ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Մենք մեկ ամիս առաջ գիտեինք, որ ընտրություններում հաղթելու ենք»

«Մենք մեկ ամիս առաջ գիտեինք, որ ընտրություններում հաղթելու ենք»
05.06.2009 | 00:00

ՈՏՔԻ ՎՐԱ - ՁԵՌՔԻ ՀԵՏ
«ԵԹԵ ՈՐԵՎԷ ՄԵԿՆ ԻՆՁ ՆՄԱՆ ԲԱՌ ԱՍԻ, ԵՍ ԻՐԵՆ ՀԱՍՏԱՏ ՇԱՆՍԱՏԱԿ ԿԱՆԵՄ»
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ (ԱԺ պատգամավոր, ՀՀԿ)
-Պարոն Հայրապետյա՞ն, ճի՞շտ է, որ ընտրությունների ժամանակ Դուք «կրակել և կրակվել» եք:
-Հա՛, ու հենց հիմա, այստեղ` ԱԺ միջանցքում նստած եմ` երկու ոտքից խիստ «վիրավոր»։ Չե՞ք տեսնում:
-Կատակո՜ւմ եք: Իսկ որ ընտրություններից հետո, երեկոյան, Դուք «ֆեյերվե՞րկ» եք կազմակերպել:
-Ի՞նչ եմ արել:
-Հրավառություն` ՀՀԿ հաղթանակի առիթով։ Թերթերն են գրում:
-Որտե՞ղ եմ հրավառություն կազմակերպել:
-Իհարկե, ընտրատարածքներից դուրս, ընտրությունների արդյունքներն իմանալուց հետո։ Վերապատմեմ լուրը. և, ուրեմն` ընտրությունների «հաշվով» հրավառություն եք արել, մրցել եք մեկ այլ պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:
-Բայց ինչի՞ էինք հրավառություն` «ֆիերվերկ» անում:
-Որ հաղթե՜լ եք ընտրություններում:
-Մենք մեկ ամիս առաջ գիտեինք, որ ընտրություններում հաղթելու ենք:
-Որտեղի՞ց գիտեիք` տվյալների ի՞նչ բազայի վրա:
-Ի՞նչ է` Դուք չգիտեի՞ք, որ մենք հաղթելու ենք: Մենք պարզապես տվյալները, տոկոսները չգիտեինք, և ընդհանրապես` էդ ո՞վ չգիտեր, որ հանրապետականն ուժեղ է, նրա հեղինակությունը բարձր է, արած գործեր շատ ունի` թե՛ քաղաքում, թե՛ երկրում, ու հաղթելու է:
-Չէ, շատերն էլ ասում են, որ այս ընտրությունները կեղծվել են` ոտքից (վիրավոր-անվիր) մինչև գլուխ:
-«Շատերն» ինչ ուզում ասում են, հիմա որ ես էլ «շատերին» ասեմ` իրենք «պոզավոր» են, դա ճի՞շտ է։ Հո իմ ասածը չպե՞տք է հիմք ընդունել:
-Չէ, «պոզերը» հիմք չպետք է ընդունել, բայց ի՞նչն եք հիմք ընդունում կոնկրետ դեպքում:
-Կոնկրետ ընտրությունների դեպքում հիմք պետք է ընդունել քվեարկության արդյունքները, ԿԸՀ հաղորդումը, դիտորդների գնահատականները:
-Այսպիսով, Դուք «ընդունում» եք, որ Հայաստանում ընթացել են ազնիվ, արդար, թափանցիկ ընտրություններ:
-Գիտե՞ք ինչ, աշխարհի բոլոր երկրներում էլ ընտրություններն իդեալական չեն, միշտ էլ մանր-մունր բաներ լինում են: Քաղաքապետի այս ընտրությունները, իմ կարծիքով, մեկ քայլ առաջ էին և բավականին նորմալ ընտրություններ էին:
-Բայց, դե, պարոն Հայրապետյան, Ձեր անունը մշտապես շրջանառվում է` «քայլ առաջ-քայլ հետ» բոլոր ընտրություններում։ Ինչո՞վ բացատրել սույն հանգամանքը:
-Ես խորհուրդ կտամ Ձեզ այդ մասին հարցնել ՀԱԿ-ից. այդ իրենք են անընդհատ նման լուրեր տարածում իրենց լրատվամիջոցներով:
-Իսկ Դուք, ահա, չեք կրակում, չեք կրակվում, «մռութ» չեք ջարդում, «մուչակի-չուչակի» չեք օգտագործում` չար-թունավոր լեզվով ասած:
-Ո՞Ւմ վրա եմ կրակել և կամ ո՞ւմ եմ ծեծել, կարո՞ղ եք մեկին օրինակ բերել։ Երբևիցե նման բան հնարավոր չէ: Եթե ես ինչ-որ բան անում եմ, ի տարբերություն շատ շատերի, երբեք չեմ հրաժարվում իմ արածներից: Տղամարդու նման կանգնում ասում եմ` արել եմ, իսկ գրողներն ու ասողները, այսպես ասած, «ատկազ են գալիս», որովհետև զբաղված են սուտ լուրեր տարածելով, մարդկանց վարկաբեկելով: Իսկ մեզ մոտ` Ավանում, ընթացել են թափանցիկ, արդար ընտրություններ: Հրավառության մասին էլ առաջին անգամ Ձեզանից եմ լսում:
-Դե, ոչինչ, դեռ կհասցնեք:
-Հրավառության տարիքից ես շատ վաղուց եմ դուրս եկել:
-Վերադառնանք «կրակոցներին»։ Թշնամինե՜ր ունեք, ի՞նչ ունեք, որ անընդհատ ասում են` Հայրապետյանը կրակեց:
-Ասացի, չէ՞, որ ընդդիմադիրներին թիրախ է պետք, ընտրում են թիրախն ու վարկաբեկում, ինչ է թե` իրենց կողմից չես։ Ի՞նչ կա այստեղ չհասկանալու:
-Գիտե՞ք, պարոն Հայրապետյան, Լևոն Սարգսյանի անունն էլ է միշտ շրջանառվում։ Դուք, երևի, իրեն ճանաչում եք:
-Իհարկե, ճանաչում եմ:
-Ի՞նքն էլ է «անմեղ» պարսավվում:
-Գիտե՞ք ինչ, ես չեմ ասում` ես անմեղ եմ («Ձեր աչերն են մեղավոր», պարոն Հայրապետյան- հեղ.)։ Անմեղ լինում են կանայք:
-Ֆեմինիզացիայի դարում` ոչ միշտ:
-Դե, հիմա: Իսկ տղամարդը երբեք անմեղ չի լինում: Ես տեղյակ չեմ` ինչ է ասվում Լևոն Սարգսյանի մասին, բայց կարծում եմ, որ նույն կարգի հերյուրանքներ են տարածվում: Ընտրություններից մի քանի օր առաջ էլ թերթերից մեկում գրված էր, որ ես ու Գագիկ Ծառուկյանն ընդհարվել ենք։ Իսկ լուրը հրապարակվել էր այն օրը, երբ ես ու Գագիկ Ծառուկյանն իրար հետ նստած նախաճաշում էինք:
-Ինչի՞ «մասին» էիք նախաճաշում, պարոն Հայրապետյան:
-Դուք «մասի՞ն» եք նախաճաշում: Մենք` չէ: Պարզապես ճաշում ենք: Գագիկ Ծառուկյանի հետ ընկերներ ենք, բացի դրանից` հարևաններ ենք: Մտերիմներ ենք: Եվ այս մասին ես բազմաթիվ անգամներ ասել եմ, բայց փորձ է արվում մեր ջերմ, մարդկային հարաբերությունները փչացնել։ Դա լավ բան չի: Իսկ ես, հակառակը, միշտ ուզում եմ մարդկանց միմյանց հետ հաշտեցնել: Խորհուրդ կտամ նման կերպ վարվողներին` թող չփորձեն, իրենց մոտ դա չի ստացվի:
-Լևոն Սարգսյանին էլ ե՞ք էդպես խաղաղարա՜ր, բարեկամաբա՜ր...
-Իսկ ի՞նչ է արել Լևոն Սարգսյանը, որ... Մարդը գնացել է այնտեղ, որտեղ գրանցված է` իր ընտրատարածք, ընտրություն կատարելու, իսկ ժուռնալիստն ասել է` ա՛յ, տակա՛նք, եկել ես էստեղ էլ խախտումներ անե՞ս, հա՞:
-Բա ասում եք` տեղյակ չեմ, հրես, լավ էլ տեղյակ եք: Եվ հետո, եթե վերցնենք, որ անգամ ժուռնալիստը նման բան է ասել, պետք է նրա նկատմամբ բռնությո՞ւն կիրառել, ծեծե՞լ:
-Լավ, բա ի՞նչ աներ.... Իսկ նման արտահայտություններ անելը, բառեր օգտագործելը ժուռնալիստի կողմից բռնություն չի՞: Հակառակ հարցը տամ` ի՞նչ անի էդ ժամանակ տղամարդը, որին վիրավորում են:
-Դե, ասենք` դիմի իրավապահ մարմնին, օրենքին: Կամ պարզապես` ջենթլմեն լինի:
-Գիտե՞ս, անկեղծ ասեմ. եթե որևէ մեկն ինձ նման բառ ասի, ես իրեն հաստատ շանսատակ կանեմ:
-Փառք Աստծո, որ ես ու Դուք, պարո՜ն Հայրապետյան, էսպես հաշտ-խաղաղ, դեմոկրատ նստած` զրույց ենք անում: Բա՜յց, պարոն Հայրապետյան, որ «շանսատակ անեք-ծեծե՜ք», օրենքը Ձեզ կտանի, կդատի` լիքը տարիներ: ՈՒ հեչ լավ բան չի լինի:
-Բա, դե, օրենքն էլ նրա համար է, որ ինձ տանի, դատի:
«ԻՐԵՆՑ ՊԵՏՔ Է` ԱՆՈՒՄ ԵՆ»
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՐԳՍՅԱՆ (ԱԺ պատգամավոր, ՀՀԿ)

-Պարոն Սարգսյան, տեղեկություն կա, որ ընտրությունների օրը Ձեզ հետ կապված «միջադեպ» է եղել:
-Ո՛չ, սուտ է, բացարձակապես նման բան չի եղել։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
-Դուք գնացե՞լ եք քվեարկության:
-Անպայման:
-Ե՞վ:
-Եվ` ի՞նչ:
-Ո՞Ւմ եք ընտրել:
-Պարզ չէ՞, դե, իհարկե, հանրապետականին, Գագիկ Բեգլարյանին։ Էլ ուրիշ ո՞ւմ:
-Փաստորեն, բաց քվեարկություն չեք իրականացրել ՀՀԿ-ի «հաշվով»:
-Ասացի` ոչ:
-Բա ինչո՞ւ են էդ խոսակցությունները` էդպես...
-Իրենց պետք է` անում են: Հերյուրանք է` տարածում են: Այսքա՛նը:
Բլիցները` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 2484

Մեկնաբանություններ