Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի առաջին փառատոնը «դժվարին» ճանապարհ անցավ` բախվելով երիտասարդական կազմակերպությունների բողոքի ակցիաներին ու կինոդահլիճների սեփականատերերի մերժումներին:
Այս տարի «Ստոպ» խորագիրը կրող փառատոնը կանցկացվի ապրիլի 12-ին` Գյումրիում, որի ընթացքում կցուցադրվեն 2007-2008 թթ. Ադրբեջանում նկարահանված մեկ վավերագրական, երեք գեղարվեստական ֆիլմեր:
Փառատոնին մասնակցել ցանկացողներին կազմակերպիչները կապահովեն տրանսպորտով` Երևան-Գյումրի-Երևան երթուղով: Ֆիլմերը թարգմանված են հայերեն:
Փառատոնը նախաձեռնել է Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը` Հայաստանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների աջակցությամբ:
Ըստ կազմակերպիչների` Հայաստանում «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնն ուղիղ, չմիջնորդավորված շփման տարածք է, եզակի հնարավորություն` ադրբեջանական ժամանակակից կինոարտադրության լավագույն նմուշներին ծանոթանալու:
Ֆիլմաշարի տևողությունը 1 ժամ 33 րոպե է: Քվեարկության արդյունքում կորոշվի փառատոնի մրցանակակիրը` «Հանդիսատեսի համակրանք» միակ անվանակարգում: Առայժմ «մշակութային երկխոսություն», «չմիջնորդավորված շփման ձև» արտահայտությունները բախվում են ավելի տեսանելի փաստարկների և «Ո՛չ` ադրբեջանական փառատոներին» բողոքի ակցիային:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ