Դու Աստծու Որդուն հավատու՞մ ես: Հովհ. 9;35
Ավետարանում կարդում ենք Քրիստոսի հրաշքների մասին, որոնք տեսնելով` մարդանց բազմություններ հավատում էին Նրան և դառնում էին Նրա հետևորդները:
Նա բժշկում էր զանազան անբուժելի ու անհույս հիվանդներին, հարություն էր տալիս մեռելներին, կերակրում էր բազմություններ, քայլում էր ծովի վրայով, խաղաղեցնում էր ծովի հողմերը, բայց այս ամենից զատ Նա շատ այլ հրաշքներ էր գործում, որ շատերի կողմից աննկատ էին մնում: Նա նոր մարդ էր արարում, Նա սրտեր էր վերափոխում, Նա հոգիներ էր փրկում:
Այսօր շատ ենք լսում զանազան հրաշքների մասին, որ կատարվում են այս կամ այն սրբի բարեխոսությամբ, բայց քիչ ենք հանդիպում մարդու վերափոխման հրաշքին, իրական հրաշքին: Այսօրվա մարդը շատ քիչ է տարբերվում Քրիստոսին խաչողներից, ովքեր Խաչյալին «գործնական» առաջարկ էին անում. «Եթե Աստծո Որդին ես, իջի՛ր այդ Խաչից, և կհավատանք քեզ»: Կամ ասում էին. «Մի նշան ցույց տուր մեզ, որ հավատանք` Աստծուց ես եկել»: Այնինչ Նա ոչ մեկին ոչինչ չէր ապացուցում, Նա նոր մարդ էր արարում: Հրաշքից ծնված հավատը վաղանցուկ է, իսկ հավատից ծնված հրաշքը` հավիտենական: Այսօրվա նշան հայցողներին էլ Նա հանդիմանում է. «Չար ու շնացող ազգը նշան է ուզում»: Արտաքին նշաններ փնտրողները երբեք իրենց հոգու ներսը նայելու պահանջ ու անհրաժեշտություն չեն զգում և իրական հրաշքների ականատես չեն լինում: Երբ մարդը գտնում է Աստծուն, սա արդեն հրաշք է, բայց երբ Աստված մարդու համար դառնում է միակ փափագն ու նպատակը, միակ անկողոպտելի գանձը, երբ մարդը մի կողմ է դնում ծառայի և վարձկանի մտածողությունը և համակվում է որդիական խանդաղատանքով իրեն կարոտով սպասող Հոր հանդեպ, մի ամբողջ տիեզերք փրկվում է կործանումից: Այս է իրական հրաշքը:
Այսօր ավելի հաճախ կարիք է լինում, որ մարդը լքի կյանքը, հեռանա այս աշխարհից, նորից վերադառնա, որ որոշի իր կյանքը վերափոխել: Այդքա՛ն հեռացել է մարդը հոգևոր իրականությունից, այդքա՛ն կարծրացել է նրա սիրտը:
Ամենամեծ հրաշքը կատարվեց Խաչի վրա: Խաչ, որ պիտի զբաղեցներ մի հանցագործ ավազակ` որպես իր մեղքերի հատուցում, բայց որին բարձրացավ Նա, Ով Իր կյանքը տվեց` որպես փրկագին ողջ մարդկության համար: Մեզանից յուրաքանչյուրը այդ ավազակն է: Նա` Բարաբբան, գնահատեց Հիսուսի զոհողությունը և դարձավ քրիստոնյա: Սա մեծագույն հրաշք էր: Այդպիսի հրաշք կարող է դառնալ նաև մեր կյանքը:
Տեսանելի հրաշքների արդյունքում Հիսուսի հետևից բազմություններ էին գնում, բայց այդ նույն բազմությունները ոչ մի վայրկյան չվարանեցին դերափոխվել և լրացնել Նրան խաչողների ոչ պակաս ստվար շարքերը: Ինչպես բազմամյա անդամալույծը, որին բժշկել էր, արդեն կաշկանդված չէր որևէ բանով, որ հարվածեր Նրան ու լկտիաբար հարցներ. «Մարգարեացիր. ո՞վ էր, որ քեզ հարվածեց»: Հեթանոս անառակ աշխարհում էլ մարդիկ գնում-գալիս էին անշունչ կուռքերի մոտ և նրանցից իրենց կյանքի բարօրություն էին խնդրում, և այնպես չէ, որ չէին ստանում իրենց խնդրածը, բայց իրենց չճանաչած Աստծուց էին ստանում:
«Եվ Հիսուս ասաց. - Դատաստանի համար եկա այս աշխարհը, որպեսզի ովքեր չեն տեսնում, տեսնեն, և ովքեր տեսնում են, կուրանան: -Փարիսեցիներից ոմանք, որ Հիսուսի հետ էին, այդ լսեցին ու նրան ասացին. - Միթե մե՞նք էլ կույր ենք: Հիսուս նրանց ասաց.- Եթե կույր լինեիք, դուք մեղք չէիք ունենա, բայց հիմա ասում եք, թե՝ տեսնում ենք. և ձեր մեղքը ձեր մեջ հաստատ է մնում» (Հովհ. 9; 39-41): Երբ մեկը չի ասում բժշկին, որ կույր է, չի դիմում նրան, չի կարող բժշկվել և կույր կմնա: Եթե մենք էլ մեր հոգու կուրությունը չենք խոստովանում Բժշկողին, ավելին` չենք էլ կասկածում, որ կույր ենք, մեր կուրության մեջ հաստատ ենք մնում: Այն, ինչ մենք կոչում ենք հրաշք, շատ դեպքերում իրապես կարող է դատաստան դառնալ:
Մի կույր մարդ երկար ժամանակ Աստծուն աղոթքով խնդրում է, որ հրաշքով իր տեսողությունը վերականգնի: Նա, իր ձեռնափայտին հենված, իր մի ծանոթի ուղեկցությամբ իր գյուղից հավատքով ճանապարհ է ընկնում դեպի մոտակա սրբավայրը: Այնտեղ նրա աչքերը բացվում են: Նա սկսում է փառաբանել Տիրոջը այդ հրաշքի համար: Սակայն քանի որ նրա միակ մտահոգությունը իր հոգու փրկությունն էր, նա սկսում է մեկ այլ աղոթքով այսպես դիմել Տիրոջը. «Տե՛ր, եթե իմ տեսողության վերականգնմամբ պիտի վտանգվի հոգուս փրկությունը, թող նորից կորցնեմ տեսողությունս»: Աղոթքին ի պատասխան նա անմիջապես կուրանում է: Նա իր գյուղից կույր էր դուրս եկել, կույր էլ վերադառնում է: Գյուղացիները, որ ակնկալում էին դիմավորել հրաշքով բժշկված իրենց համագյուղացուն, դարձյալ տեսնում են նրան կույր, մի թևով հենված իր ձեռնափայտին, մյուսով` իր ծանոթին: Գյուղացիները հիասթափված ու հեգնալից հարցնում են. «Իսկ ու՞ր է հրաշքը»: Գյուղացին հուզված պատասխանում է. «Դուք ո՛չ մի հրաշք չտեսաք, իսկ ես միանգամից երկու հրաշքի ականատես եղա»: Եվ դարձյալ փառաբանում է Ամենակալ Բարձրյալին: Մեր շուրջն էլ քիչ չեն մարդիկ, որ զարմանում են, թե ինչի՞ համար ենք այդքան փառաբանում Տիրոջը, որովհետև մեր կյանքում ոչ մի ակնհայտ փոփոխություն ու նորություն չեն նկատում: Նրանց անծանոթ է սեփական հոգու խորություններում հրաշքներ փնտրելու արկածախնդրությունը: Այդ փորձառությունը սկսվում է Աստծո Որդու հանդեպ հավատից:
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս