«Դեռ 1994 թվականի գարնանից լուր տարածվեց, որ կաթողիկոսը ծանր հիվանդ է: Գնալով լուրերը ճշգրտվեցին, իսկ օգոստոսին օրեցօր մոտենում էր վախճանը: Բժիշկները արգելել էին հիվանդին այցելելը: Այնուամենայնիվ, ես փորձեցի այցելել և Վեհափառի հավատարիմ սպասավորի միջոցով ստացա Վեհափառի համաձայնությունը:
…Հիվանդը պառկած էր առաձնատան առաջին հարկի փոքրիկ ննջասենյակում: Բարևս ընդունեց գլխի հազիվ նկատելի շարժումով: Հայացքը մարած էր, անհաղորդ: Նստել էի մահճակալի կողքին և չգիտեի` ի՞նչ խոսեմ: Ինքն էլ չէր խոսում: ՈՒժերս հավաքելով` հազիվ կարողացա արտաբերել.
-Վեհափառ, ոչինչ չունե՞ք ինձ ասելու:
- Ոչինչ,- եղավ պատասխանը, ու նորից լռություն:
Հեռանում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը` մեր Վեհափառը, աշխարհից, մեզնից, ինքն իրենից: Վերմակի վրա անզոր ընկած էր ձեռքը՝ գունատ, գեղեցիկ, ազնվական ձեռքը, որ պահ առ պահ դադարում էր Կաթողիկոսի աջ լինելուց:
... Ես այդպես էլ չհամբուրեցի այդ աջը, երբ ավյունով լի էր, կենդանի, բաբախուն: Ամեն ձեռքսեղմումի խոնարհվում էի, երկյուղածությամբ մի պահ համենում էի այդ ձեռքի վրա, բայց չգիտես ինչու, հակոտնյա դաստիարակությու՞նս էր պատճառը, ներքին հավատավոր մղումի պակա՞սը, ուրեմն և ինչ-որ տեղ ձևանալու և դրանո՛վ իսկ դիմացինին վիրավորելու մտավախությու՞նը,- չէի համբուրում: Մինչև օրս էլ զղջումի, ափսոսանքի բարակ մի ցավ է երկարում իմ սրտում` ինչու՞ չէի համբուրում:
Մինչդեռ ութսունվեցամյա կյանքիս ընթացքում անթիվ, անհամար ձեռքսեղմումների ու ողջագուրումների մեջ դա այն ձեռքն էր, որ պետք է համբուրեի:
Միակ համբուրելի ձեռքը»:
Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
Ջուլիետա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՖԲ էջից