Եղջյուրակիրը շնչասպառ հասավ աշխատասենյակ ու հրամայեց շտապ գտնել և իր մոտ բերել լավագույն փաստաբանին: Քիչ անց թիկնապահները, թևերից բռնած քարշ տալով, բերեցին փաստաբանին ու դրեցին նրա դիմացի աթոռին:
-Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել, ով եղջյուր առատության:
-Նախ՝ արագ ներկայացրեք ձեր հնարավորությունները:
-Ես կարողանում եմ դատական հենց առաջին նիստին՝
«դարձնել գողին ազնիվ, բարեհույս,
ապուշին՝ հանճար, վախկոտին՝ կտրիճ,
տգեղին՝ չքնաղ և պոռնիկին՝ կույս»:
-Այդ բաները մեզ դեռ պետք կգան, բայց հիմա ինձ ուրիշ բան է պետք:
-Ի՞նչ բան:
-Այսօր ես թքել եմ մի քաղաքացու վրա: Դուք պիտի ապացուցեք, որ նա ինձ անվանել է «դավաճան», ու ես դրա համար եմ թքել:
-Դա վատ միտք է, ով եղջյուր թքառատության, ու մեզ փակուղի կտանի:
-Ինչո՞ւ:
-Որովհետև ամբողջ աշխարհը կարծում է, որ Դուք ոչ միայն գող եք, ապուշ, վախկոտ ու ղախպա, այլ, առաջին հերթին՝ դավաճան:
-Բա ի՞նչ եք առաջարկում:
-Այդ դեպքի համար ես երեք տարբերակ ունեմ:
-Արա՛գ ներկայացրեք:
-Մենք կարող ենք ապացուցել, որ Դուք ուզում էիք թքել փայտիկին, բայց, քանի որ ձեր եղջերաթաղանթը վնասված էր, քաղաքացուն շփոթել եք փայտիկի հետ ու թքել եք նրա վրա: Դատարանը կորոշի փորձաքննել Ձեր բոլոր թաղանթները ու կարդարացնի ձեզ:
-Ո՛չ, այդ տարբերակը մոռանում ենք:
-Ինչո՞ւ:
-Ես չեմ ուզում թքել փայտիկին:
-Այդ դեպքում մենք կարող ենք շահարկել այն հանգամանքը, որ այսօր Ծաղկազարդ է, քրիստոնեական կարևոր տոն:
-Ինչպե՞ս:
-Կապացուցենք, որ Դուք ընդամենը ուզում էիք իմանալ՝ այդ քաղաքացին քրիստոնյա՞ է, թե՞ ոչ:
-Ո՞նց եք ապացուցելու:
-Շատ պարզ: Որպեսզի որոշենք քաղաքացու հավատքը՝ թքում ենք նրա երեսին: Եթե նա քրիստոնյա է, անմիջապես մյուս երեսն էլ դեմ կանի: Այս փաստարկով ոչ միայն դատարանը կարդարացնի Ձեզ, այլև կդառնաք նախիրի աչքի լույսը ու կվերականգնեք Ձեր բարձր հեղինակությունը:
-Չէ, այդպես կստացվի, որ քրիստոնեություն եմ քարոզում, ու բոլորը կսկսեն թքել իրար վրա: ՈՒրիշ բան առաջարկեք:
-Այդ դեպքում պիտի սպասենք մինչև հինգշաբթի, որպեսզի առաջնորդվենք երրորդ տարբերակով:
-Դա ո՞րն է:
-Դեռ չգիտեմ: Բայց հաստատ գիտեմ, որ կառավարության նիստին գերագույնը այս դեպքի առթիվ անպայման մի անվիճելի տարբերակ կառաջարկի, ու մենք դա կզարգացնենք: