Քսանական թվականներուն էր, դեռ մանչ էի։ Ազգական մը ունեինք՝ Կարապետ Սարոյան։ Ունևոր մարդ էր։ Օր մը Բարեգործականի մարդիկները անոր քով եկան, թե. «Կարապետ, դրամ տուր»։ «Որու՞ն համար է»,-հարցուց: «Որբերուն համար է»,- ըսին։ «Է, եթե որբերուն համար է, կուտամ»։ Մարդը տվավ։
Անցավ տասը, թե ավելի տարի, չեմ հիշեր։ Բարեգործականի նույն մարդիկները դարձյալ եկան, թե. «Կարապետ, դրամ տուր»: «Որու՞ն համար է»։ «Որբերուն»։ «Եղբայր, այդ որբեր չմեծցա՞ն»։ «Աս ալ այդ որբերու որբերուն համար է»,-ըսին։
Ատանկ է, մենք բոլորս, բոլորս մինչև հիմա ալ որբ ենք։
Իմացա՞վ, արդյոք, Սարոյանը, որ համարյա նույնությամբ կրկնեց Վահան Տերյանի տողը.
-Մենք բոլորս, բոլորս մանուկներ ենք որբ...
Վահագն Դավթյան. «Բարի հսկան» գրքից
Սիլվա Յուզբաշյանի (Silva Yuzbashyan) ֆեյսբուքյան էջից