Ոչ միայն մարդը, երկիրն էլ պիտի տեր ունենա, որ նրան բարձրացնի աշխարհի աչքում:
Ցավն էլ պիտի ցավատեր ունենա, որ ցավդ կարևորվի,
մեռածն էլ պիտի մեռելատեր ունենա, որ աշխարհն էլ սգա:
Ինչպես ժողովուրդն է ասում՝ Խաչը տերն է զորավոր անում:
Մեր ցավն էլ, մեռելն էլ, երկիրն էլ զորավոր անող տեր չունի, մենք բոլորս խուրջինից ենք ընկել, այնպես, պատահական՝ էշն անցնում էր, խուրջինից վայր թափվեցինք՝ թղթե շերեփը ձեռքներիս:
Ահա թե ինչու մեր ցավն էլ, մահն էլ կարևորող չունենք: Բա մի ամբողջ Արցախի հանրապետություն, ըստ էության, Դեր Զորի ճամփով քշեն, ու աշխարհը ձեն չհանի՞…
Ցավը ցավատերն է զորավոր անում, տան գլխավորը:
Սևակին հիշենք, ով համարյա ասում էր.
Թաղե՛մ էդպես գլխավորին,
որովհետև գլխավորը՝
այդ անհոգի բեղավորը,
ազգին ծեծում ու տանջում է ամեն վայրկյան,
ամեն անգամ նրան բերում նոր օրհասի,
պատուհասի՛,
քշում շուկա՝ առուծախի գրաստի պես...
Սուսաննա Բաբաջանյան
Գորիս