէին, ադրբեջանցիները տարածքներն ազատել ու Ղարաբաղը վերադարձնել էին պահանջում (ամեն ինչ` ինչպես միշտ): Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն արձանագրեց տարակարծությունների պահպանում և անհրաժեշտ համարեց ջանքերը շարունակել: Մեթյու Բրայզան հերթական անգամ անկեղծացավ. բեկումնային պահի հիմք նկատեց և հույս հայտնեց, որ հունիսին Սանկտ Պետերբուրգում բեկում կլինի, ի վերջո, տարածքների և փախստականների վերադարձ կլինի Ղարաբաղում` նոր իրավիճակ, որի վերաբերյալ ընթանում են բանակցություններ... Հետո Բեռնար Ֆասիեն անկեղծացավ` պետք չէ սպասել, որ Սանկտ Պետերբուրգում փաստաթուղթ ստորագրվի` «բանակցությունների գործընթացը կլինի շատ երկար ու կավարտվի միայն այն ժամանակ, երբ նախագահները կհամաձայնեն ստորագրել խաղաղության համաձայնագիր»: Որոշ նոր առաջարկներ ևս կան քննարկելու: Ֆասիեն նաև հիշեցրել է, որ պետք չէ շփոթել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, դրանք զուգահեռ ընթացող, բայց տարբեր գործընթացներ են:
ՈՒ այսքանից հետո ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն էլ նամակ է հղում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու վերահաստատում Միացյալ Նահանգների պատրաստակամությունը` հետևողականորեն զորավիգ լինելու հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում տարվող միջնորդական աշխատանքներին: Մի՞թե նա էլ է կարծում, թե իր նամակները միայն հասցեատերն է կարդում։
Ցանկացած միջին վիճակագրական ու տառաճանաչ քաղաքացի միայն մեկ օրվա հակասական տեղեկատվության հոսքից օրավարտին բոլոր իրավունքներն ունի բոյկոտ հայտարարելու թերթերին, ինտերնետին, հեռուստատեսային լրատվական ծրագրերին` ազատ ու անկաշկանդ ապրելու ցանկությամբ: Բայց վստահաբար այդ պահին կթակեն դուռը` հերթական «սոցիոլոգիական հարցման» անվան տակ քաղաքապետի նախընտրական քարոզչության նպատակով: Նույնիսկ, եթե թակոցն էլ ուշանա, պատուհանների տակ հռնդացող տրակտորը թույլ չի տա հանգստանալ ո՛չ աշխատանքային, ո՛չ հանգստյան օրը, ո՛չ ցերեկը, ո՛չ նույնիսկ գիշերը` քաղաքը պատրաստվում է ընտրությունների: Պատրաստվում է եռանդուն ու վճռական, կարծես առաջին ընտրված քաղաքապետը նաև վերջինն է լինելու այս քաղաքի պատմության մեջ, և այդ եռանդուն վճռականության մեջ արդեն անկարևոր է, որ գլխավոր ոստիկանապետը գնում է համալսարան և ուսանողներին բացատրում, թե որքան կարևոր է քաղաքացի-ոստիկան վստահության վերականգնումը, իսկ նույն այդ ոստիկանները չեն պաշտպանում նույն այդ քաղաքացիներին, օրինակ, Ավան համայնքում, կամ պաշտպանում են գոյություն չունեցող քաղաքացիների շահերը Հյուսիսային պողոտայում։
Եվ` այսպես յոթ օր։ Յոթ օր առաջ, 7 օր հետո։
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2590

Մեկնաբանություններ