Հրապարակե՛ք ծախսերը և արդյունքների հաշվետվությունները
28.02.2020 | 11:48
Բեռլինում փակվեց Եվրոպական կինոշուկան, հայկական պատվիրակությունը ավարտեց իր դարակազմիկ այցը Բեռլինալե։ Սպասում ենք հաշվետվությանը։
2019-ին, Եվրոպական կինոշուկայից անմիջապես հետո ռուսական մամուլում հայտնվեցին տվյալներ Բեռլինում կատարված գործարքների վերաբերյալ։ Ռուսական ֆիլմերի վաճառքից գոյացած գումարը գերազանցել էր 2 միլիոն դոլարը։ Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան պնդում է, որպեսզի ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և կինոկենտրոնը հրապարակեն Բեռլինի և Ռոտերդամի կինոփառատոներում կատարած ծախսերի, հայկական ֆիլմերի վաճառքի կամ հայկական ֆիլմերի համատեղ արտադրության պայմանագրերում նշված ներդրումների մասին տվյալները։
Մեկ ամիս առաջ՝ հունվարին, կինոկենտրոնը ներկայացել էր Ռոտերդամի կինոփառատոնին, որը հայկական կինոյի համար ամենաուղիղ կամուրջն է դեպի միջազգային կինոինդուստրիա, քանի որ կենտրոնացած է զարգացող երկրների կինոյի վրա։ Ռոտերդամը մեզ համար շատ ավելի կարևոր է, քան Կաննը կամ Բեռլինը, որտեղ մենք դեռ երկար կգնանք որպես նայող, ոչ թե ցույց տվող։ Բայց Ռոտերդամից հետո ևս ծախսերի ու արդյունքների որևէ հաշվետվության չենք հանդիպել։ Արդյու՞նքը։
Էլի մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերին, կինոկենտրոնը պետությունից ստացել էր 9 մլն դրամ «Կինոարտադրողների համահայկական ֆորում» միջոցառման համար, որին պետք է մասնակցեին 8 օտարերկրյա հայազգի կինոգործիչներ, որ պետք է նպաստեին հայկական կինոնախագծերի առաջխաղացմանը։ Մի կողմ դնենք 8 հրավիրված հյուրի և 9 մլն դրամի համաչափության գնահատականը, դառնանք արդյունքին. արդյու՞նքը։
Թե ֆորումի, թե Ռոտերդամի, թե Բեռլինի դեպքում մեզ հետաքրքիր չեն «լոլոները»՝ հանդիպել ենք սրա հետ, սելֆի արել, խոստում ստացել... դա մենք լսում ենք 30 տարի։ Արդյու՛նքը։ Որքա՞ն է կազմել հայկական ֆիլմերի վաճառքից ստացված գումարը (ինչպես նշել են ռուսները), ի՞նչ ներդրումներ են ֆիքսվել կինոշուկաներում կնքված համատեղ արտադրության պայմանագրերում (ինչպես նշել էինք մենք «Տատիկիս վարսերը» ֆիլմի դեպքում)։
Հրապարակե՛ք ծախսերը և արդյունքների հաշվետվությունները, որ, անկեղծ ասած, ինձ հայտնի են։ ՀՐԱՊԱՐԱԿԵ՛Ք հանրության, այդ թվում՝ կինոհանրության համար, որպեսզի բոլորին պարզ լինի կինոյի պետական կառավարման իմպոտենտ բնույթը։
Հովհաննես ԳԱԼՍՏՅԱՆ
Կինոռեժիսոր
Մեկնաբանություններ