Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Եթե Լեռնային Ղարաբաղը չընդգրկվի բանակցություններում, Հայաստանը պետք է դադարեցնի իր մասնակցությունը բանակցային գործընթացին»

«Եթե Լեռնային Ղարաբաղը չընդգրկվի բանակցություններում, Հայաստանը պետք է դադարեցնի իր մասնակցությունը բանակցային գործընթացին»
04.11.2008 | 00:00

«ԱՅԴ ՈՒԺԵՂ ԶԵՆՔԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԻՆԱՆՈՑՈՒՄ ԴԵՌ ՊԵՏՔ Է ՊԱՀՎԻ»
Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ իրենց մասնավոր տեսակետներն են հնչեցնում խորհրդարանական կոալիցիայի ներկայացուցիչները։
«ՎԵՐՋԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ»
ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆ (ՀՅԴ)

-Պարոն Աղաբեկյան, Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերջին ելույթում առաջարկեց հետևյալ մոդելը. ՀՀ խորհրդարանը ճանաչում է ԼՂ անկախությունը, Սերժ Սարգսյանն այն չի վավերացնում` իր համար ապահովելով մանևրի մեծ դաշտ. կիսո՞ւմ եք այդ տեսակետը:
-Դաշնակցությունը նման հարց չի քննարկել: Ես ունեմ իմ տեսակետը. կողմ եմ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը` պետք է ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրվի Ղարաբաղի հետ: Բոլոր դեպքերում, այս պահին դժվար է ասել, թե տակտիկական առումով ո՛ր քայլն առավել ճիշտ ու նպատակահարմար կլինի, որովհետև բանակցային պրոցեսն այնքան էլ հրապարակային չէ, և հետևություններ անել հնարավոր չէ:
-Չէ, ինչո՞ւ, գերտերությունները լավ էլ «ներկայացնում» են այդ ընթացքը:
-Նրանց հայտարարությունները բավարար չեն, Հայաստանի իշխանություններն են պարտավոր հայ ժողովրդին տեղեկացնելու ընթացքի մասին: Մի բան է կարևոր, և այդ մասին հայտարարեց ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը. յուրաքանչյուր ոք, այդ թվում և` գերտերությունները, պետք է ընդունեն, որ վերջին որոշումը կայացնելու է ժողովուրդը;
-Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն իշխանությունների, պնդում է, որ ղարաբաղյան հարցի հանգուցալուծումը շատ մոտ է։ ՈՒնե՞ք նման տպավորություն:
-Եթե նման նախաձեռնության մասին Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեր մինչև 1996 թիվը, ապա կհասկանայի, իսկ երբ հիմա է ասում, ես չեմ կարող մեկնաբանել նրա ասածը: Կարծում եմ նաև, որ տակտիկական առումով մենք ավելի մեծ հնարավորություններ ունենք, բայց չեմ կարող դրանք բարձրաձայնել, որովհետև չեմ ուզում Հայ հեղափոխական դաշնակցության տեսակետները հրապարակել:
-Դրանք փակ-գաղտնի՞ են:
-Չէ, պարզապես ես լիազորված չեմ:
-Ե՞րբ է այդ բոլոր «փակ-գաղտնիները», նկատի ունեմ տեսակետները, մշակել ՀՅԴ-ն: Դրանք նո՞ր մոտեցումներ են:
-Ոչ այնքան։ Մենք միշտ մեր տեսակետները հստակ հայտնել ենք:
-Նույնը չե՞ք կարող Ձեր անունից ասել:
-Չէ, չեմ կարող, կարող եմ միայն իմ անձնական տեսակետը հայտնել:
-Իսկ համաձա՞յն եք դաշնակցության տեսակետի հետ:
-Նաև դաշնակցության տեսակետի հետ եմ համաձայն:
-Խնդրեմ` հայտնեք Ձեր տեսակետը. ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում:
-Իմ տեսակետն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է պնդի, որ եթե Լեռնային Ղարաբաղը որպես կողմ չընդգրկվի բանակցային գործընթացում, ապա Հայաստանը, թեկուզ ժամանակավոր, պետք է դադարեցնի իր մասնակցությունը բանակցային գործընթացին:
-Ահա, վերջապես, ասացիք դաշնակցության տեսակետը: Իսկ խաղաղապահների՞ մասով ինչ կարծիքի եք։ Փաստորեն, Մեդվեդևի այցը, երեք նախագահների հանդիպումը, ըստ լրատվամիջոցների, ունեին հատկապես այդ նպատակը:
-Չեմ ընդունում նման մոտեցումը։ 1994-ին զինադադարը պարտադրել են Արցախի զինված ուժերը, և այն պարտադրելուց հետո պատերազմը չվերսկսելու երաշխիքը եղել են մեր զինված ուժերը: Եվ չեմ կարծում, որ որևէ խաղաղապահ ուժ, այդ թվում և` ռուսական, կարող է ավելի լավ իրականացնել խաղաղապահությունը, քան մեր զինված ուժերը:
-Փաստորեն, դաշնակցությունը «դուրս է գալիս» ընդդեմ Ռուսաստանի՞:
-Ես դաշնակցության անունից չխոսեցի, այլ ընդամենն իմ` Արթուր Աղաբեկյանի անունից:
-Պարոն Աղաբեկյանը դուրս է գալիս ընդդեմ Ռուսաստանի՞:
-Պարոն Աղաբեկյանը խոսում է ոչ թե Ռուսաստանի, այլ Լեռնային Ղարաբաղի խաղաղապահության մասին, ուր խաղաղության երաշխավորը կարող են լինել միայն հայկական մարտունակ ուժերը:
-Պարոն Աղաբեկյանը հաստատապես գիտի, որ 94-ին կայացել է Ալիև-Տեր-Պետրոսյան բիշքեկյան համաձայնությունը, և որոշվել, որ խաղաղապահները պետք է լինեն ռուսական կողմից, բայց ԱՄՆ-ը թույլ չի տվել:
-Տեղյակ եմ դրանից նաև որպես հրամանատար, բայց դա այլ մոտեցում էր։ Այն կյանքի չկոչվեց, որովհետև պետք է տեղի ունենար դիրքերի փոփոխություն, սպառազինության տեղաշարժ, ինչը չիրականացվեց, և 94-ից առայսօր պաշտպանական գիծը չի խախտվել:
«ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ՎՆԱՍՈՒՄ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ»
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ (ՀՀԿ)
-Պարոն Աշոտյան, Լևոն Տեր-Պետրոսյանը միտինգային իր վերջին ելույթում առաջարկեց ՀՀ խորհրդարանին՝ ճանաչել ԼՂ անկախությունը, առանց Սերժ Սարգսյանի վավերացման։ Կիսո՞ւմ եք մոտեցումը:
-Նախ` ողջունում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի այդ ելույթում հնչեցրած միտքը, որ արտաքին մարտահրավերների արդյունավետ հաղթահարման համար պետք է ներքին կայունություն: Հիասթափեցնեմ իրեն. որպես իշխանության ներկայացուցիչ չեմ չարախնդում այդ առաջարկի վրա, համարում եմ մի քիչ ուշացած, բայց, այնուհանդերձ, դեռևս արդիականությունը չկորցրած: Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂ ճանաչմանը, ապա ով՝ ով, Տեր-Պետրոսյանը լավ գիտի, որ որևէ պետություն այլ պետության անկախությունը ճանաչում է նախագահի, վարչապետի կամ արտգործնախարարի համապատասխան հայտարարության հիման վրա: Շատ հազվադեպ է լինում, որ օրենքով ճանաչվի որևէ պետության անկախությունը: Կարծում եմ, որ այդ ուժեղ զենքը Հայաստանի դիվանագիտական զինանոցում դեռ պետք է պահվի. այսօր այն կիրառելու պատեհ պահը չէ, որովհետև անգամ Աբխազիայի և Օսիայի անկախության ճանաչման գործընթացը Ռուսաստանի նման գերհզոր երկիրը չկարողացավ «տարածել» Նիկարագուայից այն կողմ: Հետևաբար, Հայաստանը պետք է շատ զգույշ լինի և կիրառի այդ զենքը միայն այն դեպքում, երբ համոզված լինի, որ իր ճանաչումով կսկսվի նաև ԼՂ ճանաչման գործընթաց` ցանկալի է առավել հզոր երկրների կողմից: Ինչ վերաբերում է նախագահի մանևրի դաշտին, կարծում եմ` այն բավականին ընդարձակ է:
-Իսկ ի՞նչ եք կարծում, հարցի լուծումն իսկապե՞ս շատ մոտ է, ինչպես պնդում են Տեր-Պետրոսյանը, Ֆրիդը... Շատերը:
-Մնում եմ այն կարծիքին, որ չհիմնավորված լավատեսական հայտարարություններն ավելի շատ են վնասում բանակցային գործընթացին, քան դանդաղ առաջընթացը:
-Գուցե հենց այդ նպատակով էլ արվո՞ւմ են այդ հայտարարությունները` ստատուս-քվոյի պահպանման համար:
-Այո, դրանք արվում են նաև այդ նպատակով, մասնավորապես, Բրայզայի, Լավրովի հայտարարությունները: Հիշում եմ նաև ամերիկյան մի բարձրաստիճան պաշտոնյայի հետ մեր մասնավոր զրույցը. նա տեսակետ հայտնեց, որ եթե ԱՄՆ-ն իրոք ցանկանար, որ ԼՂ հարցը շուտափույթ լուծվի, ապա ամերիկյան համանախագահը չէր լինի Մեթյու Բրայզան:
«ԱՌԱՅԺՄ ՁԵՌՆՊԱՀ ԿՄՆԱՄ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ (ԲՀԿ)
-Պարոն Սաֆարյան, ինչպե՞ս եք վերաբերվում Տեր-Պետրոսյանի վերջին առաջարկին` հայոց խորհրդարանը պետք է ճանաչի ԼՂ անկախությունը:
-Առայժմ զերծ կմնամ մեկնաբանություններից և կարծիք արտահայտելուց:
-Ինչո՞ւ, որովհետև ԲՀԿ-ն դեռ իր քաղխորհրդում չի՞ քննարկել հարցը: Ո՞նց է լինում ձեզանում, հետաքրքիր է. հավաքվում եք քաղխորհրդով, բոլորդ կարծիք եք հայտնում, այո՞։
-Այո, քաղխորհուրդը հավաքվում է, կարծիքների փոխանակություն է տեղի ունենում, ընդունվում է որոշում:
-Հիմնական «գեներացիան», թերևս, Դուք եք, չէ՞, իրականացնում` արտաքին քաղաքականության հարցերում:
-Այո:
-ՈՒ հիմա որ «դաբրո» չունեք, ոչինչ չեք ասում:
-Հարցը, ինչպես ցանկացած այլ հարց, քննարկման կարիք ունի:
-Իսկ Դուք անձնական տեսակետ ունե՞ք։ Եթե ունեք, կխնդրեի բարձրաձայնեիք:
-Ես չեմ տեսնում այն արտակարգ իրավիճակը, որը կստիպեր բարձրացնել ԼՂ ճանաչման հարցը։ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցություններ են ընթանում, և պետք չէ դրանց խոչընդոտել, եթե չկան արտակարգ պատճառներ:
-Իսկ գուցե կա՞ն:
-Արտակարգ պատճառների մասին տեղեկությունը կարող են հայտնել նրանք, ովքեր այդ բանակցությունները վարում են՝ հանրապետության նախագահն ու արտգործնախարարը:
Ճեպազրույցները՝ Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 3955

Մեկնաբանություններ